Սեպտեմբեր 24 2016

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՐԿՄԱՆ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՐԿՄԱՆ ԵՐԵՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Որևէ ներդրող քայլ  չի անի, քանի դեռ Հարկային օրենսգիրքն

իր հստակ կանոններով ակնհայտ չէ, նոր Սահմանադրության հետ կապված օրենսդրական բոլոր փոփոխությունները չեն կատարվել:




Armef News-ի խնդրանքով`

տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը անդրադառնում է

տնտեսության ներկա վիճակին և նոր կառավարության

որոշակի մարտահրավերներին:


Հուլիսի դրությամբ` մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տալիս տնտեսական աճ: Մյուս կողմից` նախորդ տարվա հուլիսի նկատմամբ արձանագրվել է ավելի քան 4% անկում: Այս իրավիճակում, բնականաբար, պետք է հաշվի առնել, որ հուլիս ամիսը քաղաքական իրադարձություններով լեցուն, ռիսկային ամիս էր, ու հասկանալիորեն` կար նվազման սպասում: Բայց եթե հարցին մոտենում ենք ամսեամիս միտումների տեսանկյունից, ապա մարտ ամսից սկսած՝ տնտեսական աճի մեջ այդ նվազման տեմպը գոյություն ունի: Այս պահի դրությամբ՝ այն 3% է, ու եթե մինչև տարեվերջ պահպանվի նույն մակարդակին, ապա բացարձակ թվով դա կտատանվի 300-350 մլն ԱՄՆ դոլլարի շրջանակներում: Ստացվում է, որ մենք յուրաքանչյուր ամիս 40-50 մլն դոլլար պարտք ենք վերցնում: Այսինքն՝ տարվա հաշվարկով նվազագույնը 600-700 մլն դոլլար պարտք է կուտակվում մեր ունեցած արտաքին պետական պարտքի վրա: Հետևաբար՝ մեր պարտքը կրկնակի ավելի է, քան այդ տարվա ապահոված տնտեսական աճը: Իսկ դա նշանակում է, որ մենք բյուջեի կատարման խնդիր ենք ունենում՝ հարկային եկամուտների առումով, որ տնտեսական դժվարությունները ոչ թե պակասում են, այլ ավելանում:

 

2009թ. ի վեր չենք կարողանում շինարարությունը ոտքի կանգնեցնել: Շինարարության մոտ 7-8% անկումը ևս փաստում է, որ տնտեսության մեջ լոկոմոտիվի դեր կատարող հիմնական ճյուղերից մեկը մի քանի տարի շարունակ կայուն նվազման միտումներ է դրսևորում: Գյուղատնտեսության ոլորտում նույնպես առկա է աճի տեմպերի նվազում, որ այս տարվա 7 ամսվա կտրվածքով կազմում է մոտ 1.3%, ինչը գուցե նախորդ տարվա տեմպերի համեմատ նորմալ է, բայց միևնույն է՝ դա նվազում է: 

 

7 ամսվա կտրվածքով՝ տնտեսությունը լուրջ ցնցումներ է կրել: Դա փչացրել է մեր ներդրումային վարկանիշը, և Հայաստանը ներդրումային միջավայրի կոնկրետ բարելավման խնդիր ունի: Սա մեր ունեցած երեք կարևորագույն հնարավորություններից մեկն է: Ներդրումներից զատ, մենք ունենք ընդամենը երկու` պարտք վերցնելու և ներքին ռեսուրսներն օգտագործելու հնարավորություններ: Պարտք մեզ, որպես այդպիսին, չեն տալիս, որովհետև 50%-ի շեմը անցել ենք, կարող ենք հասնել մինչև 60%-ը, բայց դա ընդամենը 1 մլրդ դոլլարի պարտք է, ու եթե դա էլ սպառենք, նորից պետք է շեմ բարձրացնել: Այս պարագայում արդեն խիստ ռիսկային է դիմել պարտքի գործիքին: Ինչպես վերևում ցույց տվեցինք, պարտք ավելի շատ է վերցվում, քան տնտեսական աճն է: Այդ պարտքի սպասարկման խնդիրը հետագայում հառնելու է մեր երկրի առջև ու լուրջ խոչընդոտներ առաջացնի ամբողջ հարկային և բյուջետային քաղաքականության մեջ: 


Ներդրողը փնտրում է նորմալ միջավայր, որն առնչություն չի ունենա պատերազմական դրության հետ, չի ունենա քաղաքական ռիսկեր: Մենք ունեցել ենք պատերազմական իրավիճակ, դրա վտանգը միշտ կա, ունեցանք քաղաքական ցնցում, երկրորդն էլ սպասվում է ապրիլ ամսին` ընտրությունների տեսքով: Հարկային օրենսգիրքը փոփոխության է ենթարկում, ու որևէ ներդրող, մինչև Հարկային օրենսգիրքն իր հստակ կանոններով ակնհայտ չլինի նրա համար, քայլեր չի անի: Կսպասի օրենսգրքի վերջնական, հաստատված տարբերակին, որ հասկանա, թե ինչ միջավայրում, ինչ դաշտում է գործելու: Ավելին՝ կան հսկայական թվով օրենքներ, որոնք Սահմանադրության փոփոխության արդյունքում պետք է վերանայման-փոփոխության ենթարկվեն: Սա ևս մեկ օրենսդրական բնույթի ցնցում է, որ ծառացած է մեր պետության, մեր նոր կառավարության առջև:

 

Հետևաբար՝ տնտեսության ներարկման առումով մնում են ներքին ռեսուրսները՝ ի դեմս հիմնականում ստվերային տնտեսության ու մենաշնորհների դեմ պայքարի: Իսկ դա դժվար թե տեղի ունենա մինչև ապրիլ, որովհետև դա այն ռեսուրսն է, որը սպասարկում է նաև ընտրությունները: Հետևաբար՝ սա ևս մեկ դաշտ է, որը տնտեսության համար որպես ներքին ռեսուրս կարող է ծառայել միայն ստիպողաբար, ինչը քիչ հավանական է: Ավելին՝ չի բացառվում, որ զգուշությունից ելնելով՝ մարդիկ այդ ամիսներին իրենց կապիտալը հանեն երկրից ու սպասեն ընտրությունների արդյունքներին: 

Ներդրումներից ավելի լուրջ ցուցանիշ գոյություն ունի՝ զուտ ներդրումները. որքան ներդրում է կատարվում Հայաստանում և որքան ներդրումների տեսքով գումար է դուրս գալիս Հայաստանից: Այդ հաշվեկշիռը շատ ավելի կարևոր է: Պետք է խոսել այն մասին, թե որքան ներդրում է մնում Հայաստանում: Սա է իրական ցուցանիշը և ոչ միակողմանի ներկայացվածը, թե որքան ներդրում մտավ Հայաստան: Պետք է դրանց տարբերության մասին խոսվի: 


Այս խնդիրները, անկախ ամեն ինչից, ծառացած են մեր երկրի առջև, և նոր կառավարությունն իր ծրագրերը մշակելիս կամա-ակամա պետք է դրանք հաշվի առնի: