Սեպտեմբեր 05 2016

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ 2014-16ԹԹ.

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ 2014-16ԹԹ.

Կայուն խորանում են միայն ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. հունվար-հուլիսին, ընթացիկ գներով, կազմել է 2 մլրդ 659 մլն ԱՄՆ դոլլար, ընդ որում արտահանումը` 969 մլն, ներմուծումը` 1 մլրդ 690 մլն դոլլար: Առևտրի բացասական հաշվեկշիռը 721 մլն դոլլար է: Ներմուծումը 1.74 անգամ գերազանցել է արտահանումը: Իհարկե՝ թվերը չեն ներկայացնում տարվա ամփոփ պատկերը, այդուհանդերձ՝ դրանք իրական պատկերացում են տալիս մեր արտաքին առևտրաշրջանառության մասին, մանավանդ որ՝ նախորդ տարիների ցուցանիշները փաստում են, որ վերջնարդյունքում մեծ շեղումներ չեն արձանագրվում: Ուստի՝ փորձենք նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հետ զուգահեռներ անցկացնել և հասկանալ, թե զարգացման ինչ միտումներ են դրսևորվում: 

 

Այսպես, 2015թ. հունվար-հուլիսին ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 2.6 մլրդ դոլլար, որից 1 մլրդ 768 մլն դոլլարի ներմուծում և 832 մլն-ի արտահանում: Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 963 մլն դոլլար: Ներմուծումը 2.1 անգամ է գերազանցել է արտահանումը:


2014թ. նույն ժամանակահատվածում եղել է 3 մլրդ 290 մլն դոլլարի ընդհանուր առևտրաշրջանառություն: Ընդ որում՝ արտահանումը կազմել է 847 մլն դոլլար, ներմուծումը` 2 մլրդ 442 մլն դոլլար: Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 595 մլն դոլլար: Ներմուծումը արտահանումը գերազանցել է ավելի քան 2.8 անգամ: 


Այսինքն՝ այս տարի 2015թ. նույն ժամանակամիջոցի համեմատ ունենք ավելի քան 137 մլն դոլլարի, իսկ 2014-ի համեմատ` 122 մլն դոլլարի արտահանման աճ, ինչը լավ է: Բացի այդ, եթե ոչ վաղ անցյալում ներմուծումը գումարային արժեքով բացարձակ թվով գրեթե 4 անգամ գերազանցում էր արտահանումը, 2014թ. ուսումնասիրվող ժամանակահատվածում` 2.8 անգամ, 2015-ին՝ 2.1 անգամ, ապա այս տարի այդ թիվը էապես ցածր է 2-ից: 


Ըստ երկրների խմբերի


Դառնանք ՀՀ առևտրային հիմնական գործընկերներին և այս տարիների ընթացքում նրանց հետ առևտրային հարաբերություններում զարգացման միտումներին: 


2016թ. հունվար-հուլիսին ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 776.8 մլն դոլլար կամ ընդհանուր ապրանքաշրջանառության 29.2%-ը: ԵՄ երկրների հետ իրականացրել ենք ավելի քան 664 մլն դոլլարի առևտուր, որն ընդհանուր ապրանքաշրջանառության 25%-ն է: «Այլ երկրների» հետ, որոնց շարքում են Իրանը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Չինաստանը, Թուրքիան և այլ երկրներ, մեր ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 1.2 մլրդ դոլլար՝ ընդհանուր ապրանքաշրջանառության 45.8%-ը: 


2015թ. նույն ամիսներին ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 733.8 մլն դոլլար էր (ընդհանուրի 28.2%), ԵՄ երկրների հետ` 672.5 մլն դոլլար (25.9%), այլ երկրների հետ` 1.19 մլրդ դոլլար (45.9%): 2014թ. հունվար-հուլիսին ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը եղել է 887.7 մլն դոլլար (27%), ԵՄ երկրների հետ` 940.6 մլն դոլլար (28.6%), այլ երկրների հետ՝ 1.461 մլն դոլլար (44.4%): 


2016թ. հունվար-հուլիսին ԱՊՀ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել է 345.2 մլն դոլլար, ԵՄ երկրների հետ` 125.3 մլն դոլլար, այլ երկրների հետ` ավելի քան 250 մլն դոլլար: 2015թ. հունվար-հուլիսին այդ ցուցնիծը եղել է՝ համապատասխանաբար 504 մլն դոլլար, 162.6 մլն դոլլար, 1 մլրդ 194 մլն դոլլար, 2014թ. հունվար-հուլիսին՝ 500 մլն, 390 մլն դոլլար, 706.6 մլն դոլլար: 


Թվերի համադրությունը ցուցանում է, որ վերջին տարիներին ոչ մեծ չափերով, բայց կայուն նվազում է Հայաստանի արտաքին առևտուրը ԵՄ երկրների հետ. 28.6%, 25.9% և 25%: Ավելորդ չէ նշել, որ 2011թ. նույն ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրի 33.8%-ն իրականացվում էր ԵՄ երկրների հետ, 2010-ին` 31.7%-ը: 


Միաժամանակ՝ յուրաքանչյուր տարի ավելի քան 1%-ով աճում է առևտուրը ԱՊՀ երկրների հետ: Ստորև բերվող տվյալներից պարզ կդառնա, որ ՌԴ-ից բացի, ԱՊՀ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները մոտենում են զրոյական նիշին, այսինքն՝ աճում է Հայաստանի առևտուրը ՌԴ-ի հետ: 


Այսպես, ԱՊՀ երկրներ Հայաստանի արտահանումը, 2015թ. էական նվազումից հետո, այս տարի շեշտակի՝ մոտ 80 մլն դոլլարի աճ է արձանագրել: Ներմուծումը, նախորդ տարվա մոտ 80 մլն դոլլարի անկումից հետո, այս տարի ավելի քան 4 մլն դոլլարով աճել է՝ հասնելով գրեթե 421 մլն դոլլարի: 


ԵՄ երկրների արտահանումը 2014թ. համեմատ անցած տարի բավական լուրջ անկում է արձանագրել, բայց այս տարի արդեն կրկին աճ կա, թեև չի հասնում 2014թ. մակարդակին: Մինչդեռ ներմուծման ծավալները ավելի քան 30%-ով նվազել են: 


Այլ երկրների պարագայում ունենք արտահանման ծավալների կայուն աճ. 2014թ. 377 մլն դոլլարից այս տարի այն հասել է 451 մլն-ի: Ներմուծումը կայուն նվազում է՝ 1.1 մլրդ-ից հասնելով 852 մլն դոլլարի: 


Փաստորեն՝ երեք խումբ երկրներից միայն ԱՊՀ (իրականում՝ ՌԴ) շրջանակներում է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը երկկողմանի աճ է արձանագրում: Մյուս խմբերի պարագայում կա՛մ արտահանումն է աճում, ներմուծումը՝ նվազում, կա՛մ հակառակը: 


Ըստ երկրների


2014թ. հունվար-հուլիսին ԱՊՀ երկրներից ՀՀ ամենախոշոր գործընկերը դարձյալ Ռուսաստանն է: Այդ երկրի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը եղել է 731 մլն դոլլար (ՀՀ ընդհանուր ապրանքաշրջանառության 22.2%-ը): Երկրորդ տեղում Ուկրաինան էր (ԱՊՀ անդամ չէ, մասնակից է)` 112.5 մլն դոլլար ցուցանիշով (ընդհանուրի 3.4%-ը): Մնացածի պարագայում ապրանքաշրջանառության ծավալները 1%-ից փոքր են եղել: 


2015թ. նույն ժամանակահատվածում ՌԴ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 23.9%-ը, 2016-ին` 25.7%-ը, Ուկրաինայի հետ առևտուրը 2015թ. 2.9%-ից 2016-ին նվազել է 2.2%-ի (Բելառուսի պարագայում` 0.7%-ից նվազել է 0.6%-ի, Ղազախստանի դեպքում թիվը մնացել է կայուն` 0.1%):


Այսինքն՝ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը առևտրատնտեսական հարաբերություններ ունի միայն Ռուսաստանի հետ. մյուսների հետ ՀՀ առևտրային հարաբերությունների ծավալները փոքր են անգամ 1%-ից և վերջին մեկ-երկու տարիներին շարունակում են նվազել: 


ԵՄ երկրներից առնվազն 9-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները գերազանցել են ընդհանուրի 1%-ի սահմանագիծը: 2014թ. Գերմանիայի հետ այն կազմել է 7.9%, Բուլղարիայի հետ՝ 2.4%, Իտալիայի հետ՝ 3.8%, Նիդերլանդների հետ՝ 2.3%: 


2015-ին արդեն 7 երկրի հետ է ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել ընդհանուրի ավելի քան 1%-ը: Գերմանիայի հետ առևտուրն ապահովել է ընդհանուրի 7.3%-ը, Իտալիայի հետ` 4.5%-ը, Բելգիայի հետ 2.3%, Բուլղարիայի հետ` 2.1%-ը: 


Այս տարի արդեն 6 երկրների հետ է, որ ունենք ավելի քան 1% ապրանքաշրջանառություն: Գերմանիայի մասնաբաժինը ընդհանուր մեջ նվազել է 6.7%-ի, Իտալիայինը` 3.3%-ի, Բելգիայինը` 2%-ի, Նիդերլանդներինը` 1.5%-ի, իսկ Բուլղարիայինն աճել է՝ հավասարվելով 4.3%-ի: ԵՄ երկրներից Բելգիայի, Բուլղարիայի և Նիդերլանդների պարագայում ունենք դրական հաշվեկշիռ: 


ԱՊՀ և ԵՄ երկրներից բացի, Հայաստանի հետ առևտրային ակտիվ հարաբերություններ ունեն Չինաստանը, որի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2014թ. կազմել է 9.4%, Իրանը` 4.6%, ԱՄՆ` 4%, Թուրքիան` 3.8% և Վրաստանը` 2.3%:


2015-ին Չինաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է 10.2%, ԱՄՆ-ի հետ` 3.7%, Իրանի հետ` 5.7%, Վրաստանի հետ` 3.5% և Թուրքիայի հետ` 2.8%: 


Այս տարի արձանագրվել է Չինաստանի հետ առևտրի 8.2% մակարդակ, Իրանի հետ` 5.2%, Վրաստանի հետ` 5.6%, ԱՄՆ հետ` 2.5%, Թուրքիայի հետ` 2.7%: 


Փաստորեն՝ այս երկրներից կայուն աճ է արձանագրվել միայն Վրաստանի հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում: Մնացածի պարագայում անկում-վերելք-անկում կորագիծ է: 


Այսպիսով


Վերջին երեք տարիների հունվար-հուլիս ամիսների առևտրի վիճակագրությունից (ընդգծենք՝ 2014թ. և 2015թ. հունվար-հուլիսի և հունվար-դեկտեմբերի միջև էական շեղում գրեթե չկա) պարզ է դառնում, որ կայուն խորանում են ՌԴ-ի հետ ՀՀ առևտրային հարաբերությունները, ու ետզարգացում է նկատվում ԵՄ երկրների հետ հարբերություններում: «Այլ երկրների» պարագայում նույնպես մեծ առումով միտումները շատ ոգևորող չեն: Մեզ համար ամենահեռանկարային շուկաներից մեկը կարող է լինել Չինաստանը, մինչդեռ վերջինիս հետ մեր առևտրային ցուցանիշները այնքան էլ կայուն չեն: ԱՄՆ հետ առևտուրը կայուն անկում է արձանագրում: Իրանի հետ առևտրում նույնպես անկայունություն կա:


Առևտրաշրջանառության ծավալների նվազումն ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման օգտին չէ: Դրականը արտահանման ծավալների որոշակի աճն է: Դրական կարելի էր համարել ներմուծման ծավալների կրճատումը, եթե դա փոխարինվեր ներքին արտադրանքի աճով: Ցավոք, այդպես չէ, և այս դեպքում արդեն ներմուծման անկումը վկայում է տնտեսության անկում՝ թե՛ վերարտադրության և թե՛ սպառման տեսանկյունից: 


Աշոտ Խաչատրյան