Սեպտեմբեր 09 2016

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

Ներմուծման 2017-19թթ. միջին տարեկան աճը կկազմի 6.1%,

արտահանմանը՝ 7.5%:


Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում դեպի հանրապետություն և հակառակ ուղղությամբ ձևավորվող տնտեսական հոսքերն արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Այն բաղկացած է երկու հիմնական բաժինից՝ ընթացիկ հաշիվ, որը հիմնականում ցույց է տալիս արտահանման և ներմուծման հետ կապված հոսքերը, և կապիտալի ու ֆինանսական հաշիվ, որը ցույց է տալիս կապիտալի ներհոսքն ու արտահոսքը:


Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշ է ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ: Միաժամանակ՝ հարկ է նշել, որ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Հայաստանը համարվում է փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական հոսքերի շարժը դեպի երկիր և երկրից դուրս հնարավորինս ազատականացված է:


Ընթացիկ հաշիվ


Ինչպես ամրագրված է ՀՀ 2017-19թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, 2013-15թթ. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը շարունակել է նվազման միտում դրսևորել հետճգնաժամային` 2010-12թթ. համեմատո: Արտաքին անհաշվեկշռվածությունը աստիճանաբար կրճատվել է. և 2013-15թթ. ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի միջինը 5.9%-ը: Այն առավել բարելավվել է 2015-ին` կազմելով ՀՆԱ-ի 2.7%-ը և 4.6 տոկոսային կետով բարելավելով ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարվա մակարդակը, ինչը հիմնականում պայմանավորված էր համախառն ազգային տնօրինվող եկամտի իրական նվազման հետևանքով ներմուծման նշանակալի անկմամբ: Մյուս կողմից՝ ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը հակազդել է Հայաստան ներհոսող տրանֆերտների և աշխատողների վարձատրության եկամուտների նվազումը, ինչը մեծ մասամբ պայմանավորված էր հիմնական գործընկեր երկիր` Ռուսաստանի տնտեսական զարգացումներով: 


Արտաքին առևտուր 


Նշենք, որ ՄԺԾԾ-ում արտահանումը ներկայացված է ՖՕԲ (FOB- free on board, այսինքն՝ միայն ապրանքների արժեքն ու առաքման վայրում դրանց բեռնման ծախսերը), ներմուծումը՝ ՍԻՖ (CIF- Cost, Insurance and Freight, այսինքն՝ ապրանքների արժեքը, ներառյալ` ապահովագրության ու փոխադրման ծախսերը) գներով, ինչը թույլ է տալիս կատարել հնարավորինս մանրամասն վերլուծություն: 


Այսպես, ցուցաբերելով նվազման միտում՝ արտաքին ապրանքաշրջանառությունը 2013-15թթ. կրճատվել է միջինը 5%-ով` նախորդող 3 տարվա միջին հաշվով երկնիշ աճի պարագայում: Կրճատումն ապահովվել է 2015թ. արտաքին ապրանքաշրջանառության կտրուկ` մոտ 21%-ով նվազման հաշվին, ընդ որում` տեղի է ունեցել և՛ արտահանման, և՛ ներմուծման դոլլարային արտահայտությամբ ծավալների նվազում. Արտահանումը 2015թ. կրճատվել է 4%-ով (1 մլրդ 485.3 մլն ԱՄՆ դոլլար), իսկ ներմուծումը` 26.8%-ով (3 մլրդ 239.2 մլն ԱՄՆ դոլլար): 


Ընթացիկ տարվա հունվար-մայիսին արտաքին ապրանքաշրջանառության աճի միտումները վերականգնվել են. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 6.8% (1 մլրդ 892.7 մլն ԱՄՆ դոլլար)` հիմնականում արտահանման ծավալների 20.1% աճի հաշվին, իսկ ներմուծման ծավալներն աճել են 0.9%-ով: 

 

Ներմուծման 2017-19թթ. միջին տարեկան աճը՝ 6.1%


2013-15թթ. ներմուծման ծավալները դրսևորել են նվազման միտում` միջինը կրճատվելով 7.7%-ով: Ընդ որում` 2013-14թթ. համեստ աճից հետո 2015-ին տեղի է ունեցել ներմուծման անկում. այն դոլլարային արտահայտությամբ կրճատվել է 26.8%-ով, ինչը հիմնականում պայմանավորված էր աշխատողների դրամական փոխանցումների կրճատման հաշվին բնակչության իրական տնօրինվող եկամուտների և սպառողական պահանջարկի նվազմամբ: 


2015թ. ներմուծման կրճատման ամենաբարձր` 5 տոկոսային կետը պայմանավորվել է «Հանքահումքային արտադրանք», 4.2 տոկոսային կետը՝ «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբերի ներմուծման նվազմամբ (համապատասխանաբար 25.5% և 61%): Անցած տարի բոլոր խոշոր ապրանքախմբերի գծով արձանագվել է ներմուծման անկում, բացառությամբ «Սարքեր և ապարատներ» ապրանքախմբի:


Ըստ ապրանքների լայն տնտեսական դասակարգման՝ 2015թ. ներմուծման նվազմանը նպաստել են. «Միջանկյալ սպառման ապրանքները»՝ 16.5 տոկոսային կետով, «Վերջնական սպառման ապրանքները»` 4.7, «Կապիտալ սպառման ապրանքները»` 2, իսկ «Մարդատար ավտոմեքենաները»՝ 3.6 տոկոսային կետերով:


2016թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալները (դոլլարային արտահայտությամբ) նվազել են 3.5%-ով (943.2 մլն ԱՄՆ դոլլար): «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբի 28.6% նվազման հաշվին ապահովվել է ներմուծման կրճատման ամենաբարձր` 2.6 տոկոսային կետը: Ներմուծման կրճատմանը հակազդել է հիմնականում «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» (1.9 տոկոսային կետ) և «Պատրաստի սննդի արտադրանք» (1.7 տոկոսային կետ) ապրանքախմբերի աճը՝ համապատասխանաբար մոտ 61.6% և 19.7%: 


Ըստ ՄԺԾԾ-ի՝ 2016-ի տարեկան արդյունքներով սպասվում է ապրանքների ներմուծման 1.3% աճ (դոլլարային արտահայտությամբ), ինչը հիմնականում պայմանավորված կլինի բնակչության տնօրինվող եկամուտների որոշակի վերականգնմամբ: 2017-19թթ. ներմուծման աճի տեմպը կարագանա, միջին տարեկան աճը կկազմի 6.1%` պայմանավորված հիմնականում դրամական փոխանցումների աստիճանական վերականգնմամբ, ներքին տնտեսության զարգացումներով և բնակչության պահանջարկի աճով, իսկ ապրանքների և ծառայությունների համար` 5.3%:


Արտահանման 2017-19թթ. միջին տարեկան աճը՝ 7.5% աճ


Հետճգնաժամային` 2010-12թթ. երկնիշ միջին աճի համեմատ 2013-15թթ. արտահանման միջին աճը զգալի դանդաղել է` կազմելով 2.6% և, առաջին անգամ ճգնաժամից հետո, 2015թ. արձանագրել ծավալների անկում: 2015թ. արտահանման 4% նվազման (դոլլարային արտահայտությամբ) ամենաբարձր` 4.8 տոկոսային կետը պայմանավորվել է «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», 2.3 տոկոսային կետը՝ «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբերի արտահանման՝ համապատասխանաբար 24.7% և 15.8% կրճատման հաշվին: Արտահանման նվազմանը հակազդել է արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող՝ «Հանքահումքային արտադրանք» ապրանքախումը` 5.9 տոկոսային կետով (23.6% աճ), ինչպես նաև «Մանածագործական իրեր» ապրանքախումբը` 1.2 տոկոսային կետով (35.8% աճ):


Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումն աճել է 22.2%-ով (514.5 մլն ԱՄՆ դոլլար): «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի հաշվին ապահովվել է արտահանման աճի 9.9 տոկոսային կետը (76.5% աճ): Համապատասխանաբար` 7.9 և 3.8 տոկոսային կետով դրական է նպաստել նաև «Պատրաստի սննդի արտադրանք» և «Մանածագործական իրեր» ապրանքախմբերի՝ արտահանման 41.8% և 128.7% աճը: Արտահանման աճին 4.2 տոկոսային կետով հակազդել է «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի 20.8%-ով նվազումը, ինչը հիմնականում պայմանավորված էր միջազգային շուկայում մետաղների գների նվազմամբ:


Չնայած այս տարեսկզբից արձանագրվում է ապրանքների արտահանման բարձր աճի ցուցանիշ, այնուհանդերձ` հիմնական գործընկեր երկրների զարգացումները, միջազգային շուկայում մետաղների գների նվազումը և նախորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսած՝ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ պայմանավորված հանքարդյունաբերության աճը արտահանման առավել զգուշավոր կանխատեսման հիմք են ծառայում: Ըստ ՄԺԾԾ-ի՝ 2016թ. սպասվում է արտահանման 11.7% աճ (դոլլարային արտահայտությամբ): Միջնաժամկետ հեռանկարում, համաշխարհային թողարկման աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում տարվող քաղաքականությանը համահունչ, ակնկալվում է ապրանքների արտահանման միջին տարեկան 7.5% աճ: Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կկազմի շուրջ 5.8%:


Գործընկեր երկրներ 


Հայաստանը, լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին. համաշխարհային տնտեսության մեջ նկատվող միտումներով (մասնավորապես՝ զարգացող տնտեսություններից կապիտալի նկատելի արտահոսքով) և տարածաշրջանային ռիսկերով (ՌԴ տնտեսական զարգացման վատատեսությամբ) պայմանավորված՝ արտարժույթի ներհոսքը հանրապետություն դանդաղեց, նպաստելով նաև տնօրինվող եկամուտների նվազմանը և ՀՀ տնտեսական աճի որոշակի զսպմանը: 


Արտահանման հաշվին արտարժույթի ներհոսքը` հետճգնաժամային տարիներին արտահանման սպասվածից բարձր աճով պայմանավորված, արագ վերականգնվեց: Հայաստանյան ապրանքների նկատմամբ ներկայացնելով հիմնական պահանջարկը` 2013-15թթ. ՀՀ արտահանման 2.6% միջին աճի շուրջ 7.6 տոկոսային կետն ապահովել են. Չինաստանը 3.1, Իրաքը` 2.6, Վրաստանը` 1.2 և Գերմանիան` 0.8 տոկոսային կետ: Նշված երկրներ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են հանքաքար, խարամ, մոխիր, ծխախոտ, Էլեկտրաէներգիա, ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից: Հիմնական մյուս գործընկերների ազդեցությունը արտահանման վրա հիմնականում բացասական է եղել, մասնավորոպես` արտահանման միջինը 19.7% կշիռ ունեցող Ռուսաստանի հաշվին ապահովվել է աճի -0.6 տոկոսային կետը: 


ՀՀ արտահանման աշխարհագրական կառուցվածքը


* Առանձին երկրներով հիմնական պահանջարկը հայաստանյան ապրանքների նկատմամբ որոշվել է՝ ըստ երկիր-ապրանք կտրվածքի ՀՀ ԱՎԾ պաշտոնական  վերջին հրապարակման (տվյալ դեպքում` 2014թ. տվյալների կառուցվածքով):


2013-2015թթ. ներմուծվող ապրանքների նկատմամբ երկրի սպառողական պահանջարկը բավարարվել է մեծ մասամբ Ռուսաստանի հաշվին. ՌԴ մասնաբաժինը միջինը կազմել է ներմուծման 25.9%-ը (հիմնականում ներմուծվում է. հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, գազ, հացահատիկներ և ալյումին): Նշանակալի են նաև Չինաստանից, Գերմանիայից, Իտալիայից ներմուծման մասնաբաժինները (կաթսաներ, սարքավորումներ, էլեկտրական մեքենաներ, ձայնագրող ապարատներ, կահույք, անկողնային պարագաներ, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, դրանց մասեր, քիմիական թելեր): 


Արտահանման և ներմուծման նշված միտումների արդյունքում հիմնական գործընկեր երկրների կազմը գրեթե չի փոփոխվել, մինչդեռ ըստ աշխարհագրական կառուցվածքի` արտաքին առևտրի կշիռները փոխվել են` ԱՊՀ և այլ երկրների մասնաբաժինների աճի ուղղությամբ: Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի փոփոխության արդյունքում 2013-15թթ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառության միջինը շուրջ 29%-ը բաժին է ընկել ԱՊՀ, 26.7%-ը` ԵՄ երկրներին և 44.2%-ը` այլ երկրներին` նախորդ երեք տարիների միջինը 28.2%, 31.1% և 40.7%-ի դիմաց: 


Դրամական փոխանցումներ 


2013-15թթ. ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների ու աշխատողների վարձատրություն դրամական փոխանցումների ծավալը միջինը նվազել է մոտ 7%-ով: 2015թ. դրամական փոխանցումները կազմել են մոտ 1 մլրդ 471 մլն ԱՄՆ դոլլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 29.8%-ով և նպաստելով բնակչության տնօրինվող եկամուտների նվազմանը, տնտեսական ակտիվության և տնտեսական աճի հիմնական շարժիչ ճյուղերի պասիվացմանը: Ընդ որում` անձնական (մասնավոր) տրանսֆերտները տարվա ընթացքում նվազել են 28.7%-ով (մոտ 261 մլն ԱՄՆ դոլլարով), սեզոնային աշխատողների ստացված զուտ աշխատավարձը` 32.2%-ով (շուրջ 314 մլն ԱՄՆ դոլլարով), իսկ շինարարության ոլորտում ծառայություն մատուցող սեզոնային աշխատողների զուտ եկամուտները` 23%-ով (մոտ 48 մլն ԱՄՆ դոլլարով):


Մասնավոր տրանսֆերտների և աշխատողների դրամական փոխանցումների հիմնական աղբյուր է գործընկեր երկրների տնտեսական աճը. ՌԴ և ԱՄՆ միջին աճերը 2013-15թթ. կազմել են՝ համապատասխանաբար -0.6% և 2.3%: 2015թ. դրամական փոխանցումների կառուցվածքում այդ երկրների տեսակարար կշիռները կազմել են՝ համապատասխանաբար 83% և 9%` վկայելով հատկապես ՌԴ տնտեսության զարգացումներից Հայաստան ներհոսող դրամական փոխանցումների մեծ կախվածություն: 2015-ին դրամական փոխանցումների վրա մեծ էր նաև փոխարժեքի ազդեցությունը. դոլլարի նկատմամբ ռուսական ռուբլու ավելի խոր արժեզրկումը հանգեցրել է դոլլարային արտահայտությամբ փոխանցումների էական կրճատման (ռուսական ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների կրճատումը համեմատաբար քիչ էր):

 

Փոխարժեք


2013-15թթ. ՀՀ դրամը ԱՄՆ դոլլարի նկատմամբ շարունակաբար արժեզրկվել է` միջինը շուրջ 5.5%-ով: 2015թ. նախորդ տարվա միջինի նկատմամբ արձանագրվել ՀՀ դրամի անվանական արժեքի 13% արժեզրկում, ինչին մասամբ նպաստել է դեռևս նախորդ տարիներից դիտարկվող կապիտալի ներհոսքի (հիմնականում՝ դրամական փոխանցումների տեսքով) զգալի կրճատումը:


Այս տարվա առաջին հինգ ամսիներին ԱՄՆ դոլլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի վարքագիծը հարաբերականորեն կայուն է: 2016թ. առաջին հինգ ամիսներին միջին փոխարժեքը կազմել է 485.1 ՀՀ դրամ՝ 1 ԱՄՆ դոլլարի դիմաց (2015թ. առաջին հինգ ամիսներին` 477.2)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջինի նկատմամբ արժեզրկվելով 1.6%-ով: Փոխարժեքի նման վարքագիծը համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումների արդյունք է: 


Այսպիսով, ըստ 2017-19թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, միջնաժամկետ հորիզոնում վերոնշյալ միտումների արդյունքում 2016թ. ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2.7%-ը, իսկ 2017-19թթ. այն կհասնի միջինը 3.7% մակարդակի: Ընթացիկ հաշվի բացասական մնացորդի կրճատմանը էապես կնպաստի նաև կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական խստացումը` պետական հատվածի պակասուրդի աստիճանական կրճատման միջոցով:

 

Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ (%)