Դեկտեմբեր 02 2016

Պետք է գյուղացու նկատմամբ ազնիվ լինել

Պետք է գյուղացու նկատմամբ ազնիվ լինել

Այսօր ամեն կերպ փորձ է արվում գյուղացուն քամել, նրանից վերցնել

առավելագույնը, իսկ մշակող օղակում, ի հաշիվ գյուղացու դառն աշխատանքի,

բազմապատիկ ավելի եկամուտ ապահովելը նորմալ է դիտվում:




Armef News-ի խնդրանքով` Հայաստանի գյուղատնտեսության

զարգացման իր տեսլականն է ներկայացնում ոլորտի եզակի գիտակներից

Գառնիկ Պետրոսյանը, ով այս ոլորտում է շուրջ 4 տասնամյակ,

որից շուրջ 20 տարին Գյուղատնտեսության նախարարությունում`

որպես Բուսաբուծության զարգացման վարչության պետ,

վերջին մի քանի տարին` գյուղատնտեսության նախարարի տեղակալ:


Գյուղացուն պետք է վերաբերվել որպես գործընկերոջ


Պետք է կտրուկ փոխվի վերաբերմունքը գյուղի և գյուղացու, նրա աշխատանքի նկատմամբ: Հարգել է պետք այդ աշխատանքը: Ցավոք, իշխող է այն մտայնությունը, որ գյուղացին պարտավոր է աշխատել նույնիսկ չնչին եկամտով, մինչդեռ մշակող օղակում, ի հաշիվ գյուղացու դառն աշխատանքի, բազմապատիկ ավելի եկամուտ ապահովելը նորմալ է դիտվում: Գյուղացուն պետք է վերաբերվել որպես գործընկերոջ, հավասարը հավասարի: Դրա բացակայության արդյունքում է, որ գյուղացին այսօր ծանր վիճակում է: Կհետևի, որ գյուղն ու գյուղատնտեսությունն են ծանր վիճակում: Մինչդեռ երկիրը պահողը գյուղն է:


Թեև վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում արձարագրվել է որոշակի աճ` բերքատվության և համախառն արտադրանքի ավելացման տեսքով, այդուհանդերձ` դրանից գյուղացու վիճակը չի լավացել, ու դրա պատճառները բազմաթիվ են: Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը մատուցվող ծառայությունների, սպասարկումների գները աճել ու աճում են, մինչդեռ գյուղմթերքի իրացման գները` շատ դեպքերում նվազել ու նվազում են: Բայց ծանր վիճակը միայն դրանով չէ պայմանավորված: 


Չունենք զարգացման հստակ ռազմավարություն


Նման իրավիճակի գլխավոր պատճառը թերևս այն է, որ մինչև հիմա չունենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման հստակ ռազմավարություն: Յուրաքանչյուր կառավարություն կամ նախարար փոխվելուց հետո նախկինում արված ամբողջ աշխատանքը դրվում է մի կողմ, ու սկսում են զրոյից` իրենց հասկացածի ու պատկերացրածի շրջանակներում: Մյուս կողմից` եղած ռազմավարական բոլոր ծրագրերը 80-100 էջանոց են, որի կարիքը բնավ չկա: Անհրաժեշտ է 10-15 էջի վրա հստակ շարադրել գյուղատնտեսության այն ճյուղերն ու հիմնական ուղղությունները, որոնք մեր երկրի համար հեռանկարային են և կարող են ապագա ունենալ: Դրանք են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծության որոշ ուղղություններ, հացահատկի արտադրությունը, սննդարար կերային մշակաբույսերի արտադրությունը, կարտոֆիլաբուծությունը և հասկանալի է` անասնապահությունը: 


Կտրում են ճյուղը, որի վրա նստած են


Խաղողագործությունը մեր տնտեսության «տանող» ճյուղերից մեկն է, թերևս ամենակարևորն ու ամենահեռանկարայինը: Բայց դրսևորվող վերաբերմունքը բացարձակապես չի նպաստում այս ոլորտի զարգացմանը: Ավելին` նման վերաբերմունքի շարունակման դեպքում ճյուղի վաղվա օրը խիստ մշուշոտ է: Վերջին մեկ-երկու տարիներին սկսել ու աստիճանաբար ավելի մեծ ծավալների է հասնում այգիների քանդման գործընթացը: 


Ոլորտը ներառվել է տնտեսության առաջնահերթությունների մեջ: Տրամաբանական է, որ ոլորտի նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի, բայց չկա պետական որևէ վերաբերմունքի դրսևորում: Շուկայական հարաբերությունների անվան տակ հասել ենք այն բանին, որ վերջին տարիներին մթերող ընկերությունները, որոնք կան խաղողի շնորհիվ, իջեցնում են խաղողի մթերման գինը: Թե ինչ եղավ 2015-ին` բոլորս տեսանք: Այս տարի ոլորտի երկու խոշոր մթերող ընկերությունները մթերման գինը կգ-ն 150 դրամից իջեցրին 130-ի, մնացածն էլ, օգտվելով դրանից, մթերման գինը սահմանեցին 120-80 դրամի միջակայքում: Ով` ինչպես կարողացավ հաջողեցնել: 


Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ խաղողի 1 կգ-ի ինքնարժեքը կազմում է շուրջ 100 դրամ` 1 հա-ից 20 տոննա բերք ապահովելու դեպքում: 130 դրամով մթերելու պարագայում 1 հա-ից ստացվող եկամուտը կազմում է 600-700 հազար դրամ: Ու եթե հաշվենք, որ այս ոլորտում աշխատանքները սկսվում են մարտի սկզբին, ավարտվում` նոյեմբեր-դեկտեմբերին, և այդ աշխատանքները իրականացնում է ընտանիքի երեք-չորս անդամ, ապա յուրաքանչյուրի ամսական եկամուտը 20-30 հազար դրամ էլ չի կազմում: 


Մեկ կգ խաղողից ստացվում է 700 գրամ գինեհումք, նույնն է` թե մեկ շիշ գինի: Վերամշակողները շարունակաբար դժգոհում են, որ գինին կամ կոնյակը չի իրացվում: 130 դրամով հումք են գնում և վաճառում` սկսած 1500 դրամից ու ավելի` մթերման գնից 5-6, նույնիսկ 10 անգամ ավելի: Հասկանալի են` արվող ծախսերը, հարկերը, բայց ինքնարժեքի նկատմամբ գնի բազմապատիկ թանկ լինելն արդյո՞ք հիմնավորված է, էլ չեմ խոսում կասկածելի որակի մասին: Երկու տարբեր սուպերմարքեթներից վերցված նույն գործարանի նույն գինի հաճախ տարբեր որակի է լինում:


Նույնը` կոնյակի պարագայում: Պարզ չէ, թե մի շարք ձեռնարկություններ ինչ սպիրտով են հայկական կոնյակ արտադրում: Հսկայական քանակությամբ սպիրտ է ներմուծվում հանրապետություն և հայկական ծագման խմիչքի տեսքով հրամցվում շուկային, ընդ որում` թե՛ ներքին և թե՛ դրսի: Այդ պատճառով էլ այսօր ռուսական շուկայում մեր մի շարք ընկերությունների խմիչքի նկատմամբ արհամարհանք ու հակակրանք կա: Դրանով իսկ վարկաբեկվել է հայկական կոնյակի համբավն ընդհանրապես: Աստիճանաբար ռուսական շուկայից դուրս ենք մղվում: Կա օրենք կոնյակի արտադրության մասին` առ այն, որ կոնյակը պետք է արտադրվի հայկական խաղողից պատրաստված սպիրտով: Մինչդեռ շատ հաճախ այդպես չէ և փորձաքննության էլ չի ենթարկվում` ճշտելու, թե տվյալ կոնյակը արդյոք խաղողի սպիրտից է պատրաստված: Մինչդեռ այդ դեպքում հնարավոր կլիներ վերահսկել շուկան: Լավ է գոնե, որ ժամանակին ԵԿԳ-ն վաճառվեց ֆրանսիացիներին: Այլապես եթե ԵԿԳ-ն այս կարգավիճակում չլիներ, ամեն ինչ անհամեմատ վատ կլիներ: ԵԿԳ-ն այս տարիների ընթացքում զսպաշապիկի դեր է կատարել ու կատարում:


Նման պայմաններում չես հասկանում վերամշակող ընկերությունների շարունակական դժգոհությունները: Հասել են նրան, որ առաջարկում են խաղողի ինքնարժեքն իջեցնել, հետևաբար և վաճառքի գինը, որ շահեկան լինի: Տարիներ շարունակ ԱԺ պատգամավորների, մշակող ձեռնարկությունների տնօրենների, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով խոսակցություն էր ընթանում` խաղողի գնի նվազեցման, 70-80 դրամի հասցնելու մասին, ինչի առաջին կոնկրետ քայլերն արվեցին 2015-16թթ.: 


Խաղողի ինքնարժեքի նվազեցման համար հարկավոր է ներդնել ինտենսիվ սորտեր, ինտենսիվ տեխնոլոգիաներ, բարձրացնել մեքենայացման մակարդակը: Իսկ դրանց համար ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք, որի հնարավորությունը մեր գյուղացին պարզապես չունի: Դա հասանելի չէ այսօրվա գյուղացուն:


Խաղողագործության ոլորտում պետք է պահպանենք մեր ազգային հարստությունը, բայց դրա հետ մեկտեղ` ժամանակը նորանոր պահանջներ է առաջադրում, և անհրաժեշտ է աստիճանաբար պահանջարկ վայելող սորտեր ներմուծել դրսից ու օգտագործել գինեգործության մեջ: Ժամանակն է, որ մենք լավ ապրանքային տեսքով, բարձր բերքատու, սեղանի փոխադրունակ նոր սորտեր ներմուծենք ու բազմացնենք: Եթե ուզում ենք ոլորտը դարձնել շահութաբեր` պետք է շուկայի պահանջներին համահունչ քայլեր իրականացնենք: 


Այսօր Արարատյան հարթավայրի բոլոր տարածաշրջաններում ունենք ֆիլոքսերայի օջախներ: Այս առումով ներկայացվող պատկերը խիստ մեղմացված է: Իրականում վիճակն ավելի վատ է: Դրա համար էլ հնարավորինս արագ կոնկրետ, մասնագիտորեն հիմնավորված հստակ քայլեր պետք է արվեն: 


Հացը վաճառվում է ինքնարժեքից եռակի թանկ


Ցորենի արտադրությունը հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի` այն պատճառով, որ մենք պատերազմական իրավիճակում ենք: Մյուս կողմից էլ Հայաստանում կան տարածաշրջաններ, որտեղ բացի աշնանացան ցորենից ու կերային մշակաբույսերից, այլ բան պարզապես չի աճում: 


ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ցորեն ու ալյուր ներմուծողները մաքսատուրքեր և այլ հարկեր չեն վճարում (ցորենը նախկինում էլ չէր մաքսազերծվում), և հիմա շատ ցածր գնով մեծաքանակ ալյուր է ներմուծվում` խիստ սահմանափակելով տեղական արտադրության ցորենի պահանջարկը: ՌԴ-ից ցորեն են ներմուծում կգ-ն շուրջ 70-80 դրամով: Մեզանում արտադրված ցորենի ինքնարժեքը մոտավորապես այդքան է, երբեմն` նույնիսկ ավելի: Արդյունքում` գյուղացին այս տարի չկարողացավ ցորենի արտադրությունից թեկուզև չնչին եկամուտ ապահովել: Նախորդ տարիներին էլ այդ առումով ավելի լավ վիճակ չէր: 


Նման պայմաններում անիմաստ է դառնում այդ տարածաշրջաններում հացահատիկ մշակելը, և շատ դեպքերում մարդիկ ստիպված վարելահողերը թողնում են խոտհարքի տակ, որոնք ի վերջո` վերածվում են արոտավայրի: Այդ տարածքները հաշվարկվում են տասնյակ հազարավոր հեկտարներով: Հացահատիկը մեզ համար ռազմավարական նշանակության ապրանքատեսակ է, և պետությունը պետք է որոշակի գործիքներ օգտագործի, որպեսզի պաշտպանի ցորեն արտադրողին ու նրա արտադրանքը: Պետությունը պետք է ցորենի համար նվազագույն գին և ըստ որակի` գնային սանդղակ սահմանի:

 

Մյուս կողմից` մեկ կգ ցորենից ստացվում է 700 գրամ ալյուր, որը համարժեք է 1 կգ հացի: Փաստացի 1 կգ հացը վերջնադյունքում, բոլոր ծախսերով հանդերձ, արժենում է 150-160, առավելագույնը` 180 դրամ, մինչդեռ վաճառվում է 450-500 դրամով: Փաստորեն` ինքնարժեքից եռակի թանկ, երբ որակն էլ ավելի հաճախ խնդրահարույց է: Այստեղ էլ արտադրողը որևէ շահույթ չունի, մինչդեռ վերամշակողը` կրկնակի-եռակի: 


Պետք է հեղաշրջում իրականացվի


Պտղաբուծության ոլորտում պետք է հեղաշրջում իրականացվի, որովհետև այգիների մշակությունն ու ընդհանրապես ոլորտում կիրառվող ագրոտեխնիկական միջոցառումները գրեթե նույնն են, ինչ 50 կամ 100 տարի առաջ: Մեր արտադրանքի մեջ ապրանքայնության մակարդակը շատ ցածր է: Արտադրված մեկ տոննա ծիրանից բարձրորակ է լինում ընդամենը 200 կգ-ն: Մինչդեռ այդ ցուցանիշը պետք է լիներ 800-900 կգ: 


Աշխարհն այս ոլորտում զարգացման այլ ուղղություն է ընտրել: Աշխարհում զարգանում է ինտենսիվ այգեգործություն, որտեղ 1 հա-ի վրա տնկվում է 2-3 հազար ու ավելի ծիրանենի կամ մինչև 5 հազար ծառ խնձորենի: Հայաստանում, հատկապես` Կոտայքի մարզում, նման օրինակներ արդեն կան: Ծառը բերք է տալիս երկրորդ տարում, իսկ երրորդում արդեն անցնում է լիարժեք բերքատվության: Իհարկե` սա ծախսատար գործընթաց է: Դրա համար էլ, եթե ուզում ենք ինքնարժեքն իջեցնել, որակյալ այգի ունենալ, մեծաքանակ բերք արտադրել ու արտահանել, պետք է ոլորտում լուրջ գումարներ ներդնել: Այս ոլորտը ևս պետությունը պետք է վերցնի լուրջ հսկողության տակ: 


Հատկապես կորիզավոր պտուղների նկատմամբ աշխարհում պահանջարկը բավական մեծ է: Ռուսական շուկայում դրանց իրացման առումով մենք երբևիցե որևէ խնդիր չենք ունեցել ու չենք կարող ունենալ: Կորիզավոր պտուղների շատ մեծ պահանջարկ կա արտաքին շուկայում: Գոնե այս հարցում ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում մենք կարող ենք թելադրել: Բայց չպետք է կենտրոնանանք միայն ռուսական շուկայի վրա: 


Հայաստանը լոլիկի մածուկի լուրջ ներմուծող է, իսկ 

ԽՍՀՄ-ում մեր լոլիկի մածուկը մրցակից չուներ


ԽՍՀՄ-ում մեր լոլիկի մածուկը մրցակից չուներ, ԽՍՀՄ-ից հետո էլ որոշակի տեղ ունեինք լոլիկի մածուկի շուկայում: Մինչև 6000-7000 տոննա մածուկ էինք արտահանում և իրացնում: Հիմա Հայաստանը մածուկի լուրջ ներմուծող է: Մի կողմից հայտարարվում է, որ վերամշակողները լոլիկի մեծ պահանջարկ ունեն, մյուս կողմից` լոլիկի մթերման գինն իջեցնում են: Վերջին մի քանի տարին լոլիկը մթերվում էր կգ-ն 40 դրամով, այս տարի` 33 դրամով: 


Բանկերը գյուղացուն գործընկեր չեն


Այսօրվա բանկային խիստ բարձր տոկոսադրույքները ոլորտի զարգացման որևէ հնարավորություն չեն թողնում: Բանկերը նման կեցվածքով գյուղատնտեսությանը, գյուղացուն գործընկեր չեն: Գյուղացիներն այսօր մի բանկից վարկ են վերցնում` մյուսի պարտքերը մարելու համար: Այս առումով լուրջ փակուղու առջև ենք հայտնվել: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բանկը ֆինանսական միջոցները ձեռք է բերում 2-3%-ով, և գյուղատնտեսությանը տրամադրում է 12-14%-ով: Քաղաքակիրթ աշխարհում գյուղատնտեսությանը տրամադրվում են 2-3%-ոց վարկեր, որոնց մի մասն էլ շատ դեպքերում զիջվում է: Միայն այդկերպ է հնարավոր գյուղատնտեսության ոլորտում զարգացում ապահովել: 


Կոոպերացիայի մասին խոսելը մոդայիկ է


Գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ամենաքննարկվող թեման թերևս կոոպերացիայի զարգացումն է: Իրականում դժվար է ասել` Հայաստանում կոոպերացիան հեռանկար ունի, թե ոչ: Չկա Հայաստանի մեծության որևէ երկիր, որտեղ գյուղտնտեսությունը զարգանում է 1.2 մլն մի քանի հազար քմ-անոց հողակտորների վրա: Այդ տարածքների վրա գյուղացիները մշակում են տարբեր մշակաբույսեր, և այս իրավիճակում ցանկանում ենք հողերի կոնսոլիդացում իրականացնել, կոոպերացիա զարգացնել: 


Կոոպերացիայի կարիքը պետք է ներքևից հասունանա, հարկադրանքը կամ այլ միջոցները չեն աշխատի մեր պարագայում: Նախարարությունը ստեղծել է մի քանի կոոպերատիվ, որոնց ապագան մշուշոտ է: Պարբերաբար ներարկումներ են արվում, և կոոպերատիվը գործում է, մինչդեռ իրականում եթե պորտալարը կտրվի, ներարկումները դադարեցվեն, արդյո՞ք այդ կոոպերատիվն ապագա կունենա: Խիստ կասկածելի է: Շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք խոշոր ֆերմերային տնտեսություններ, կոոպերատիվներ, բայց հիմա շատ հեռու ենք դրանից: Թերևս այդ հնարավորությունը կար 90-ականների սկզբներին, հողի սեփականաշնորհման անմիջապես ընթացքում: Բայց այն ժամանակ էլ չստեղծվեց զարգացման լավ միջավայր, և կոոպերացիան օրորոցում խեղդեցինք: Կոոպերացիայի կամ հողերի խոշորացման ուղղությամբ գիտահետազոտական լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն: Պետք է լրջորեն մտածել հողերի կոնսոլիդացման այլ տարբերակների մասին նույնպես: 


Եթե ապահովագրական ընկերությունները փորձեն այս ոլորտում 

գործունեություն ծավալել, ընդամենը մեկ տարում կկործանվեն


Ծանր վիճակում գտնվող մեր գյուղացիական տնտեսությունները ամեն տարի արձանագրվող բնական աղետների հետևանքով լրջորեն տուժում են: Գումարները հաշվարկվում են երկու-երեք տասնյակ միլիարդ դրամի չափով: Երբեմն` էլ ավելի շատ: Պետությունը հնարավորության շրջանակներում փորձում է աջակցել` բանկերին միջնորդելով վարկերի մարման ժամկետները երկարաձգել կամ այլ հարցեր լուծել, բայց դա ընդհանուր խնդրի լուծում չէ: 


Շուրջ 15 տարի է` խոսվում է ապահովագրական մեխանիզմի ներդրման մասին, բայց կոնկրետ որևէ քայլ չի արվում ու չի էլ արվի, քանի դեռ պետությունն ինքը պատրաստ չէ որոշակի բեռ վերցնել: Եթե ապահովագրական ընկերությունները փորձեն այս ոլորտում գործունեություն ծավալել, ընդամենը մեկ տարում կկործանվեն: Այստեղ վերապահովագրման խնդիր կա, որին պետք է մասնակցի մասնավորը, ապահովագրական ընկերությունը և կառավարությունը: 


Անընդհատ խոսվում է, որ բույսերի, բերքի պաշտպանության լավագույն ճանապարհը ցանցապատումն է, բայց դա ոչինչ է, եթե գործնականում այդ ուղղությամբ քայլ չի արվում: Պետությունը պետք է լուրջ միջոցներ ունեցող ձեռներեցների հետ քննարկի, նրանց առաջարկի, որոշակի պայմաններ ստեղծի., որպեսզի վերջիններս այդ ցանցերի արտադրությունը տեղում կազմակերպեն: Մենք դրա հնարավորությունն ունենք: Տեղում կազմակերպելու դեպքում մենք ավելի լավ պայմաններով հնարավորություն կունենանք օգնել գյուղացիական տնտեսություններին` ներդնելու այդ համակարգը: Այլապես դրսից բերելը մեր գյուղացու հնարավորության շրջանակներում չէ: 15 հազար եվրոյին համարժեք դրամ է կազմում 1 հա պտաղատու այգին ծածկելը: Բայց մինչև այդ պետք է լինեն ցածրաճ տնկարկներ: 


25 տարում հարյուր միլիոնավոր դոլլարներ են ներդրվել 

ոռոգման բնագավառում, բայց այն չի կայանում


Գյուղատնտեսական ցանկացած տարածաշրջանում դժգոհություն կա` ոռոգման համակարգից: 25 տարվա ընթացքում հարյուր միլիոնավոր դոլլարներ են ներդրվել այս ոլորտում, բայց ոլորտը չի կայանում: Ոռոգման թե՛ ներտնտեսային և թե՛ միջտնտեսային ցանցերը շատ վատ վիճակում են: Ահռելի չափերի են հասնում ջրի կորուստները: Ջրառը ջուրը վաճառում է ՋՕԸ-ին, վերջինն էլ` գյուղացուն: Եվ այս շղթայում շարունակական դժգոհություն կա, երեքն էլ միմյանցից դժգոհ են, որովհետև գյուղացուն լիարժեք չեն կարողանում բավարարել ջրով, գյուղացին լիարժեք չի վճարում, ՋՕԸ-ն էլ իր հեթին չի վճարում ջրառին և այդպես շարունակ: Ընդ որում` կայուն ջրամատակարարում չապահովելը բերում է գյուղատնտեսության մեջ լուրջ կորուստների: Կարծես երեք օղակներն էլ ճիշտ են, բայց իրականության մեջ գյուղացին ու գյուղատնտեսությունը էապես տուժում են: Սակագինը բացարձակ թվով չի փոխվում, բայց վարձավճարները շարունակաբար աճում են: 


Գյուղոլորտում հարցերի հարցը մասնագետների խնդիրն է,

այդ թվում` Գյուղնախարարությունում


Ժամանակին գյուղատնտեսության մեջ հաշվվում էր շուրջ 11 հազար մասնագետ: Նրանից 30%-ը գործունյա, պրոֆեսիոնալ, բանիմաց, տեսական և գործնական լուրջ գիտելիքի տիրապետող մասնագետներ էին: Հիմա գյուղատնտեսության առանձին բնագավառներում նրանց թիվը մեկ տասնյակի էլ չի հասնում: Այս տարիների ընթացքում մեր մասնագետները պարզապես դուրս են մղվել ոլորտից: Համալրում էլ չկա: Ագրարային համալսարանի շրջանավարտներն էլ մոտիվացված չեն գյուղատնտեսության մեջ աշխատել: Մի կողմից լավ մասնագետների հսկայական պահանջ կա ծածկած գրունտի, բույսերի պաշտպանության բնագավառներում, մյուս կողմից` մասնագետներ չկան: Այստեղ և՛ պետությունը լուրջ անելիք ունի, և՛ մասնավոր խոշոր ընկերությունները, որ կարող են ուսանողների արտասահման գործուղել` սովորելու: 


Նույն վիճակն է նաև Գյուղնախարարությունում: Աշխատակիցների 90%-ը պետք է լինեն բուն գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ: Մինչդեռ շատ են այնպիսիները, որոնց իմացած գյուղատնտեսությունը այգեգործական հողամասում, այլոց խորհուրդներով մի քանի ծառ մշակելն է: Մի կողմից ոլորտում մասնագետների խիստ պակաս կա, մյուս կողմից` մեծ է հոսունությունը: Վերջին 10 տարիներին բարձր որակավորման մեծաթիվ մասնագետներ հեռացել են հենց նախարարությունից: Շատերը` նաև ոլորտից: 


Առանց արտահանման մենք որևէ լուրջ խնդիր լուծել չենք կարող


Պետք է հստակ մեխանիզմներ սահմանվեն հանրապետությունում բարձրորակ, ապրանքային լավ տեսք ունեցող անվտանգ մթերք արտադրելու համար: Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է խստիվ վերահսկել թունաքիմիկատների օգտագործման ամբողջ համակարգը: Այս բնագավառում ամեն ինչ պետք է կատարվի մասնագետների ցուցումներով: Ժամանակին չկատարելով ագրոմիջոցառումները` հետագայում գյուղացին տասնապատիկ ավելի է ներդնում և ապարդյուն: Հավելած, որ պտղի մեջ թույլատրելիից ավելի քիմիական տարրերի մնացորդային քանակություններ են մնում: Նման ապրանքը լավագույն դեպքում կարող է դուրս գալ ռուսական շուկա, բայց ոչ երբեք արևմտյան: Արևմուտքում համապատասխան չափորոշիչները խիստ են: Եվրոպական շուկա մտնելը շատ դժվար է, բայց այդ շուկա մտնելու մեր ձգտումը կբերի նրան, որ ագրոմիջոցառումները ճիշտ կիրականացվեն, ու չափորոշիչները կբարելավվեն: Շուկաների առումով մեծ անելիք ունեն մեր դիվանագիտական կառույցները` իրենց տնտեսական կցորդների միջոցով: 


Առանց արտահանման` մենք որևէ լուրջ խնդիր լուծել չենք կարող այս ասպարեզում: Այդ ճանապարհին շատ կարևոր է մեր վերամշակման ոլորտի զարգացումը: Մեր արտադրանքի հիմնական մասը պետք է վերամշակվի: Դրա համար ոլորտը պետք է ճիշտ հիմքերի վրա դրվի: Այսօր նրանցից յուրաքանչյուրը ձգտում է էլ ավելի ցածր գին առաջարկել` գյուղմթերքի դիմաց: Գումարած, որ գյուղացին իր արտադրանքը հանձնելուց հետո գումարը ստանում է յոթ-ութ ամիս ուշացումով, մինչդեռ նույն ընթացքում ինքը տոկոսներ է վճարում բանկերին` վարկերի դիմաց: Իսկ ձեռնարկությունը, հումքի համար ոչինչ չվճարելով, այն մթերում է, մշակում, արտահանում կամ ներսում իրացնում և դրանից էլ ամիսներ հետո միայն վճարում գյուղացու ապրանքի դիմաց: Այս պարագայում պետությունը պետք է հստակ կեցվածք ունենա: Վերահսկողության հստակ մեխանիզմներ մշակի: 


Վերամշակողները, հիմա նաև պետական որոշ այրեր, խոսում են գյուղացու արտադրանքի ինքնարժեքի մասին, մինչդեռ պետք է հստակ որոշվի մշակող ձեռնարկությունների արտադրանքի ինքնարժեքը, որոշակի մարժա թողնվի, առանց որի այդ ձեռնարկությունը չի կարող զարգանալ, թողնվի գումարներ` նոր տեխնոլոգիաների ներդրման համար, և խելամիտ շահույթի հնարավորություն ստեղծվի: Մինչդեռ այսօր ամեն կերպ փորձ է արվում գյուղացուն քամել, նրանից վերցնել առավելագույնը, չթողնելով անգամ զրոյական վիճակի: 


Մասնագիտորեն, տնտեսագիտորեն տրամաբանական որևէ հաշվարկ չկա


100 դրամով գյուղացուց կաթ են մթերում, վաճառում` 420 դրամով, ընդ որում` հաճախ խիստ կասկածելի որակի: Եվ դա գրեթե ամբողջ տարվա ընթացքում, չնչին ծախսերով: Մասնագիտորեն, տնտեսագիտորեն տրամաբանական որևէ հաշվարկով հնարավոր չէ ներկայացնել, բացատրել, թե ինչպես է լինում, որ կաթի գինը մի քանի տասնյակ կմ-ի վրա քառակի ու ավելի թանկանում է: 7-8 կգ կաթից ստանում են 1 կգ պանիր, որը վաճառում են նվազագույնը 1500-1600 դրամից մինչև 2200-2300 դրամ: 


Ամեն դեպքում, ամեն ինչի մեջ պետք է լինի խելամիտ մոտեցում: Եթե վերամշակողը և պետական որոշ այրեր մտածում են, որ 1 կգ խաղողի մեջ գյուղացուն 30 դրամ եկամուտը բավարար է, այդ դեպքում թող վերամշակողը քառակի, հնգակի ավելի եկամուտ ունենա, ասենք` կաթի մեջ 130-150 դրամ: Բայց դա չի բավարարում, պետք է լինի նվազագույնը 500-600 դրամ ու ավելի: Այդպես շարունակել չի լինի, պետք է վերաբերմունքը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը փոխվի: