Հոկտեմբեր 08 2016

ԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

ԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների հիման վրա արդյունաբերական 

նոր ռազմավարության ընդունումը:



Մանուկ Հերգնյան

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ,

«Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն


Համաշխարհային տնտեսական ֆորումի` 2016-17թթ. համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն, Հայաստանը 138 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը` դիրքը բարելավելով 3 հորիզոնականով: 


Զգալի առաջընթաց ենք արձանագրել նորարարություն, գործարարության կատարելագործվածություն և ինստիտուտներ հենասյուներում: Դրական որոշ փոփոխություններ կան նաև ապրանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն և աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների պարագայում: Միաժամանակ` վատթարացել են մակրոտնտեսական միջավայր և շուկայի չափ հենասյուներ ցուցանիշները: Ընդ որում` մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի և պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակները։ 

Հայաստանի առավելությունների շարքում հաստատուն են բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները: Առավելությունների շարքին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման-հեռացման ճկունությունը։ Իսկ մրցակցային թերությունները այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպես ֆինանսավորումը` տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, գնահատվում է ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը: 


Հայաստանը արդյունավետության վրա հիմնված փուլում շարունակում է մնալ` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ (3.534 ԱՄՆ դոլլար, 2015թ.):


Այս փուլում ՀՀ տնտեսությունը կրում է գլոբալ և ներքին միջավայրերի էական անկայունությունների ազդեցությունը: Մասնավորապես` գյուղատնտեսության մեջ տեղի են ունենում խոր և արագ փոփոխություններ` կապված չորրորդ արդյունաբերական քաղաքականության, արդյունաբերական հեղափոխության, տեխնոլոգիական լուրջ փոփոխությունների հետ: Այսօր Հայաստանի առջև ծառանում են նոր մարտահրավերներ` պայմանավորված և՛ արտաքին անվտանգային, և՛ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներով:


Եթե տնտեսական աճի դինամիկան դիտարկում ենք 2010-ից, պարզվում է, որ հետճգնաժամային վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում: Ըստ էության, մենք 3-4% աճի թակարդային իրավիճակում ենք հայտնվել: Դրա վկայությունն է նաև այս տարվա առաջին երկու եռամսյակների ցուցանիշները` 4.5% և 1.5% տնտեսական աճ: 


Աճի կառուցվածքը նույնպես շատ կարևոր է` ցույց տալու, թե ինչի հաշվին է աճ տեղի ունենում: Օրինակ` եթե դիտարկում ենք երկրորդ եռամսյակում հիմնական, մեծ աճ արձանագրած ոլորտները, պարզվում է, որ առաջատար է մշակույթ, զբաղվածություն և հանգիստ ոլորտը` 48% աճով: 2015թ. ցուցանիշների դիտարկումը նույնպես ցույց է տալիս, որ այս ոլորտը երկրորդ ամենախոշոր մասնակցությունն է ունեցել տնտեսական աճին և տեսակարար կշռով արդեն համադրելի է հանքարդյունաբերության հետ: 


Ունենք բավական լավ դինամիկա` արտահանման աճի տեմպերի առումով: Վերջին տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծումը: 2015-ին արձանագրվեց զգալի անկում, որը կապված էր ռուսական շուկայում տիրող իրավիճակի և որպես հետևանք` ռուբլու անկման հետ: Այնուհետ 2016թ. յոթ ամիսների արդյունքներով մենք տեսնում ենք, որ հակադարձվել է այդ միտումը, և նորից արձանագրվում է աճ, որը պայմանավորված է բաց թողնված հնարավորություններով, նոր հնարավորություններով և նոր շուկաներով: 


Միաժամանակ մեր տնտեսության մեջ առկա են իրական սահմանափակումներ` կապված աճի ներուժի հետ, որովհետև, ի վերջո, աճը պետք է մի տեղից ֆինանսավորվի. կա՛մ պետք է լինեն բանկային վարկեր, կա՛մ ֆինանսավորում կորպորատիվ հատվածից, կա՛մ պետական միջոցները, որ ներգրավվում են դրսից, կա՛մ սեփական կապիտալի միջոցները` ի դեմս օտարերկրյա ներդրումների, կա՛մ ներքին տնտեսության մեջ գեներացվող սեփական միջոցները: Եթե դիտարկում ենք այս բոլոր աղբյուրները, տեսնում ենք դրանցում որոշակի բացասական միտումներ: Մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով 2014-15թթ. էական անկում է արձանագրվել. 404 մլն և 181 մլն դոլլար: Խոսքը վերաբերում է զուտ ներհոսքին, իսկ 2016թ. առաջին եռամսյակի տվյալներով` 39 մլն դոլլար: Սա իրական շատ կարևոր ազդակ է, որովհետև Հայաստանի տնտեսության համար սա աճի ֆինանսավորման շատ կարևոր աղբյուր է: 


Մյուս կողմից` բանկային վարկերի ֆինանսավորման ներուժը ևս սահմանագծին է հասնում, ինչն արդեն խնդիրներ է հարուցում կորպորատիվ հատվածում` պարտքով բեռնվածության աստիճանի բարձրացման տեսանկյունից: Արդեն սկսում են ֆինանսական հանրության խնդիրներ ի հայտ գալ կորպորատիվ հատվածում. մասնավորապես` չաշխատող վարկերը հունիսի դրությամբ հասել են 8.4%-ի: Մեր և այլ փորձագիտական գնահատականներով` սա իրականում շատ ավելի է, քան արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ: Ուրեմն` զուտ բանկային վարկերի միջոցով հետագա աճի ֆինանսավորման բավական սահմանափակ հնարավորություններ կան: 


Պետական պարտքի մասով էլ մենք հասնում ենք մի մակարդակի` պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50%-ին, որ դրա էական մեծացումը բավական դժվարանում է: Հետևում է, որ սա ևս չի կարող լինել հետագա աճի ֆինանսավորման մեծ աղբյուր: 


Ակնհայտ է, որ մրցունակությունը կապված է արտադրողականության հետ: Որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր մրցունակության այսօրվա դիրքը և այն էականորեն բարելավել, մեզ անհրաժեշտ է աշխատանքի արտադրողականության տարեկան շուրջ 3-4% բարձրացում, որպեսզի միաժամանակ կարողանանք պահպանել մեր պարիտետը մրցակից երկրների հետ: Արտադրողականության նման աճի պայմաններում գործազրկության կրճատումը և արտագաղթի կասեցումը կամ նվազեցումը ևս պահանջում են տարեկան 4-5 տոկոսային կետ աճ: Սա նշանակում է` որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր մրցունակությունը և լուծել սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրները, մեզ անհրաժեշտ է նվազագույնը 7-8% շարունակական տնտեսական աճ: 


Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես կարելի է ապահովել այդ տնտեսական աճը, պետք է հստակեցնել, թե ինչն է սահմանափակում այն: Կարևոր է հատկապես հստակեցնել տնտեսական աճի առանցքային սահմանափակումները: Մենք առանձնացնում ենք 4 հիմնական սահմանափակումներ. առաջինը ոչ հավասար կամ անկատար մրցակցային միջավայրն է, երկրորդը` նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակասը, երրորդը` մարդկային կապիտալի ոչ բավարար որակը և չորրորդը` միաչափ կամ ոչ դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգը: 


Անկատար մրցակցային միջավայրի առումով. թերևս նորություն չէ, որ շատ կարևոր է ազդակների տեսանկյունից գործարարներին, ձեռնարկատերերին հավասար հնարավորությունների դաշտ ստեղծելը, ու եթե խոսում ենք ներդրումների ներգրավման և տնտեսության մեջ բիզնեսին դինամիզմ հաղորդելու մասին, սա շատ կարևոր է: Այստեղ նույնպես բացահայտումեր չկան, սա իրագործվում է հարկային և մաքսային վարչարարության, մրցակցության պաշտպանության ու պետական գնումների քաղաքականության միջոցով, և շատ կարևոր են այն ազդակները, որոնք կտրվեն նոր ձևավորված կառավարության կողմից: 


Երկրորդ կարևոր խնդիրը, որը թերևս այնքան էլ ակնհայտ չէ և շատ քիչ է երևում տնտեսական վերլուծություններում, մենք անվանում են նոր բացահայտման հնարավորությունների պակաս: Սա բխում է տնտեսության կառուցվածքից: Օրինակ` եթե տնտեսությունը կենտրոնանում կամ մասնագիտանում է միայն թեթև արդյունաբերության արտադրանքի մեջ, շատ բարդ է այդ տնտեսության համար արտադրել ասենք` բարձր տեխնոլոգիական արտադրանք: Պահանջվող ունակությունները խիստ տարբերվում են` ըստ ոլորտների ու արտադրությունների: 


Հաջորդը շուկաների հետ կապված հարցն է. ինչպիսի նոր շուկաներ են բացվում տնտեսության համար: Այս խնդիրների համատեքստում մեզ համար շատ կարևոր ու յուրահատուկ են նոր հնարավորությունները: Մասնավորապես` դա կապված է արդյունաբերական չորրորդ (տեխնոլոգիական) հեղափոխության հետ: Երբ փոխվում են ամբողջական տնտեսական ոլորտներ, ընդհանրապես` փոխվում է տնտեսության զարգացման տրամաբանությունը, և նոր հնարավորություններ են ի հայտ գալիս այնպիսի փոքր երկրների համար, ինչպես Հայաստանն է, մենք պետք է կարողանան ստեղծված իրավիճակից օգտվել: Մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ՏՏ ոլորտում այս առումով բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Բայց չպետք է կենտրոնանալ միայն մեկ ոլորտի վրա: 


Տեխնոլոգիական զարգացումը ներառում է բոլոր ոլորտները: Այստեղ օրախնդիր է տեխնոլոգիական տրանսֆորմացիան ամբողջ տնտեսության վրա, և շատ կարևոր է նոր տեխնոլոգիաների հիման վրա արդյունաբերական նոր ռազմավարության ընդունումը: Բնականաբար` նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման նոր մոտեցումները, որովհետև օտարերկրյա ներդրումները ոչ միայն ֆինանսական կապիտալ են, այլև կառավարման նոր հմտություններ ու նոր տեխնոլոգիաներ: 


Երրորդ սահմանափակումը, ինչպես նշեցի, մարդկային կապիտալի անբավարար որակն է: Թերևս պարադոքսալ թվա, բայց բացառությամբ մի քանի ոլորտի, մենք տեսնում ենք, որ հիմնական սահմանափակումները կապված են մարդկային կապիտալի որակի հետ: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ գլոբալ մրցունակության զեկույցում մշտապես ցածր են կառավարման դպրոցների որակի հետ կապված մեր վարկանիշները: Այստեղ անհրաժեշտ է տեխնոլոգիական նոր դարաշրջանին համապատասխան լայնընդգրկուն կրթական բարեփոխումներ` գտնելու անհրաժեշտ նոր մոդելները: Շատ կարևոր է մասնագիտական հայրենադարձությունը, որն իր հետ կբերի որոշակի կառավարչական հմտություններ, տեխնոլոգիական ունակություններ և այլն: 


Վերջին խնդիրը ֆինանսական համակարգն է: Հայաստանը համեմատելի բոլոր երկրների հետ առանձնանում է իր ֆինանսական համակարգերի շատ մեծ միաչափությամբ: Բանկային, փոխառու կապիտալի միջոցով ֆինանսավորումն արդեն այդ հնարավորությունները սպառում է, և հույժ անհրաժեշտ է զարգացնել կապիտալի շուկաները, խթանել մասնավորապես բաժնեմասնակցային հիմնադրամների ստեղծումը Հայաստանում: 


Պետք է ընդգծել նաև անվտանգային բարձր ռիսկերը, որում հայտնվել է մեր տնտեսությունը, և այս իրավիճակում կարևոր է, որ կարողանանք մեր տնտեսական և առավելապես ֆիսկալ քաղաքականությունը համապատասխանեցնել այդ ռիսկերին: Դա նշանակում է շատ կոշտ, գուցե նաև բարդ որոշումների կայացում` կապված անվտանգության առաջնորդությունների հետ: Ճիշտ կլինի դրա արտացոլումը տեսնել բյուջետային փոփոխությունների մեջ, և մոտ ժամանակները ցույց կտան` արդյոք Հայաստանը այդ օրակարգն իր համար դարձրել է կարևոր, թե ոչ: