Սեպտեմբեր 03 2016

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

ՀՀ 2017-19թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսվում են վարկերի ու ավանդների աճ և ՀՆԱ-ում դրանց տեսակարար կշռի ավելացում:


ՄԺԾԾ-ում ներկայացված են ֆինանսական շուկաները բնութագրող երկու հիմնական ցուցանիշները` ֆինանսական միջնորդության խորությունը և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքները: Ֆինանսական միջնորդության խորության ցուցանիշը բնութագրում է ֆինանսական ինստիտուտների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ և այլն)՝ տնտեսության մեջ ներգրավվածությունը: Ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքները ազատ մրցակցության պայմաններում ցույց են տալիս փողի գինը` հաշվի առած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից գնահատվող տարբեր ռիսկերի աստիճանը: Գնաճի տրված մակարդակի պայմաններում եթե տոկոսադրույքները բարձր են, ապա ռիսկայնության աստիճանը բարձր է կամ հակառակը: Այսինքն` ֆինանսական շուկայի միջոցով կարգավորվում է փողի նկատմամբ առաջարկը և պահանջարկը (փողի զանգված, փողի բազա) և դրա գինը (բանկային տոկոսադրույք) տնտեսական գործունեություն ծավալողների համար:


2013-15թթ., տնտեսական աճին զուգահեռ, փողի զանգվածի միջին աճը կազմել է 11.3%: Ընդ որում՝ նույն ժամանակահատվածի համար փողի զանգվածում բանկային համակարգից դուրս կանխիկը նվազման միտում է ունեցել` կազմելով 3.4%, դրամային ավանդներն աճել են 14%-ով, արտարժութային ավանդները` 17.9%-ով: Փողի բազայի միջին աճը կազմել է 11.2%: Ընդ որում` ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը միջինը նվազել է 2%-ով, ՀՀ դրամով պարտադիր պահուստները՝ աճել 31.1%-ով, իսկ արտարժույթով պարտադիր պահուստները` 56.3%-ով: 


Նույն տարիներին, չնայած 2015թ. վարկավորման ծավալների զգալի նվազմանը, ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին առևտրային բանկերի տրամադրած վարկերի աճը միջինը կազմել է 10.2%, տեսակարար կշիռը ՀՆԱ-ում` 42.3%: 2013թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, այդ վարկերն ավելացել են 192.6 մլրդ դրամով կամ 12%-ով՝ ՀՆԱ-ի 39.5% (ընդգրկված չեն կուտակված տոկոսները, վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը): 2014թ. վարկերի աճը կազմել է 390.1 մլրդ դրամ (21.7%), ՀՆԱ-ում՝ 45.3%: 2015-ին վարկերը նվազել են 68.8 մլրդ դրամով (3.2%-ով)՝ ՀՆԱ-ում կազմելով 42.1%:


Վերջին 3 տարում ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից առևտրային բանկերի ներգրաված ավանդների աճը միջինը կազմել է 17.7%, կշիռը ՀՆԱ-ում` 36.9%: Ավանդները 2013թ, դեկտեմբերի վերջի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 400.3 մլրդ դրամով կամ 33%-ով և ՀՆԱ-ում կազմել շուրջ 35.4%: 2014թ. վերջի դրությամբ ներգրավված ավանդները նախորդ տարվա համեմատ ավելացել են 145.1 մլրդ դրամով կամ 9%-ով և ՀՆԱ-ի մեջ կազմել 36.4%: 2015-ի վերջի դրությամբ ներգրավված ավանդները նախորդ տարվա համեմատ ավելացել են 193.6 մլրդ դրամով կամ 11%-ով և ՀՆԱ-ում կազմել 38.8%: 


Վարկերի և ավանդների դինամիկան 
 

*Կանխատեսումները հիմնված են ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ գնահատականների վրա:

**Ցուցանիշների համադրելիությունն ապահովելու տեսանկյունից 

վարկերը պետք է դիտարկել տարեկան ՀՆԱ-ի մեջ:


Առևտրային բանկերի՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքների միջին ամսական մակարդակը 2015թ. կազմել է 14.1%՝ 2014թ. դեկտեմբերի 12.5%-ի համեմատ: Իսկ ՀՀ դրամով վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը 2015թ. դեկտեմբերին կազմել է 15.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 16.2%-ի դիմաց:


Առևտրային բանկերի՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով ներգրավված ավանդների և վարկերի միջին ամսական տոկոսադրույքների միջև սպրեդը 2015-ին նախորդ տարվա նկատմամբ նվազել է 2.53 տոկոսային կետով` կազմելով 3.4 տոկոսային կետ:


Միջնաժամկետ հորիզոնում, տնտեսական զարգացումներին համահունչ, 2017-19թթ. համար փողի բազայի և փողի զանգվածի միջին աճերը կկազմեն՝ համապատասխանաբար շուրջ 7.9% և 8.7%: