Օգոստոս 01 2015

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է

 Մեր մշակած ծրագիրը ԱՄՆ զինվորներին օգնում է Աֆղանստանում, Իրաքում և այլուր գտնել ահաբեկիչների: 


Վահան Շաքարյան

Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերության նախագահ

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակի ու տարածաշրջանային բազմաթիվ գործոնների բերումով` տեխնոլոգիական զարգացումը միակ ճանապարհն է, որ կարող է էապես փոխել մեր տնտեսությունը, քանի որ Հայաստանում արդյունաբերական մյուս ուղղությունները զարգացնելն ավելի ծանր է ու դժվար, որովհետև արտահանման հետ կապված, թեկուզև տրանսպորտային, բազմաթիվ ու լրջագույն խոչընդոտներ կան: 

Մեր հիմնական աշխատանքը ֆորենզիկ գիտությունն է

Հայաստանում ազատ տնտեսական գոտի Մերգելյան ինստիտուտում պլանշետների արտադրությունը մեր աշխատանքի փոքր մասն է միայն: Մեր հիմնական աշխատանքը ֆորենզիկ գիտությունն է (Forensic science): Այն ուսումնասիրում է էլեկտրոնիկայի հետ կապված ամեն ինչ. տեղեկատվության վերահսկում, վերականգնում, գաղտնի ու բացահայտ փոխանցում: Ֆորենզիկը տարբեր գիտությունների (հոգեբանություն, մանկավարժություն, կենսաբանություն, տնտեսագիտություն, ֆիզիոլոգիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում, ինժեներիա և բազում այլ գիտություններ) համագործակցություն է: 

Մեր մշակած ծրագրերի շնորհիվ ամերիկացի զինվորները որսում են ահաբեկիչների

Technology and Science Dynamics ընկերության մշակած ծրագրերից մեկը Միացյալ Նահանգների զինվորներին օգնում է Աֆղանստանում, Իրաքում և այլուր գտնել ահաբեկիչների: Ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգիչներում վերականգնել «ջնջված» տեղեկատվությունը: Ընկերության ստեղծած մեկ այլ գործիք ավելի քան երկու տարի է տեղադրել են ԱՄՆ սահմանամերձ գոտիներում, նարկոթրաֆիքինգի ճանապարհահատվածներում, ու դրա շնորհիվ այդ տարածքներում վերականգնում են հեռախոսներից ջնջված տեղեկատվությունը, նկարները, հեռախոսազանգերը և գտնում փնտրվողին: Բնականաբար` նման արտադրանքը զանգվածային վաճառքի չի հանվում:

Միացյալ Նահանգներում գործող իմ ընկերությունը ավելի քան 10 տարի է զբաղվում առավելապես ֆորենզիկի հարցերով: Հայաստան գալու իմ սկզբնական նպատակն էր այստեղ հիմնել իմ ընկերության` Technology and Science Dynamics-ի դուստր ձեռնարկությունը, բայց պարզվեց, որ ըստ «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի` պետք է հիմնել առանձին հայկական կազմակերպություն, առանց դուստրական կապերի: Հետևաբար`  բացվեց հայկական TSD ընկերությունը: 

Ամեն ինչ սկսվեց «Մերգելյան ակումբից»

Փորձում ենք Հայաստանում պատրաստել ֆորենզիկի գծով մասնագետներ: Մենք ունենք կադրային համապատասխան բանկ` ի դեմս շատ խելացի, կիրթ փայլուն երիտասարդության: Լինելով լուրջ ներուժ կրողներ` նրանց պատրաստվածության աստիճանը, ցավոք, դեռևս թույլ է: Շատ կիրթ ու շատ զարգացած են, բայց դեռևս համապատասխան մակարդակի չեն, հավելած, որ գիտության այս ուղղությունը նոր է, դրան վերաբերող տեղեկատվությունը` քիչ: Թերևս այդ պատճառով էլ ֆորենզիկ գիտության առումով մասնագետներ այստեղ դեռևս չունենք, բայց հայաստանյան մեր 6-7 ամսվա գործունեության ընթացքում ձևավորել ենք մի փոքր խումբ, որն արդեն ստեղծում է որոշակի բաներ: 

Շատ բարձր գնահատելով եղած ներուժը` այդուհանդերձ չէի սպասում, որ մեր երեխաները կարող են այդքան արագ ընկալել բարդ նորագույնը: Դրա սկիզբը ես համարում եմ «Մերգելյան ակումբը», որ այս տարի ենք ստեղծել: Երբ տարբեր մասնագիտությունների երիտասարդներ գալիս են ակումբ, ու մենք նրանց ներկայացնում ենք խնդիրը, նրանք սկսում են մտածել, և յուրաքանչյուրն իր տեսանկյունից է դիտարկում առաջադրված խնդիրը: Այդ ամենի արդյունքում էլ ծրագրավորողն ու դիզայները անում են իրենց աշխատանքը: Հիմա «Մերգելյան ակումբում» ունենք բազմաթիվ ուղղություններով մասնագետներ: Ով ասես կա մեզ մոտ: Շատերը, չպատկերացնելով` ինչ է ֆորենզիկ գիտությունը, զարմանում են, թե լեզվաբանը կամ հոգեբանն ու բժիշկը մեզ մոտ ինչ կարող են անել: Մինչդեռ կարող են` և շատ բան: 

Այսօր ողջ աշխահում ֆորենզիկ գիտությունը 700 մլրդ դոլլարից ավելի շուկա ունի: Այս ոլորտում աշխարհում մասնագետների պահանջարկը ավելի քան 92% է:

Հիմա ամեն բան արվում է, որ մի քանի տարվա ընթացքում պատրաստված մասնագետների շնորհիվ ֆորենզիկի շուկայից թեկուզև աննշան մաս բերվի Հայաստան: Եթե 5 տարի հետո մենք կարողանանք այդ շուկայից 0.003% բերել Հայաստան, որ պահանջվող արտադրանքն այստեղ պատրաստենք, դրա շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի բյուջեից 5 անգամ ավելի փող բերել երկիր: 

Եթե ծրագիրը 3 նոր աշխատատեղ է բացելու, ես ֆինանսավորում եմ

«Մերգելյան ակումբն» աշխատում է կամավորության սկզբունքով` հունվար ամսից: Մենք հունվարի 15-ին ենք մտել Մերգելյան ինստիտուտի (ազատ տնտեսական գոտու) տարածք, աշխատել սկսել ենք փետրվարի կեսերից: Ուղղակի մեր մասին սկսել են գրել շատ ավելի շուտ, և մարդկանց մոտ թյուր տպավորություն է ստեղծվել. երբեմն հարցնում են` այդքան ժամանակ է այստեղ եք ու բան չե՞ք անում: Իրականում մենք աշխատում ենք հազիվ 3-4 ամիս: Անցած տարվա դեկտեմբերին ունեինք մոտ 30 աշխատող, այսօր` ավելի քան 110: 

Մենք աշխատանքի ենք ընդունում փոքր-ինչ այլ կերպ: Ցանկացած երիտասարդ մասնագետ կամ գիտնական կարող է գալ մեր ակումբ ու ներկայացնել իր գաղափարը, նախագիծը, ակումբի ներկա մասնակիցներն էլ ակտիվ քննարկում են այն: Ընդ որում` գալիս են ոչ միայն անհատներ, այլև թիմով: Ծրագրի ներկայացումից ու քննարկումներից հետո արդեն հստակեցվում է, թե որքանով է առաջարկված ծրագիրը արդիական: Եթե այդպիսին է, այն շատ արագ կարող է startup դառնալ ու ֆինանսավորվել: Եթե դրա արդյունքում երեք նոր աշխատատեղ է բացվելու, ես ֆինանսավորում եմ: Ֆինանսավորել ասվածն այնպես չէ, որ թիմը կամ անհատը գումարը ստացավ ու ինչ ուզի` կանի: Աշխատում ենք համատեղ: Ծրագրի հեղինակին մտավոր սեփականության առումով որևէ պահանջ չենք ներկայացնում: Որևէ պայման չի դրվում, որ գործը հաջողելու դեպքում մեր ընկերությանը մասհանում արվի: Նման պայմանագիր չի կնքվում: Հակառակը` ճշտում ենք անհրաժեշտ գումարի չափը, ու եթե այլ ֆինանսավորող չի գտնվում, ֆինանսավորում եմ ամբողջությամբ: 

Ամիսներ առաջ մի ծրագիր առաջարկվեց: Ուսումնասիրեցինք: Համաձայնեցի անհրաժեշտ գումարը տրամադրել, ծրագրի հեղինակը հրաժարվեց` պատճառաբանելով, որ չի կարող կազմակերպել և առաջարկեց մեզ մոտ աշխատանքի անցնել` միաժամանակ այդ ծրագիրը մեր թիմում իրականացնել: Առաջարկն ընդունվեց: Նախագիծ ենք համաֆինանսավորել` ներդնելով 40 հազար դոլլար: Այդքան գումար էլ տվել է ՀԲ-ն: Հիմա այդ ծրագիրն իրականացնող խմբի համար աշխատանքային տարածք ենք վարձակալել. և կազմակերպչական աշխատանքներ են տարվում: Սրանք արդեն ունեն 5-7 աշխատող: 

Երրորդ նախագիծը, որ կապված է գյուղատնտեսության հետ, դեռևս չենք ֆինանսավորել: Նախագծի ներկայացմանը մասնակցած միջազգային 12 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք ծրագիրը: Ես պատրաստ եմ միջազգային կառույցների ներդրածի չափով ֆինանսավորել, իսկ դրա բացակայութան պարագայում կֆինանսավորեմ ամբողջությամբ: 

Փակ ծրագրերի պարագայում հրավիրում ենք հատուկ մասնագետների

Չորրորդ, հինգերորդ ծրագրեր էլ կան, բայց դրանք «փակ են». նման ծրագրերի մասին չեն բարձրաձայնում: Եվ դրանք «Մերգելյան ակումբում» իրականացվում են այլ մոտեցմամբ: Այս պարագայում հրավիրում ենք հատուկ մասնագետների, ես ներկայացնում եմ գաղափարը և առաջարկում են հայտնել իրենց կարծիքները: Քննարկումներ են լինում: Աշխատում ենք երկու տարբեր սցենարով: 

Անձի վրա ներդրումների հարցում խնայողությունը անհեռատեսություն է

Մենք աշխատողների խնդիր չունենք: Ես կտրականապես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր համարում են, որ այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատուժի պակաս կա: Հարցն երկու երես ունի: Եթե փնտրում ես բարձրակարգ` սուպերմասնագետի, որ աշխատանքի մտնելուն պես սկսի «արտադրանք» տալ, խիստ պակաս կա, կարելի է ասել` գրեթե չկա: Բայց այսօր պետք է դրսևորվի այլ մոտեցում. պետք է տվյալ անձն ունենա որոշակի պատրաստվածություն, իսկ ես էլ ներդրում կատարելով` նրան կարճ ժամանակամիջոցում դարձնեմ այն մասնագետը, որ ինձ պետք է: Հայաստանյան ՏՏ ոլորտի կազմակերպությունները, որպես կանոն, ափսոսում են անձի վրա ներդրումներ անել: Միակ ընկերությունը, որ իր մասնագետների վրա ներդրումներ է կատարում, «Սինոփսիսն» է: 

Մեր համալսարաններում չկան ֆորենզիկի մասնագետներ: Մենք պատրաստում ենք այստեղ` մեզ մոտ: Հիմա հայաստանյան 6 համալսարանների հետ պայմանագիր ունենք և փորձում ենք ֆորենզիկի ծրագիրը դարձնել կրթական ծրագիր, որ դասավանդվի, մասնագետներ պատրաստվեն: Առաջին հերթին պետք է դասախոսներ ուղարկենք, որ գնան մեկ-երկու տարի սովորեն ու գան` դասավանդեն: 

Մեր ֆոնդին կից այսօր ունենք 20-ից ավելի խորհրդատուներ` ԱՄՆ ու Եվրոպայի տարբեր համալսարաններում աշխատող հայ և ոչ հայ պրոֆեսորներ, որ հասանելի են մեր բոլոր անդամներին` սկայպով, ինտերնետ կապով քննարկելու, խորհրդակցելու ցանկացած հարց: Բացի այդ, ամռանը դրսից բերելու ենք պրոֆեսորներ, որպեսզի այստեղ դասավանդեն: Հայաստանում ևս ունենք երիտասարդ, բայց փորձառու դասախոսներ: 

Մենք փող ուզող չենք, ներդրող ենք

Ի տարբերություն մյուս ընկերությունների, որոնք փորձում են աշխատել պաշպանության  և այլ գերատեսչությունների հետ, մենք այլ մոտեցում ունենք. երբեք չենք ասել ու չենք ասի, թե նման գաղափար ունենք` փող տվեք, որ կյանքի կոչենք: Մենք մեր գումարներով դա անում ենք, ներկայացնում ենք իրենց և առաջարկում ճշտել` մեզ, մեր երկրին դա պետք է, թե ոչ: Եթե պատասխանը լինում է բացասական` նոր միայն մտածում ենք այդ ապրանքը դրսում վաճառելու մասին: 

Պետք է ցույց տանք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր է

«Սեպտեմբերին պատրաստվում ենք Եվրոպայով մեկ ավտոարշավ կազմակերպել: Ավտոարշավը խենթ գաղափար է, որի անձնական փորձն ունեմ: Երկու անգամ մասնակցել եմ նման ավտոարշավների: Սա հետաքրքիր ծրագիր է, որ հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանը և Հայաստանում ստեղծվող բարձր տեխնոլոգիաները Եվրոպայում: 

Այսօր մեզ համար ՏՏ ոլորտի եվրոպական շուկան շատ կարևոր է: Որպես կանոն` առայժմ հիմնականում այնպիսի մեխանիզմ է գործում, որ առավելապես պատվիրատուի և կատարողի ուղղակի շփում գրեթե չկա: Ամեն ինչ արվում է առավելապես միջնորդավորված: Մինչդեռ մեզ պետք է մեծանալ: Մեզ թվում է, որ մեր մասին շատ գիտեն, բայց իրականում չգիտեն: Այնտեղ հաճախ տեղյակ էլ չեն, որ գործը, որ տրվել է ինչ-որ մեկին, արվում է Հայաստանում: Ավտոարշավն առիթ է, որ մենք գնանք ու Եվրոպայում այդ ամենը ներկայացնենք: Դրա համար պետությունից փող չենք ուզել: Ներդրումը ես եմ անում ու հովանավոր ունենք: Փորձում ենք այս խենթ գաղափարով Եվրոպային ցույց տալ, հասկացնել, որ Հայաստանը բարձրակարգ տեխնոլոգիաների երկիր է: