Նոյեմբեր 05 2016

Համաշխարհային տնտեսություն. կիսամյա գնահատական և կանխատեսում

Համաշխարհային տնտեսություն. կիսամյա գնահատական և կանխատեսում

Չինաստանի` տնտեսական աճի շարժիչ ուժը պետական ներդրումայինից

մասնավոր սպառողականի փոխելու քաղաքականության ընթացքից է նաև

կախված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարը:


Տնտեսական աճի հեռանկարները ողջ աշխարհում թուլացել են: Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրները բախվել են մի շարք խոչընդոտների, ինչպես` զարգացած երկրների ցածր տնտեսական աճը, հիմնական ապրանքատեսակների գների ցածր մակարդակի պահպանումը, ինչպես նաև համաշխարհային առևտրի դանդաղ վերականգնումն ու կապիտալ թույլ հոսքերը: Սա ՀՀ կենտրոնական բանկի գնահատականն է, որ ամրագրված է Ֆինանսական կայունության կիսամյա պարբերական հաշվետվության մեջ (հրապարակվել է նոյեմբերի 3-ին): Նշենք, որ ԿԲ միջազգային զարգացումների և կանխատեսումների հիմք է ծառայել IMF, World bank, Economist Intelligence unit, Financial times, Bloomberg, RBC, The institute of international finance և այլ աղբյուրների տեղեկատվությունը:


Ըստ ԿԲ-ի` հումքային ապրանքատեսակներ արտահանող և ներմուծող երկրների տնտեսական բնութագրիչները զգալի տարբերվում են: Տնտեսական պայմանները շարունակում են խնդրահարույց մնալ հումքային ապրանքներ և/կամ նավթ արտահանող երկրներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում տնտեսության իրավիճակը ցածր գների միջավայրին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թեև հումքային ապրանքներ և/կամ նավթ ներկրող երկրները առավել բարենպաստ դիրքում են, այնուամենայնիվ` գների նվազման բացասական ազդեցությունը ապրանքներ և/կամ նավթ արտահանող երկրների տնտեսական զարգացումների վրա ավելի մեծ և շոշափելի է, քան դրա դրական ազդեցությունը ներմուծող երկրներում:


Կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի որոշակի արագացում առաջիկա տարիներին, այնուամենայնիվ` նվազման ուղղությամբ ռիսկերը կպահպանվեն: Դրանց թվում ընդգծված են զարգացած երկրներում սպասվածից դանդաղ տնտեսական վերականգնման, զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի և դրանից բխող` ֆինանսական շուկաների տատանողության, Չինաստանի տնտեսության կառուցվածքային վերափոխման գործընթացից ածանցվող համաշխարհային պահանջարկի հավանական նվազման, զարգացող երկրներում, հատկապես` Ռուսաստանում տնտեսական հիմնախնդիրների և դանդաղ աճի շարունակման ու ողջ աշխարհում աշխարhաքաղաքական անորոշություններից բխող  ռիսկերը: 


Տնտեսական թույլ աճ, ներդրումների ցածր մակարդակ


Այս տարվա առաջին կիսամյակում համաշխարհային տնտեսական թույլ աճը պահպանվել է, իսկ նվազման ուղղությամբ ռիսկերն առավել ընդգծված են եղել: Տարեսկզբի ֆինանսական և վառելիքաէներգետիկ ռեսուրսների շուկայում արձանագրված վերականգնումը պահպանվել է` դրական որոշակի ազդակներ հաղորդելով համաշխարհային տնտեսությանը: Տարեսկզբին ուրվագծված մի շարք ռիսկեր կիսամյակի ընթացքում նյութականացվել են, մասնավորապես` զարգացած մի շարք երկրներում սպասվածից ցածր տնտեսական վերականգնումը, քաղաքական աճող անկայունությունները, իրականացվող դրամավարկային քաղաքականությունների ցածր արդյունավետությունը, քաղաքականություն մշակողների` հարկաբյուջետային խթանող քաղաքականություն կիրառելու դժկամությունը:


Առաջին կիսամյակում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում տնտեսական աճի տեմպի էական արագացում չի նկատվել, զարգացած երկրներում արձանագրվել է տնտեսական աճի շարունակական թույլ վերականգնում: 2016թ. համաշխարհային տնտեսության մեջ կպահպանվի դանդաղ աճի միտումը, ընդ որում` թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի տեմպերի էական փոփոխություն չի արձանագրվի: 


Համաշխարհային տնտեսության ակտիվության ներկա մակարդակի և բորսայական ապրանքների շուկաներում առկա գնային զարգացումների պայմաններում պահպանվել է ցածր գնաճային միջավայր, որից ելնելով` ԱՄՀ-ն 2016թ. գնաճը զարգացած երկրներում կանխատեսում է 0.7%, զարգացող երկրներում` 4.6%: Ընդ որում` գալիք տարում ևս գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:


2016թ. հուլիսի 16-ի դրությամբ` այս տարվա համար տնտեսությունների ԱՄՀ կանխատեսումներն են (ԱՄՀ բոլոր կանխատեսումներն ու գնահատումները` ըստ World economic outlook update, July 2016). 

համաշխարհային տնտեսություն` 3.1% (2015թ. տնտեսական աճը` 3.1%), 

զարգացած երկրներ` 1.8% (նախորդ տարվա համեմատ 0.1 տոկոսային կետով ցածր), 

ԱՄՆ` 2.2% (նախորդ տարվա 2.4%-ի դիմաց), 

եվրոգոտու երկրներ` 1.6% (նախորդ տարվա 1.7% աճի փոխարեն), 

զարգացող երկրներ` 4.1% (նախորդ տարվա 4%-ի փոխարեն), 

ԱՊՀ` -0.6%, 

Ռուսաստան` -1.2%, 

Չինաստան` 6.6% (նախորդ տարվա ցուցանիշից 0.3 տոկոսային կետով ցածր և ամենացածրը համաշխարհային ֆինանսա տնտեսական ճգնաժամից ի վեր): 


Ընդ որում` ԱՊՀ-ի և մասնավորապես` ՌԴ տնտեսությունների ԱՄՀ բացասական գնահատականները չեն փոխվել անցյալ տարեսկզբից ի վեր:


Զարգացած երկրներում 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական թույլ աճին զուգահեռ, ներդրումները եղել են ցածր մակարդակի վրա, գնաճը նպատակային թիրախից ցածր է եղել` առավելապես ի հաշիվ հիմնական բորսայական ապրանքատեսակների ցածր գների:


ԱՄՆ


Առաջին կիսամյակում ԱՄՆ տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել: Նավթի գների ցածր մակարդակը բացասական է անդրադարձել էներգետիկ հատվածի վրա, իսկ կայուն դոլլարն ու զարգացող երկրների ցածր պահանջարկը նվազեցրել են արտահանման ծավալները: Միաժամանակ` իրական տնօրինվող եկամտի աճը աշխատաշուկայում դրական զարգացումների համատեքստում խթանել է մասնավոր սպառումը, որն էլ ունեցել է ամենամեծ նպաստումը տնտեսական աճին: Ըստ ամենայնի ԱՄՆ տնտեսական աճի ներկա մակարդակը առաջիկա տարիներին կպահպանվի, ինչին առավելապես կնպաստեն տնային տնտեսությունների պարտքի բեռի նվազումը և եկամուտների աճը, սպասվող դրական զարգացումներն աշխատաշուկայում, անշարժ գույքի շուկայի կայունացումը, ինչպես նաև խթանող հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը:


Եվրոգոտի


Եվրոպական երկրներում առաջին կիսամյակում արձանագրվել է տնտեսական աճի տեմպի որոշակի վերականգնում: Առաջին եռամսյակում տնտեսական աճը սպասվածից բարձր է եղել` գլխավորապես պայմանավորված ներքին բարձր պահանջարկով: Թեև հիմնարար ցուցանիշները կանխատեսում էին տնտեսական աճի հետագա բարելավում, այնուամենայնիվ` հունիսին Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու որոշումը էական անորոշություններ է առաջացրել եվրոգոտու տնտեսական հետագա զարգացումների վերաբերյալ:


Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացվեց ԵՄ-ն լքել-չլքելու հանրաքվե, որի արդյունքում 52% կողմ ձայներով ընտրվեց Եվրամիությունը լքելու տարբերակը: Հանրաքվեին անմիջապես հաջորդեցին կտրուկ տատանումներ ֆինանսական շուկաներում, արդյունքում` Մեծ Բրիտանիայի ազգային արժույթը կտրուկ արժեզրկվեց և կորցրեց իր AAA վարկանիշը: Մեկ ամիս անց, այնուամենայնիվ, միջազգային ֆինանսական շուկաներում իրավիճակը հանդարտվեց, և հիմնական ինդեքսները վերադարձան մինչհանրաքվեի մակարդակին: Ընդհանուր առմամբ` Brexit-ը մեծացրել է տնտեսական անորոշությունները ողջ աշխարհում, և ըստ գնահատումների` նպաստումը բացասական կլինի թե՛ Եվրամիության, թե՛ Մեծ Բրիտանիայի տնտեսական աճին:


Եվրոգոտում տնտեսական աճի վերականգնմանը նպաստել են հումքային ապրանքատեսակների ցածր գները և ԵԿԲ աննախադեպ ծավալների դրամավարկային խթանման միջոցառումների արդյունքում վարկային շուկայում արձանագրված որոշակի աշխուժացումը: Տնտեսական աճը շարունակել են խոչընդոտել ներդրումային թույլ միջավայրը, արտաքին թույլ պահանջարկը, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մի շարք անորոշություններ:


Ակնկալվում է, որ եվրոգոտու տնտեսական հետագա ակտիվությանը հիմնականում կնպաստեն ներքին պահանջարկի կայուն վերականգնումը, դրական զարգացումները աշխատաշուկայում, քանակական ընդլայնման ծրագիրը, ինչպես նաև նավթի գների ցածր մակարդակն ու դրամավարկային մեղմ պայմանները: Այս դրական գործոններին հակակշիռ կարող է լինել ներդրումային թույլ միջավայրը` գլխավորապես պայմանավորված եվրոգոտու հիմնական գործընկեր զարգացող երկրների տնտեսական ցածր աճով:


Զարգացող երկրներ 


Համաշխարհային տնտեսական աճի գրեթե 70%-ն ապահովող զարգացող երկրներում 2016թ. տնտեսական աճի տեմպը շարունակել է դանդաղել, և ըստ ամենայնի` հետագայում ևս էական արագացում չի ակնկալվում: Աճի տեմպերի դանդաղման հիմնական պատճառներից են ներքին թույլ պահանջարկով և ներդրումային թույլ միջավայրով պայմանավորված` տնտեսական դանդաղումը Չինաստանում, բորսայական ապրանքատեսակների ցածր գները և համեմատաբար խիստ ֆինանսական պայմանները (հատկապես` Լատինական Ամերիկայում և նավթ արդյունահանող երկրներում), աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված տնտեսական դժվարությունները (հատկապես` ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում): 


Տնտեսական աճի դանդաղումը զարգացող երկրներում կարճաժամկետ հատվածում շարունակական կլինի` պայմանավորված արտահանվող ապրանքատեսակների ցածր գներով, միջազգային ընդգրկմամբ` դրամավարկային պայմանների խստացման հեռանկարով, թույլ արտահանմամբ, տնտեսական բարեփոխումների անխուսափելիությամբ:


Չինաստանի կառավարությունը շարունակում է միջոցառումներ իրականացնել` տնտեսական աճի շարժիչ ուժը պետական ներդրումայինից մասնավոր սպառողականի փոխելու ուղղությամբ: Այս քաղաքականության ընթացքից էլ, ամենայն հավանականությամբ, էապես կախված է Չինաստանի, մեծ չափով` նաև համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարը առաջիկա տարիներին:


Ռուսաստանի Դաշնություն

 

2016թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում արձանագրվել է տնտեսական անկման տեմպերի դանդաղ նվազում: Տեմպերի նվազման հիմնական պատճառը վերամշակող արդյունաբերության ու գյուղատնտեսության ճյուղերի դրական զարգացումներն են: Պահպանվել է նավթի գների ցածր մակարդակի բացասական ազդեցությունը տնտեսական աճի վրա, իսկ պատժամիջոցները սահմանափակել են մուտքը արտաքին ֆինանսական շուկաներ: Թեև ավելի դանդաղ տեմպերով, սակայն դեռևս շարունակվող տնտեսական անկումը պայմանավորող հիմնական գործոններն են եղել էներգառեսուրսների ցածր գները, աշխարհաքաղաքական իրավիճակը և կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև կապիտալի արտահոսքն ու ազգային արժույթի մեծ տատանողությունը: 


Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ աշխարհաքաղաքական լարվածությամբ պայմանավորված` 2014թ. մարտից ԱՄՆ-ը և ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ մի քանի փուլով կիրառել են առևտրատնտեսական պատժամիջոցներ, որոնք բացասաբար են անդրադարձել կապիտալի հոսքի, արտաքին ներդրումների և ՌԴ տնտեսական աճի վրա: Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ ֆինանսների, էներգետիկայի և ռազմարդյունաբերության ոլորտներին: Մասնավորապես` սահմանափակումներ են դրվել զինամթերքի, երկակի նշանակության որոշ ապրանքների, ինչպես նաև նավթային ոլորտի համար անհրաժեշտ մի շարք սարքավորումների ու տեխնոլոգիաների` Ռուսաստան արտահանման վրա: Արգելվել է նաև ֆինանսական որևէ աջակցություն, որը կվերաբերի սահմանափակումների ցանկում ընդգրկված ապրանքների առևտրին: Բացի այդ, սահմանափակումներ են դրվել նաև ֆինանսական, պաշտպանական և վառելիքաէներգետիկ առանձին կազմակերպությունների գործունեության նկատմամբ, և արգելվում է այդ կազմակերպությունների` 2014թ. սեպտեմբերի 12-ից հետո թողարկած 30 օր և ավելի մարման ժամկետայնության ֆինանսական գործիքներով գործարքներ կատարելը:


ՌԴ տնտեսության աճի վրա զսպող ազդեցություն ունեն նաև ոչ մրցունակ գործարար միջավայրն ու ենթակառուցվածքների զարգացածության ցածր մակարդակը: Այնուամենայնիվ` կարճաժամկետ հեռանկարում նավթի գների որոշակի աճի սպասումների պայմաններում ակնկալվում է, որ Ռուսաստանի տնտեսական աճը կվերադառնա դրական տիրույթ:


ՌԴ վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով` 2016թ. առաջին կիսամյակում տնտեսական անկումը կազմել է 0.9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8%-ի փոխարեն (ՌԴ տնտեսության զարգացումների, գնահատումների ու կանխատեսումների վերաբերյալ տվյալները` ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Мониторинг “О текущей ситуации в экономике Российской Федерации по итогам первого полугодия 2016 года” պարբերականի): Բացասական նպաստում են ունեցել վերամշակող արդյունաբերության, շինարարության, ներդրումների, ինչպես նաև բնակչության իրական տնօրինվող եկամուտների նվազման ցուցանիշները:  Տնտեսական աճին դրական է նպաստել գյուղատնտեսության մեջ արձանագրված աճը:

Կիսամյակային կտրվածքով` առավել խոր անկում է արձանագրել բնակելի շենքերի շահագործումը (7.4%) և մանրածախ ապրանքաշրջանառությունը (5.3%): Զգալի նվազել են նաև կապիտալ ներդրումների և շինարարության ծավալները` համապատասխանաբար 6.9%-ով և 5.2%-ով: 


Ներդրումային գործընթացների արգելակման վրա հիմնականում ազդել են բնակչության տնօրինվող եկամտի նվազման պայմաններում սպառողական պահանջարկի նվազումն ու ֆինանսավորման աղբյուրների սահմանափակ լինելը: Նավթի գների ցածր մակարդակի պահպանումն ու արտաքին տնտեսական անորոշությունները խորացրել են առկա հիմնախնդիրները: Ըստ վիճակագրության դաշնային ծառայության` հունվար-հուլիսին արտահանումը կազմել է 127.7 մլրդ ԱՄՆ դոլլար (2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29.7%-ով): Ներմուծումը կազմել է 83.6 մլրդ դոլլար (նվազումը` 9.5%): Այսպիսով` առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել է 44.1 մլրդ դոլլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 50.6%-ով պակաս:


2016թ. հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 0.1 տոկոսային կետով: 


ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախնական տվյալներով` գործազրկության մակարդակը շարունակում է մնալ ցածր և, անտեսելով սեզոնային գործոնը, գնահատվում է 5.6%:


2016թ. առաջին կիսամյակում, նախորդ կիսամյակի համեմատ, արձանագրվել է ՌԴ ազգային արժույթի ամրապնդում, ինչին նպաստել են նավթի միջազգային գների որոշակի աճը և ՌԴ ԿԲ համեմատաբար խիստ դրամավարկային քաղաքականությունը: Մասնավորապես` ԱՄՆ դոլլարի նկատմամբ ռուսական ռուբլու իրական արժեվորումը կազմել է 8.15%, եվրոյի նկատմամբ` 6.2%: ՌԴ միջազգային արտարժութային պահուստներն աճել են` կազմելով 392.8 դոլլար:

 

ՌԴ կենտրոնական բանկը, գնաճի շարունակական նվազման պայմաններում, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է մեկ անգամ` նվազեցնելով 0.5 տոկոսային կետով և սահմանելով 10.5%: Հարկ է նշել, որ բանկերի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ԿԲ-ն շարունակել է իրականացնել արտարժութային ռեպո գործարքներ, որոնց պահանջարկը, սակայն, կիսամյակի ընթացքում զգալի նվազել է:


2016թ. առաջին կիսամյակում ոչ ֆինանսական հաստատություններին և տնային տնտեսություններին ՌԴ բանկային համակարգի տրամադրած վարկերը նվազել են 5%ով (փոխարժեքի գործոնը հաշվի չառնելու դեպքում` 1.6%-ով): Միաժամանակ` ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված վարկերում «չաշխատող» վարկերի մասնաբաժինը կազմել է 6.8%, չաշխատող սպառողական վարկերը` 8.5%: