Դեկտեմբեր 14 2016

Հաջողում են այն երկրները, որոնցում արժեհամակարգն իր տեղում է

Հաջողում են այն երկրները, որոնցում արժեհամակարգն իր տեղում է

Կոնգոյի հյուսիսում բնակվում են ցեղեր, որոնց թվում է, թե

Եվրոպան հանդերձյալ աշխարհ է, եվրոպացիները հոգիներ են, ու

իրենք երազում են հանդերձյալ աշխարհում ապրել Եվրոպայում:



Armef News-ի խնդրանքով՝

ՀՀ տնտեսության զարգացման իր տեսլականն է ներկայացնում

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր,

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,

Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման

գաղափարի հեղինակ Գագիկ Վարդանյանը:


Երկրի զարգացման խնդրի լուծման բանալին արժեհամակարգն է 


Անցումային համակարգային գրեթե բոլոր խնդիրները մենք լուծել ենք: Մասնավորապես՝ ձևավորվել են շուկայական ինստիտուտները, շուկայական տնտեսությանն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Առայսօր չի լուծվել միայն տնտեսական և ընդհանուր առմամբ՝ զարգացման խնդիրը: Ընդ որում՝ դա չի հաջողվում շատ ու շատ երկրների: Հաջողվում է այն երկրներին, որոնցում ձևավորվում են առաջընթացի համընդհանուր արժեքներին համահունչ մշակութային գործոններ, արժեհամակարգ, ոչ ֆորմալ հաստատություններում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու կարողություն: Խոսքը վերաբերում է սոցիալական-հոգեբանական և բարոյական այն միջավայրին, որը մարդկանց շահադրդում է սոցիալական ու տնտեսական զարգացման համար անհրաժեշտ փոփոխությունների և նորաստեղծությունների:


Ամենասարսափելին ու վտանգավորը մշակութային անկումն է


Համակարգը փոխվեց, և բնականաբար՝ պետք է որոշակի փոփոխություններ արվեին նաև կրթության համակարգում: Ցավոք՝ հին արժեհամակարգի փլուզմանը չհետևեց նորի ձևավորումը: Մեզ թվում էր, թե 1990-ականների տնտեսական խոր անկումից և գերարժեզրկումից սարսափելի բան չի կարող լինել: Մինչդեռ ամենասարսափելին ու վտանգավորը մշակութային անկումն է: Սա է մեր այսօրվա իրավիճակի լրջագույն խնդիրներից մեկը: 


Մշակութային անկումը, արժեհամակարգի բացակայությունը կասկածահարույց են դարձրել այնպիսի արժեքներ, ինչպես կրթությունը, գիտությունը: Որքանո՞վ է պատվաբեր որակյալ կրթություն ստանալը, որքանո՞վ է պատվաբեր գիտությամբ զբաղվելը. նման հարցադրումները հարիր են արժեհամակարգի բացակայության կամ մշակութային անկման պայմաններին: Բուդդիզմում ի սկզբանե համարվում էր, որ գիտությունը, կրթությունը, արվեստները միայն վերնախավի բնագավառներ են, իսկ ֆիզիկական աշխատանքը` մնացյալ հասարակ մահկանացուներինը: Ճապոնիան 19-րդ դարում, Չինաստանը՝ 1970-ականներին հրաժարվեցին այդ արժեհամակարգի այն տարրե-րից, որոնք խոչընդոտում էին իրենց առաջընթացը: Զարգացման տեսակետից նրանց նվաճումններն ակնառու են: 


Արժեհամակարգի բաղադրիչներից մեկը կրոնն է: Մենք շատ ենք հպարտանում, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Քրիստոնեությունն ունի բազմաթիվ ուղղություններ, հոսանքներ: Մասնավորապես՝ մենք հավատում ենք հանդերձյալ աշխարհին: Մեր կրոնով՝ մարդկանց մեջ սերմանվում է այն գաղափարը, որ հանդերձյալ աշխարհում լավ կլինի: Կոնգոյի հյուսիսում բնակվում են ցեղեր, որոնց թվում է, թե Եվրոպան հանդերձյալ աշխարհ է, եվրոպացիները հոգիներ են: Իրենք երազում են հանդերձյալ աշխարհում ապրել Եվրոպայում: Նույնը կարելի է ասել նաև կաթողիկեների համար: Իսկ ահա բողոքականների մոտ այլ է պատկերը: 


Պետք է հրաժարվել հանդերձյալ աշխարհում լավ ապրելու երազանքներից: Մենք պետք է հասկանանք մի բան, որ պետք է լավ ապրել հիմա ու այս աշխարհում: Զարմանալի է, որ մեզանում որոշակի բացասական վերաբերմունք կա հարստության, բարեկեցիկ կյանքի նկատմամբ: Եթե մարդն աշխատում է, ուրեմն՝ պետք է կարողանա բարեկեցիկ ապրել: Թողնենք «այլ ճանապարհներով» իրենց բարեկեցությունն ապահովածներին: Մեզ համար պետք է գերնպատակ լինի համատարած բարեկեցություն ապահովելը: Ունեցվածքի, հարստության նկատմամբ դրական վերաբերմունք պետք է լինի: Բայց երիտասարդությունը, մեր իրականությունից ելնելով, հասկանում է, որ բարեկեցության, հարստության տանող ճանապարհը չի անցնում կրթության և գիտության տաճարով: Թյուր կարծիք է: Բացառվում է, որ հիմնավոր գիտելիք ունեցողն անգործ մնա: Այսօր մեզանում ոչ թե գործազրկություն կա, այլ բարձրարժեք, բարձր որակավորմամբ մասնագետների դեֆիցիտ: Արժեհամակարգի փլուզման արդյունքում առաջացել է մի իրավիճակ, երբ երիտասարդին թվում է, թե առանց սովորելու էլ այլ ճանապարհով կարելի է որոշակի բարձունքների հասնել: Մինչդեռ դա այդպես չէ: 


Առանց երիտասարդ սերնդի մտածելակերպի փոփոխության, առանց նրանց ճնշող մեծամասնության՝ դեպի իրական արժեքներ շրջադարձի հնարավոր չի լինի զարգանալ, զարգացած երկիր դառնալու հայտ ներկայացնել: Այդպիսի շրջադարձի համար պետք է վստահություն:


Ի տարբերություն շատ երկրների՝ մենք ունենք արժեհամակարգի որոշ բաղադրիչներ, որոնք իմպերատիվ են: Հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության վերականգնման համար, Արցախյան գոյամարտը. սրանք մեր արժեհամակարգի հիմքում են: Մնում է մտորել մյուսների մասին: Նման խնդիրների լուծումն անցնում է բարեկեցիկ երկիր ստեղծելու ճանապարհով, բնակչության բարեկեցիկ կյանքի ստեղծումով: Բայց բարեկեցությունը հենց այնպես չի տրվում: Տնտեսության զարգացումը, հատկապես՝ արդյունաբերության զարգացումը մեզ համար օրախնդիր է: Իսկ արդյունաբերության մեջ ազգային անվտանգության հիմք հանդիսացող մեքենաշինական համալիրի զարգացումը՝ առաջնահերթ: Այդ ոլորտում Հայաստանը բավական լավ ավանդույթներ էր ձևավորել և ուներ զարգացած երկրներին հարիր արդյունաբերության կառուցվածք, ինչն այլևս կորսված է անդարձ: 


Պետք է նայել առաջ, ստեղծել նորը, ինչը հնարավոր է նոր մտածելակերպով ու արժեհամակարգով առաջնորդվող մարդկանց կրիտիկական զանգվածի առկայությամբ: Այսօր մենք, լինելով աշխարհաքաղաքական նման իրավիճակում, բնականաբար՝ պետք է լուրջ վերաբերենք այս հարցերին: Ողջունելի է, որ կառավարության ծրագիրը սկսվում է արժեհամակարգից: Նշվում է, որ մարդը պետք է լինի կենտրոնում: Հետևաբար՝ նշանակալի ներդրումներ պետք է արվեն հենց մարդկային կապիտալում, մարդու զարգացման մեջ. կրթություն, գիտություն, առողջապահություն:


Կապիտալներից կարևորը վստահությունն է


Խնդիրը կառավարության հայտարարած քաղաքականության նկատմամբ վստահության հարցն է: Այս օրերին հասարակական լայն արձագանք գտած հարցերից է այսպես կոչված՝ 1000 դրամի հարցը: Մի կողմից դա կապ ունի արժեհամակարգի հետ, իսկ մյուս կողմից առաջանում է վստահության խնդիրը: Ժամանակին էլ կենսաթոշակայինի հետ կապված հարցում դարձյալ վաստահության խնդիրն էր դրված: Իրականում վստահությունն ավելի կարևոր կապիտալ է, որն անվանվում է սոցիալական կապիտալ, քան բուն ֆինանսական կապիտալը. վստահության առկայության դեպքում, ընդ որում՝ ոչ միայն պետական վարչակազմի, այլև գործընկերների, ներդրումներն իրենց սպասեցնել չեն տա:


Կան մի շարք հետազոտություններ՝ կապված վստահության հետ: Դրանցից մեկում զուգահեռներ են տարվել Անդրկովկասի երեք հանրապետությունների միջև, ինչպես նաև Գերմանիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև: «Մարդկանց մեծ մասին վստահելու» հարցադրմանն առնչվող ցուցանիշը Հայաստանում կազմել է 14.8%, «պետք է շատ զգույշ լինելուն» կողմ է եղել հարցվածների 82%-ը: Դա նշանակում է, որ մեզանում վստահության ընդգծված պակաս կա: 


Վստահության մասին ես խոսել եմ դեռևս տարիներ առաջ՝ կապված ԽՍՀՄ-ից մնացած ավանդների հետ: Պետք է հարցը դրվեր և լուծվեր այնպես, որ մարդիկ վստահ լինեին, որ նոր ստեղծված պետությունը ոչ միայն ստանձնում է նախորդի իրավունքները, այլև պարտավորությունները: Վստահության վարձր մակարդակով հասարակություն ունենալու պատեհ առիթն այն ժամանակ բաց թողնվեց: Ու խնդիրը ոչ այնքան մարդկանց կորցրած գումարներն էին, որքան սոցիալական կապիտալը ձևավորելը: Իհարկե՝ փոխհատուցում տրվեց, որն այնքան էլ համարժեք չէր, ու գրեթե դրական ազդեցություն չունեցավ վստահության առումով: 


Մեր ոչ բարեկամ դրկից երկրում վստահության ավելի մեծ պաշար կա՝ մեր համեմատ կրկնակի ավելի: Սա է մեզ համար վտանգավոր: Ամենամեծ զենքն այսօր վստահությունն է: Ու եթե բնակչությունը վստահում է կառավարության ծրագրին, և այդ ծրագրի իրագործումը դժվարությունների հետ է կապված, ժողովուրդը կգնա աջակցելու: Խոսքը միայն կառավարության ծրագրերին չի վերաբերում: Նույն կերպ՝ արդյո՞ք ուսանողը վստահում է այս կամ այն համալսարանին: 


Հիմա մեկ այլ միտում էլ է նկատվում՝ ազդում են ժողովրդագրական գործընթացները. դիմորդների թիվը վերջին հինգ-վեց տարիներին կրկնակի կրճատվել է, յուրաքանչյուր համալսարանում դիմորդները տարեցտարի 10-15%-ով նվազում են: Միաժամանակ՝ մասնավորապես մագիստրոսական մակարդակում այնպես չէ, որ նվազելը կախված է ժողովրդագրական գործընթացներից: Եթե հազար դիմորդ ուսանող է դարձել, ապա նրանցից գոնե 600-700-ը ենթադրաբար պետք է գնա մագիստրատուրա: Այստեղ պահանջարկի հարց էլ կա՝ ինչպիսին է աշխատաշուկայի կողմից մագիստրոսի պահանջարկը: Սա հարցի երկրորդ կողմն է: Բակալավրիատի շատ շրջանավարտներ մեկնում են արտասահման՝ ուսումը շարունակելու: Դա լավ է: Իսկ գուցե չեն վստահում մեր մագիստրոսական համակարգին: Վստահություն պետք է լինի ամենուր, դա սոցիալական կապիտալն է, որն այսօր ամենամեծ արժեքն ունի: 


Առանց պատերազմ հաղթելու ճանապարհը 

գիտելիքահենք տնտեսություն ձևավորելն է


Հայաստանի անվտանգության ու զարգացման երաշխիքը կարող է լինել գիտելիքահենք տնտեսությունը: Նման տնտեսության ձևավորման համար մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ ռեժիմնը, կրթության ու նորաստեղծական համակարգերը, տեղեկատվական ենթակառուցվածքը: 


Եղավ մի պահ, որ տեղեկատվական ենթակառուցվածքի մասով մենաշնորհը խանգարեց, որ արագ զարգացում ապրենք: Մի քանի տարով ետ ընկանք: Եթե հաշվի առնենք, որ գոյություն ունի վեբ տարի հասկացությունը, որը 3 ամիսն է, ուրեմն՝ այդ տարիները, որ մենք ետ ենք ընկել, շատ ավելին են: Դա՝ ենթակառուցվածքի մասով: 


Ազգային նորաստեղծական համակարգի մասին առաջին անգամ կառավարության ծրագրում արձանագրվեց 2003թ.՝ Առևտրի և արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ: Հռչակվեց, որ կառավարությունը ձեռնամուխ է լինելու ազգային նորաստեղծական համակարգի ձևավորմանը: 2005-ին մշակվեց այդ ռազմավարությունը, բայց պարզվեց, որ դրա իրականացման համար ֆինանսավորում չի նախատեսվել: Ստացվում է, որ ռազմավարությունը կա, կառավարությունը գիտի, թե որ ճանապարհով պետք է գնա, բայց ֆինանսավորում չկա: Ընդ որում՝ խոսքը չի վերաբերում միայն պետական ֆինանսավորմանը, դա հավասարապես առնչվում է նաև մասնավոր հատվածին. զավեշտական է՝ այս կամ այն ընկերությունն ինչպես է պատկերացնում իր բարգավաճումն առանց հետազոտությունների ու մշակումների վրա փող ծախսելու: Մենք ունենք նորաստեղծական համակարգի գրեթե բոլոր տարրերը, բայց համակարգը համալսարանների միջև փոխհարաբերությունները, համալսարան-արտադրություն կապն է, այն մեխանիզմը որի գործադրմամբ գիտելիքը փոխակերպվում է արտադրանքի, տեխնոլոգիայի, ընդհանուր առմամբ՝ արժեքի: Մենք այսօր չունենք ազգային նորաստեղծական համակարգ: Իսկ դա գիտելիքահենք տնտեսության կարևոր հենասյուներից է: 


Ազգային նորաստեղծական համակարգի կայացման համար անհրաժեշտ է ուժեղ դպրոց, բուհական և գիտական ուժեղ համակարգեր՝ հիմնված արժեհամակարգի վրա: Եվ տնտեսական զարգացումը սպասեցնել չի տա: Քանի որ միատարր երկիր ենք, մենք շատ արագ կարող ենք տնտեսական թռիչք ապահովել: Խոսքս բնակչության հիմնական զանգվածի մշակութային, կրթական մակարդակի բարձրացման մասին է: Իսկ այդ դեպքում մեր խնդիրները շատ արագ կլուծվեն: Իսկ սոցիալական խնդիրների համար, ինչպես 100 տարի առաջ ասում էր մեծ տնտեսագետ Ալֆրեդ Մարշալլը, պետք է միջոցները հոսեն գետի նման: Այդպես են արել արևելյան մի շարք երկրներ՝ Ճապոնիան, Թաիլանդը և այլն, որոնք չունենալով տնտեսական ներուժ՝ զանգվածային ներդրումներ են կատարել մարդկային կապիտալում, կրթության և առողջապահության ոլորտներում: 


Հայաստանի Հանրապետությունը արդեն 25 տարի է՝ անկախ երկիր է: Հայտնի իրադարձություններով պայմանավորված՝ երկիրն ունեցել է և ունի բազում դժվարություններ, որոնք ի թիվս այլ ոլորտների՝ բացասաբար են անդրադարձել նաև սոցիալական ոլորտի վրա, կրթության, գիտության և առողջապահության վրա: Վտանգվել է մարդկային զարգացումը, հետևաբար՝ նվազել են մարդկային կապիտալի մեծացման հնարավորությունները: Այս տարիների ընթացքում այդ ոլորտներում արձանագրվել են համեստ ձեռքբերումներ, իսկ որոշ դեպքերում եղել է նույնիսկ ետընթաց: Ներկա դարաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հիմքը հանդիսացող գիտության ոլորտում նվազել է գիտնականների թիվը, կատարվող հետազոտությունների առումով չկա շոշափելի առաջընթաց, թեև առանձին նվիրյալներ գրեթե առանց հատուցման գիտության մեջ շարունակում են իրենց աշխատանքը: 


Գիտությունը թանկ հաճույք է ցանկացած երկրի համար: Անկախ գիտական հետազոտությունների արդյունքներից՝ զարգացած երկրները ՀՆԱ-ի շուրջ 2.5-3%-ը տրամադրում են գիտությանը: Մեզանում գիտության ֆինանսավորումը 10 անգամ զիջում է նշյալ ցուցանիշին: Թերևս որպես դրա արդարացում՝ կարծիքներ են հնչում, թե գիտությունը տնտեսությանը ոչինչ չի տալիս, այդ պատճառով էլ պետք չէ ոլորտը լրջորեն ֆինանսավորել: Կան նաև այլ փաստարկներ, օրինակ՝ երկրի տնտեսական ոչ մեծ ներուժը: 


Պետք է նկատի ունենալ մեկ բան. անկախ հետազոտությունների արդյունքներից, միևնույն է՝ զարգացած երկրներում ներդրումների մակարդակը չի իջնում տնտեսական անվտանգության շեմից՝ 2-2.5%-ից ցածր, որովհետև դրանով բարձրանում է երկրի տեխնոլոգիական կլանող կարողությունը, ինչը կարևոր է՝ այլ երկրներից տեխնոլոգիաների ընդօրինակման ու տարածման առումով: Այնպես չէ, որ այսօր երկրները զարգանում են միայն իրենց մշակած տեխնոլոգիաների հաշվին: Եթե տեխնոլոգիան մշակվել է այլ երկրում, մրցակցային առավելությունը ձևավորում է այն, թե տվյալ երկրի այս կամ այն ընկերությունը ինչ արդյունավետությամբ է օգտագործում այդ տեխնոլոգիան, ինչ հմտություններ է կիրառում, իր տեղական հմտությունները ինչպես է համադրում այդ տեխնոլոգիայի հետ՝ ավելի մեծ արդյունք ստանալու ակնկալիքով: Այս տեսակետից՝ առանց կրթության արդյունավետ համակարգի գիտությունը չի կարող զարգանալ, իսկ գիտելիքը չի վերածվի արժեքի: Բնակչության համընդհանուր կրթական մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի: Հայաստանի համար դա դժվար չէ, քանի որ այդ ճանապարհով մենք արդեն անցել ենք, և որոշ ավանդույթներ դեռևս պահպանվել են:


Երկրի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է, որ տեխնիկական, բնագիտական մասնագիտությունների շրջանավարտների թողարկումը մի քանի անգամ գերազանցի հումանիտարին: Մեզանում առայժմ հակառակն է: Երբ մարդիկ կհասկանան, թե որոնք են իրական արժեքները, շատ բան կփոխվի: Ի վերջո՝ կարևոր է ծառայություն կամ արտադրանք ստեղծողը: Պետք է երիտասարդության մեջ ձևավորվի ձգտում դեպի բնական գիտությունները:


Կարևոր գործոն այն է, թե ինստիտուցիոնալ ռեժիմը կամ տնտեսական խթանները որքանով են նպաստում, որ մենք ունենանք նորաստեղծական տնտեսություն, որքանով են նպաստում երկրի տեխնոլոգիական կլանող կարողության մեծացմանը, տեխնոլոգիական զարգացմանը, տեխնոլոգիաների փոփոխությանը, տնտեսության նոր, արագ աճող ոլորտների առաջացմանը: Մասնավորապես՝ մեր հարկային օրենսդրությունը շատ կոշտ է, և այդպիսի խիստ մոտեցում նույնիսկ զարգացած երկրներում չկա: ԱՄՆ-ում, օրինակ, օրենսդրորեն նախատեսվում են հարկային սողանցքներ, ինչը համարվում է բիզնեսի համար թթվածին: Օրենսդիրը գիտի, թե գործարարին մանևրելու ինչ չափ է թողնում: 


Մենք լոգիստիկ խնդիրներ ունեցող շրջափակված երկիր ենք և նոր շուկաներում դեռևս պետք է ճանաչելի դառնանք մեր արտադրանքով: Նոր շուկաներ մտնելու առումով մարքեթինգային մեծ խնդիրներ ունենք, հետևաբար՝ մեծ ծախսեր: Եվ այս ամենը պետք է տեղավորվի հարկային կոշտ օրենսդրության շրջանակներում: Դա լավ օրից չէ: Քանի որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, և արագ աճող հատվածները, որտեղ տարեկան 20-30% աճ է ապահովվում (ՏՏ ոլորտ), չնչին են, ապա արագ աճ ապահովող ճյուղերի պակասության պայմաններում հնարավոր չէ ավելի ընդլայնել հարկվող հենքը, ունենալ մեծ եկամուտներ, որպեսզի նաև պետությունն իր գործառույթները պատշաճ կատարի: Խնդիրն այլ է. արդյո՞ք պետք է այդպես շարունակել, որ ամեն տարի դժվարությամբ բյուջե կատարվի, ու բյուջեով որոշ խնդիրներ չլուծվեն, թե անհրաժեշտ է փոխել հարկման փիլիսոփայությունը, քաղաքականությունը՝ ձեռնարկատիրական ամբողջ ներուժի լիարժեք իրացման համար: 


Երկաթգիծ չունենալը թանկ է նստում Հայաստանի վրա: ՄԱԿ-ի հետազոտություններով պարզվել է, որ ծովային ելք չունեցող երկրները կորցնում են իրենց արտահանումների եկամտի մինչև 15%-ը, որն էլ իր հերթին 1-2%-ի չափով նվազեցնում է ՀՆԱ-ն: Հայաստանի նման երկրները շուրջ 40-ն են: Բայց Շվեյցարիան, ոչ էլ Ավստրիան Հայաստանի հետ համեմատելի չեն: 


Բացի այն, որ մենք ծովային ելք չունենք, նաև հայտնի խնդիրները կան: Արդյո՞ք պետք է հարկվող հենքից չհանել մարքեթինգային ծախսերը, լոգիստիկ լրացուցիչ ծախսերը: Եթե նույնիսկ որոշ ժամանակահատվածում բյուջեն նվազելու է, հետո սիներգետիկ էֆեկտ է լինելու: Եկամուտները նշանակալի աճելու են: Կարևոր է նաև այն հարցը, որ մեր պետական բյուջեում դեռևս մեծ տեսակարար կշիռ են կազմում անուղղակի հարկերը, ինչը նաև սոցիալական արդարություն, հետևաբար՝ վստահություն ապահովել չի կարող: