Հոկտեմբեր 19 2016

Կառավարության քաղաքականության մեջ դոմինանտը կայունությունն է

Կառավարության քաղաքականության մեջ դոմինանտը կայունությունն է

Թեև ժամանակային լագերը դեռևս էժան փողի քաղաքականության վրա

էական ազդեցություններ չեն թողել, պետք է հուսալ, որ առաջիկա տարում

այդ ազդեցություններն էական կլինեն:


Ատոմ Մարգարյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային

տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան


Տասնամյակներ շարունակ Հայաստանի արտաքին պարտքի կառավարման փիլիսոփայության հենասյուներից մեկը եղել է արտաքին աղբյուրներից ներգրավելիք միջոցների առաջնայնությունը, քանի որ դրանք երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով, մեղմ պայմաններով վարկեր են: Այդ տրամաբանությամբ է կուտակվել մեր արտաքին պարտքը, և ըստ էության՝ այսօր որոշակիորեն մոտեցել է մտահոգիչ միջակայքի: Պետական պարտք/ՀՆԱ 40% հարաբերակցությունը մտահոգիչ սահմանագիծ է, որից անդին դոնորները, ներդրողները, հանրությունը սկսում են ուշադրություն դարձնել ածանցյալ այլ ցուցանիշների, մասնավորապես՝ դեֆիցիտի վրա: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ու դեֆիցիտը փոխլրացնող ցուցանիշներ և մակրոտնտեսական իրավիճակի ինդիկատոր են: 


Ներկա փուլում մակրոտնտեսական իրավիճակը, արտաքին պարտքի մեծությունը, դրա սպասարկման հնարավորություններն այնպիսին են, որ կամա-ակամա ծանրության կենտրոնը պետք է տեղաշարժվի ներքին պարտքի, դրա օպտիմալ կառավարման ու հնարավորությունների օգտագործման վրա: 


Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու ենք հասել արտաքին պետական պարտքի մտահոգիչ սահմանի, ըստ իս՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին մակրոտնտեսական զարգացումները եղել են անբարենպաստ: Մինչև 2008-09թթ. ճգնաժամը արտաքին պարտքի ցուցանիշները մտահոգիչ չէին, և համապատասխան ցուցիչները տեղաբաշխված էին շատ հարմար միջակայքերում: Սկզբունքորեն, դոնորների բարեհաճության առումով, արտաքին աղբյուրներից գումարների ներգրավման կամ դրա սպասարկման խնդիրներ չեն եղել: Մյուս կողմից՝ տնտեսական աճի ցուցանիշներն էլ էին համարժեք, և այդ տեսանկյունից մինչև 2011-12թթ., երբ հնարավոր եղավ անցումն ապահովել, խնդիրներ չկային: Բայց այդ ընթացքում այն ժամանակվա կառավարությունը բավական լուրջ միջոցներ ներգրավեց ու կրկնապատկեց երկրի արտաքին պարտքը, ինչին հաջորդեց Հայաստանի տնտեսության ցածր աճի պարադիգմի փուլը: 


Դա օրինաչափ է և բնորոշ է համաշխարհային տնտեսությանը, այդ թվում և՛ մեր, և՛ հարևան երկրներին: Դա նորմալ երևույթ է, և այս իրավիճակում հարկավոր էր վերանայել տնտեսության կառավարման փիլիսոփայությունը, այդ թվում և դրամավարկային քաղաքականության: Հատկապես դրամավարկայինի մասով իրականացվող քաղաքականության մեջ փոփոխություններ չեղան: Հիմա, վերջին մեկ տարվա ընթացքում, ԿԲ վարքագծում երևում են էական որակական փոփոխություններ, ինչն աջակցություն է և՛ կառավարությանը, և՛ մասնավոր հատվածին: Թեև ժամանակային լագերը դեռևս էժան փողի քաղաքականության վրա էական ազդեցություններ չեն թողել, այդուհանդերձ՝ պետք է հուսալ, որ առաջիկա տարում այդ ազդեցություններն էական կլինեն՝ նաև արտաքին պարտքի սպասարկման առումով: 


Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա ազդող արտաքին գործոններից հիմնականը ՌԴ տնտեսական կացությունն էր և դրա հետևանքով՝ մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկումը: Մյուս գործոնը. նավթի գներով պայմանավորված ազդեցությունն էր, տարածաշրջանի տնտեսական իրավիճակի վատթարացումը: 


Ներքին գործոններն ավանդական են, որոնք ճնշել են հարկաբյուջետային իրավիճակի վրա՝ դրա կայունության խախտման առումով: Այսօրվա կառավարության բյուջետային քաղաքականության մեջ դոմինանտը կայունությունն է, հարկաբյուջետային կայունությունը, ֆիսկալ կայունությունը, այս համատեքստում է նաև այն ծրագիրը, որ առաջիկայում առիթ կլինի քննարկել: Ամեն ինչ կառուցված է այս տրամաբանությամբ, բայց գլխավոր խնդիրները, ներքին գործոնները, որոնք նաև գեներացնում են այս իրավիճակը, տնտեսության շատ բարձր ստվերայնությունն է, որ եղել, մնում է և ստիպում է փոփոխություններ կատարել թե՛ օրենսդրական մակարդակով՝ հանձին Հարկային օրենսգրքի, թե՛ վարչարարության և ընդհանրապես՝ այդ ոլորտի քաղաքականության փիլիսոփայության առումով: 


Մյուս ու թերևս ամենակարևոր գործոնը կոռուպցիան է, որը տնտեսական աճի իրական, ահռելի ռեսուրսներ է կլանում: Այդ խնդիրը մեր տնտեսության Աքիլեսյան գարշապարն է, ու եթե կառավարությունն իր առաջնահերթությունների մեջ միջնաժամկետ ծրագրում չներառի այդ խնդրի ազդեցությունների գոնե մինիմալացումը, որովհետև չեզոքացնելը շատ բարդ է, ապա եղած խնդիրները կշարունակեն մնալ այս կարգի, և մենք 5-10 տարի անց նորից ստիպված ենք լինելու խոսել ֆիսկալ կայունության, բյուջետային կայունության խնդիրների մասին: 


Ներքին իրավիճակը ևս նպաստել է, որ պետական ֆինանսների ոլորտում մենք ունենք այսպիսի կացություն: Եղած խնդիրները հրատապ լուծում են պահանջում և հույս ունեմ, որ մեր կառավարությունն ու ԿԲ-ն (վերջինիս մասին քիչ է խոսվում) իրենց վարքագծում կդրսևորեն էական փոփոխություններ: