Հոկտեմբեր 18 2016

ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 25%-Ը ԿԱԽՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՌԴ-ԻՑ

ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ 25%-Ը ԿԱԽՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՌԴ-ԻՑ

Մենք «միջնորդ» երկրներից ազատվելու քաղաքականություն գրեթե չենք իրականացնում, արտադրողի հետ ուղիղ կապի մոդելը չենք կիրառում:



Վիլեն Խաչատրյան

տնտեսագետ


Արտաքին առևտուրը պետք է բաղդատել մի քանի բաղադրիչի: Հարցը պետք է դիտարկել ներմուծման և արտահանման տեսանկյունից, ըստ երկրների ու աշխարհագրական կառուցվածքի և ըստ ապրանքային կառուցվածքի: 


Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի պարագայում ունենք հետևյալ պատկերը. բացի մի քանի բացառիկ ամիսներից, Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի արտահանման թիվ մեկ «հասցեն»: Նախորդ տարի եղել են բացառիկ դեպքեր, երբ Չինաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում գերազանցել է ՌԴ-ին: Ռուսաստանի մասնաբաժինը մեր արտահանման մեջ հասնում է մոտ 20%-ի: Այսինքն` արտահանման առումով մենք 1/5-րդ մասով կախված ենք ՌԴ-ից: Իսկ ընդհանրապես՝ մեր արտահանման 90%-ը կախված է ընդամենը 10 երկրից. Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Բուլղարիա, Իրաք, Իրան, Եվրոպա: Այս տեսանկյունից՝ մենք ունենք արտահանման դիվերսիֆիկացման խնդիր: 


ՀՀ արտահանման կառուցվածքում ընդամենը 4 խումբ հիմնական ապրանքներ են՝ ալկոհոլը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Ընդամենը 3-4 բաղադրիչներ կան, որ հումքային են: Մեր արտահանումը չունի տեխնոլոգիական կառուցվածք և առաջնորդվում է բանանային երկրի մոդելով: Նրանք ծառից են քաղում ու արտահանում, մենք էլ գետնի տակից ենք հանում ու առանց մշակելու, առանց ավելացված արժեք ստեղծելու՝ արտահանում: Սա մեր արտահանման լրջագույն թերություններից մեկն է:


Ներմուծման կառուցվածքում 1/3-րդի «ելակետը» դարձյալ ՌԴ-ն է (գազի և այլ ապրանքներ): Բայց այս բնագավառում մեկ այլ խնդիր կա. Չինաստանը ներմուծման առումով մեր երկրորդ գործընկերն է, չինական ապրանքը կազմում է ընդհանուր ներմուծման շուրջ 12%-ը, բայց այդ ապրանքի ներմուծման՝ անմիջականորեն Չինաստանի մասնաբաժինը հազիվ 5% է: Այսինքն` այլ երկրից չինական ապրանքը ներմուծվում է Հայաստան, և այլոք չինական ապրանքով «մեզ վրա փող են աշխատում»: Մենք այդ «միջնորդ» երկրներից ազատվելու քաղաքականություն գրեթե չենք իրականացնում, արտադրողի հետ ուղիղ կապի մոդելը չենք կիկրառում: Սա նույնպես մեր ներմուծման լրջագույն թերություններից մեկն է: 


Փաստորեն թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով և՛ դիվերսիֆիկացիայի, և՛  առանձին երկրներից լրջագույն կախվածության խնդիր ունենք: Եթե հաշվենք, որ ՀՀ առևտրաշրջանառության մեջ 20% արտահանումը և շուրջ 30% ներմուծումը ՌԴ-ից է, նշանակում է՝ մեր առևտրաշրջանառության 25%-ը կախված է միայն ՌԴ-ից: 


Կարևորագույն խնդիր է այն, որ մեր ներմուծումը շարունակաբար կրճատվում է, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսել են վատ ապրել: Յուրաքանչյուր ամիս նախորդ տարիների համեմատ 100 մլն-ից ավելի քիչ ենք սպառում: Դա երկրի համար արդեն լուրջ խնդիր է: Չեմ բացառում, որ կա նաև մաքսազերծման խնդիր, ինչի մասին հիմա շատ է խոսվում: Գործարաները, ներկրողները մաքսազերծումն իրականացնում են ԵԱՏՄ այլ երկրներում, քանի որ ՀՀ մաքսային սահմանով անցնելու պարագայում հսկիչ գների համակարգ է գործում, որը չի նպաստում տնտեսավարողի շահերին: Եվ նա շրջանցող մեխանիզմներ է օգտագործում՝ տարանցիկ ճանապարհներով թե՛ այլ երկիր տեղափոխելու, թե՛  Հայաստան ապրանք բերելու առումով: Սա կարևորագույն խնդիր է, որ գոյություն ունի ներկրման քաղաքականության մեջ: 


Արտահանման աճ ենք արձանագրել, բայց դա շատերը համարում են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վատացման հետևանք: Բայց մրգի ու բանջարեղենի հավելյալ գումարը կազմում է մոտ 30 մլն դոլլար, որն էական ազդեցություն ունենալ չէր կարող: Երկրորդ գործոնը համարում են թուրքական ապրանքը ապօրինի ճանապարհով Հայաստան բերելն ու այստեղից ՌԴ արտահանելը: Բայց ես կարծում եմ, որ արտահանման աճն ավելի շատ տեղի է ունենում հումքի ծավալների ավելացման հաշվին, որը խախտում է սերունդների համերաշխության սկզբունքը: 


Վերոնշյալից հետևում է, որ լուրջ անելիք ունենք՝ մեր արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, արտահանման ու ներմուծման ծավալների ավելացման առումով, ինչն, իհարկե, ուղղակիորեն կապված է բնակչության սպառողունակության մակարդակի հետ: