Մարտ 10 2014

ԻՆՉ ԳԻՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

ԻՆՉ ԳԻՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

ԻՆՉ ԳԻՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ

Armef News-ը տեղեկացրել է, որ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը ներկայացրել են 2013-14թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը, որը մանրամասնել է «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանը:
 

Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը, ավանդաբար, պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական համայնքի միջև կարևոր երկխոսություններից է: Նման երկխոսություններին աջակցելը և դրանք առավել տեղեկացված ու արդյունավետ դարձնելը Ազգային մրցունակության զեկույցի բուն նպատակն է:

Երկրի մրցունակությունը փոքրաթիվ մակրո և հազարավոր միկրո որոշումների արդյունք է: Նմանատիպ միկրո որոշումներից մեկն էլ «Ի-Վի Քոնսալթինգի» և իր հետազոտական թևի` «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հանձնառությունն է պարբերաբար վերլուծել և լուսաբանել մրցունակության խնդիրները: Զեկույցի հրապարակումը համընկնում է այնպիսի ժամանակաշրջանի հետ, երբ տնտեսական աճի յուրաքանչյուր տոկոսային կետը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի համար: 

Կայուն ու երկարատև ուղիների որոնում

Ազգային օրակարգի առաջնային խնդիրը կայուն ու երկարատև ուղիների որոնումն է: Այս տարվա զեկույցի թեման հենց դա է: Զեկույցը շեշտադրում է երկար, կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու կամ չապահովելու գինը: Վերլուծությունը վեր է հանել աճի առանցքային սահմանափակումները և ռազմավարական ուղղություններ է ներկայացնում` դրանք հասցեագրելու և վերացնելու ուղղությամբ: Զեկույցը ցույց է տալիս, թե ինչ գին ունի տնտեսական աճը այսօրվա մեր պայմաններում, և ինչպիսի հրատապության խնդիրներ գոյություն ունեն: 

Հայաստանն այսօր կանգնած է սոցիալական լրջագույն խնդիրների առջև, որոնցից են գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը: Այդ տեսակետից մրցունակության մարտահրավերը երկու հիմնական բաղադրիչների ապահովումն է` բարձր վարձատրությամբ աշխատատեղեր և արտադրության միաժամանակյա աճ: Մրցունակությունը ենթադրում է ոչ միայն արտադրողականության աճ, այլև աշխատունակ ողջ բնակչության համար աշխատատեղերի առկայություն, որոնք հնարավորություն են տալիս ունենալ բարձր վարձատրություն: Կարճաժամկետ հատվածում ինչ-որ տեղ կարելի է մտածել, որ արտադրողականությունը հակասում է աշխատատեղերի ավելացման խնդրին: Եթե արտադրողականությունը բարձրանում է, բնական է, որ ավելի քիչ մարդ է հարկավոր նույն չափի տնտեսական արժեք ստեղծելու համար: Այս խնդրի միակ հնարավոր լուծումը տնտեսական աճն է: Սակայն կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ` ավելի ցածր արտադրողական ոլորտներից ավելի բարձր արտադրողական ոլորտներ աշխատուժի տեղաշարժման համար:

Տնտեսական աճի գինը ցույց տալու վարժություն

Մենք ստեղծել ենք մոդել, որն ըստ էության վարժություն է` ցույց տալու տնտեսական աճի գինը: Մոդելի հիմնական ենթադրությունը հետևյալն է. սահմանել ենք այսպես կոչված տնտեսության թիրախային վիճակ: Դա այն վիճակն է, երբ մենք կունենանք գործազրկության բնականոն մակարդակ` մոտավորապես 6%-ի պայմաններում, տնտեսական շարժառիթներով միգրացիայի բացակայություն, և ենթադրված է արտադրողականության անընդհատ աճ, որովհետև մենք ստիպված ենք անընդհատ բարձրացնել արտադրողականությունը առևտրային հիմնական գործընկերներ երկրների հետ արտադրողականության ճեղքվածքը փակելու համար, որպեսզի դրսում մրցունակ լինենք: 

Այս վարժության արդյունքում մենք ստացել ենք հետևյալ պատկերը. եթե կարողանանք ամեն տարի ապահովել 7.5% միջին տնտեսական աճ, մենք տնտեսութան թիրախային վիճակին կհասնենք 2019թ.: Մինչդեռ մոտ 10%-ի պարագայում դա արդեն երեք տարվա խնդիր է: Իսկ 3.5%-ի շրջանակներում տնտեսական աճի պարագայում` 2040թ.: Տնտեսական աճ ապահովելու համար, բնականաբար, անհրաժեշտ են ներդրումներ: 

Աճի ախտորոշում

Ներդրումների երկարաժամկետ աճը ենթադրում է ներդրումներ արտադրողական կապիտալում և նեդրումների առանցքային խոչընդոտների չեզոքացում: Բայց պետք է հասկանանք` ինչն է խոչընդոտում Հայաստանում ներդրումների ավելացմանը: Հայաստանը բումի տարիներին բավական բարձր համախառն կապիտալի կուտակում է ունեցել, որից հետո` 2008թ. սկսած, այն շարունակաբար նվազել է: Հիմա խնդիրը այդ սահմանափակումների վերացումն է: Որպեսզի մենք այդ սահմանափակումները, գնահատենք կիրառել ենք մի գործիք, որը կոչվում է աճի ախտորոշում, որը հիմնականում դիտարկվում է այսպես կոչված առանցքային սահմանափակումների նույնականացման համար: Առանցքայինը այն սահմանափակումներն են, որոնց չվերանալու պարագայում մնացած միջամտությունները կլինեն անարդյունավետ: 

Աճի ախտորոշման մեթոդաբանությունը նման է բիզնեսի կողմից նախագծերի իրագործելիությունը գնահատելու մոտեցումներին՝ կիրառված մակրո մակարդակում: Այսինքն` ներդրումների շահավետությունը կախված է երկու գործոնից` տնտեսական եկամտաբերությունից և դրա համար պահանջվող ֆինանսավորման ծախսերից: Տնտեսական եկամտաբերությունը մակրո մակարդակով բաժանվում է երկու մասի. ընդհանուր եկամտաբերություն, ընդհանրապես` որքան է այդ գործունեությունը եկամտաբեր, և դրա յուրացման աստիճան, այսինքն` ինչքան եք կարողանում այդ եկամտաբերության պայմաններում յուրացնել ստեղծված տնտեսական արժեքը, որովհետև ձեր ստեղծած տնտեսական արդյունքի մի մասը ձեզ չի մնում, արտահոսում է, օրինակ` հարկերի տեսքով: Տնտեսական արդյունքների յուրացումը չափում է տնտեսական արդյունքի այն մասը, որը մնում է այդ արդյունքը ստեղծողին: Ընդհանուր եկամտաբերությունը պայմանավորվում է հիմնականում արտադրության և դրան նպաստող գործոններով, մասնավորապես` մարդկային կապիտալի և ֆիզիկական կապիտալի կամ ենթակառուցվածքների առկայությամբ ու որակով: 

Տնտեսական արդյունքների յուրացումը բաղկացած է երկու հիմնական գործոնից. այսպես կոչված` շուկայի թերացումներ և կառավարության կամ հանրային քաղաքականության թերացումներ: Ֆինանսավորման մասով դա բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից` խնայողությունների մակարդակ և ֆինանսական միջնորդավորում: Ի վերջո` տոկոսադրույքը ձևավորվում է այն բանի հետևանքով, թե որքան է խնայողություն տեղի ունենում տվյալ տնտեսության մեջ, և ինչպես է դա տրանսֆորմացնում արտադրողական կապիտալի: Ֆինանսական միջնորդության մասով դիտարկում են հիմնականում երեք բաղադրիչ` մրցակցություն, ռիսկ և տոկոսադրույք: 

Առանցքային սահմանափակումներ

Սա այն հայեցակարգն է, որը մենք կիրառել ենք այս զեկույցի շրջանակներում: Ըստ էության` նպատակը առանցքային սահմանափակումները նույնականացնելն է և դրանց առաջնայնություն տալը: 

Սկսենք, նախ, ընդհանուր եկամտաբերությունից և դրա առաջին բաղկացուցչից՝ մարդկային կապիտալից: Ընդհանուր առմամբ` աշխատուժի խնդիրները Հայաստանում արմատապես կապված են աշխատուժի ոչ թե քանակի, այլ որակի հետ: Այդ են, մասնավորապես, վկայում ընկերությունների ղեկավարների հարցումները: Ըստ նրանց` բարձր որակավորման աշխատուժի պակասը հիմնական երկրորդ խոչընդոտն ու սահմանափակումն է: Առաջինը շուկայի սահմանափակությունն է, ապա` հարկային-մաքսային վարչարարությունը, հետո` ֆինանսական միջոցների դժվար հասանելիությունը: Ըստ էության` աճի հիմնական խոչընդոտների մասով մենք մեր ուսումնասիրություններում նույն եզրահանգումներին ենք եկել, ինչ գործարարներն են գնահատել: 

Ենթակառուցվածքների մակարդակը Հայաստանի համար կրիտիկական թերություն չէ: Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` 148 երկրների շարքում Հայաստանը 67-րդն է ընդհանուր ենթակառուցվածքների մակարդակով: Ենթակառուցվածքների վարկանիշով մենք ավելի բարձր տեղ ենք գրավում, քան մեր ընդհանուր վարկանիշով համաշխարհային մրցունակության զեկույցում: 

Ինչ վերաբերում է տրանսպորտային սահմանափակումներին, շատ տարածված կարծիք է, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը տրանսպորտային սահմանափակումներն են: Իհարկե` տրանսպորտային սահմանափակումները բացասական լուրջ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա, բայց այս հայեցակարգի և մեթոդաբանության շրջանակներում դժվար է այն դասակարգել որպես առանցքային սահմանափակում: Համաշխարհային բանկը հաշվարկում է լոգիստիկայի ցուցանիշ, որը չափում է տվյալ երկրի լոգիստիկ ենթակառուցվածքի տարբեր բաղադրիչների որակը։ Այսպես, լոգիստիկայի նմանատիպ ցուցանիշ ունեցող շատ երկրներ ՀՆԱ-ում արտահանման ավելի մեծ մասնաբաժին ունեն, քան Հայաստանը: 

Կոորդիանացիոն թերացումները թերևս շուկայի թերացումների ամենաբարդ մասերից են: Ընդհանրապես` տնտեսական նոր հնարավորությունների բացահայտումը Հայաստանի նման շուկայի չափերից բխող սահմանափակումներ ունեցող երկրներում հիմնականում կապված է արտահանման հետ: Բնականաբար` փոքր շուկա ունեցող երկիրը պետք է նոր հնարավորություններ գտնի արտահանման ոլորտում: 

Հայաստանի արտահանման կառուցվածքի ու դինամիկայի վերլուծությունից հիմնական եզրահանգումները հետևյալն են. արտահանման կառուցվածքում գերակշռում են ցածր կատարելագործվածության ապրանքներ, դրանք «ստանդարտ» են (ապրանքներ, որոնք արտահանում են հիմնականում ավելի ցածր տնտեսական զարգացածությամբ երկրները) և միմյանց հետ քիչ փոխկապակցված: Երկրի արտահանման ներուժը  վկայող ցուցանիշներից մեկը արտահանման ապրանքային կառուցվածքն է: Եթե արտահանման ապրանքները ավելի թույլ են փոխկապակցված՝ ըստ դրանք արտադրելու և շուկա հանելու համար պահանջվող կարողությունների, ապա նոր հնարավորությունների բացահայտումը արտաքին շուկաներում ավելի սահմանափակ է: Վերջինը չափվում է այսպես կոչված ապրանքային քարտեզի վրա երկրի դիրքավորմամբ: Օրինակ` հանքարդյունաբերությունը ապրանքային քարտեզի ոչ խիտ մասում է, հետևաբար` կան սահմանափակ թվով ապրանքատեսակներ, որոնք պահանջում են դրանք արտադրելու նմանատիպ կարողություններ։ Այսինքն` զարգացած հանքարդյունաբերությունը չի հանգեցնում մեծ քանակությամբ այլ արտադրատեսակների արտադրության կարողության ձևավորման: Նման կարողությունների կապերի ամբողջությունը կոչվում է «բաց անտառի» ցուցանիշ: Հայաստանի համար հաշվարկել ենք այդ ցուցանիշը, և ըստ այդմ` մեր արտահանվող ապրանքների զամբյուղը ապրանքային քարտեզի նոսր հատվածներում է: Դա հանգեցնում է արտահանման ներուժի նվազեցման: 

Կառավարության թերացումների բաղադրիչը ներառում է մակրոռիսկերը և միկրոռիսկերը: Մակրոռիսկերի մասին մենք չենք խոսի, որովհետև մակրոտնտեսական միջավայրը առանցքային սահմանափակում չէ: Խոսելով միկրոռիսկերի մասին` պետք է նշել, որ սրանք բիզնեսի միկրոմիջավայրին առնչվող ռիսկերն են, և հիմնական սահմանափակումները հենց այս ոլորտում են: Մասնավորապես` համաշխարհային մրցունակության զեկույցում բիզնես միջավայրը բնութագրող գործոնների թվում մենք ավելի ցածր վարկանիշ ունենք միկրոռիսկերը պարունակող գործոններում: Հիմնական խնդիրները կապված են մրցակցային դաշտի անկատարության հետ, որը հանգեցնում է բիզնես խմբերի գերակայության և ձեռներեցության համար առանցքային սահմանափակումների:

Մրցակցային դաշտի մեր գնահատականը փոքր-ինչ տարբերվում է տարածված այն կարծիքից, թե Հայաստանի տնտեսության ճյուղերի մեծ մասում գերակայում են մենաշնորհները: Խնդիրը ոչ թե մեծ քանակությամբ ճյուղերում և ոլորտներում մենաշնորհների առկայությունն է, այլ տարբեր ոլորտներում տնտեսական հնարավորություններ ձեռք բերող բիզնես խմբերի գերակայությունը: Այսինքն` միջոլորտային շուկայական ուժի կենտրոնացումը: Ըստ էության` դա բերում է այն բանին, որ գերիշխող բիզնես խմբերը կարողանում են խաչաձև սուբսիդավորել խմբի մեջ մտնող տարբեր ընկերություններ և մեծ առավելություն ստանալ որոշակի ոլորտներում մրցակիցների համեմատ: Մասնավոր օրինակ կարող է լինել այն, որ սննդի մի շարք կարևոր ապրանքատեսակների, ի դեմս հավի մսի, շաքարի, էթիլային սպիրտի, կարագի, ձեթի և այլն, ներկրումը կենտրոնացած է գերիշխող մեկ բիզնես խմբի ձեռքին: 

Միաժամանակ` մրցակցային դաշտի խնդիրների արմատական պատճառները ավելի շատ կապված են ստվերային տնտեսության տարածվածության և հարկային և մաքսային վարչարարության խտրական մոտեցումների հետ։ 

Ընդհանուր առմամբ, ըստ մեր հետազոտությունների, կա տնտեսական զարգացման առանցքային չորս սահմանափակում` անկատար մրցակցային միջավայր, հնարավորությունների բացահայտման պակաս, մարդկային կապիտալի անբավարար որակը և ֆինանսական միաչափ համակարգը: Մեր կարծիքով` սրանց լուծումները համապատասխանաբար գործունեության արդար դաշտի ստեղծումն է, արդյունաբերական ավելի ընդգրկուն քաղաքականությունը, կրթության մեջ ծավալային ներդրումները և ֆինանսական համակարգի բազմաչափ զարգացումը: 

Գործունեության արդար դաշտի ստեղծում

Ընդհանուր առմամբ, կարծում ենք, արմատական հիմնական խնդիրները այս ոլորտում կապված են առաջին հերթին ստվերային տնտեսության առկայության հետ: Ստվերային տնտեսությունը բերում է ֆինանսական խաթարված հոսքերի: Այդտեղից էլ` այն բոլոր երևույթները, որոնք հանգեցնում են անհավասար մրցակցային դաշտի: Այսօր շատ տարածված է այն կարծիքը, որ մրցակցային միջավայրի հետ կապված խնդիրներն առնչվում են հակամրցակցային պայմանավորվածություններին, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների անբարեխիղճ վարվելակերպին: Այնուամենայնիվ, մրցակցային միջավայրի խնդիրների ավելի մեծ քանակություն կապված է հարկային և մաքսային խտրական վարչարարության հետ: Իհարկե` կարևորվում են նաև հակամրցակցային վարքագծերի կանխարգելման պրակտիկան, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, թափանցիկ և մրցակցային պետական գնումների համակարգի ձևավորումը: 

Ինչ մոտեցումներ կարող են լինել այս խնդիրների հաղթահարման տեսանկյունից: Ընդհանրապես` սրանք ավելի շատ քաղաքատնտեսական հարթության մեջ են: Իշխանությունն ու կառավարումը արտացոլում են գործարար և քաղաքական էլիտաների միջև սերտ կապերը և դինամիկ հավասարակշռությունը: Որևէ երկրում, ներառյալ Հայաստանում, իշխանություն ասածն ի վերջո իշխանական էլիտաների դինամիկ հավասարակշռության արտացոլում է: Շատ կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ մեր երկիրը փոքր է, մեր արտահանման հնարավորությունները ավելի սահմանափակ են, և բնականաբար` բիզնես խմբերն ավելի նպատակաուղղված են ներքին շուկայի, հետևաբար` ներքին շուկայի շահադրույքները ավելի բարձր են: 

Այս պարագայում կա փոփոխությունների մի քանի մոտեցում: Միաժամանակյա մոտեցումը նշանակում է, որ խնդիրները հասցեագրվում են միաժամանակ: Սրա ներքո էլ կարող է երկու մոտեցում դրսևորվել. կարող է լինել լայնընդգրկուն մոտեցում և հաջորդական մոտեցում: Լայնընդգրկունի դեպքում ինչ-որ զրո կետից սկսվում է նոր էջ բացվել: Սա ենթադրում է նախկին ոչ թափանցիկ ֆինանսական հոսքերի որոշակի լուռ համաներում: Զրո կետից սկսում են խաղի նոր կանոններ: 

Միաժամանակ, հասկանալով, որ տնտեսական ու կառավարման համակարգերը բարդ են, և փոխհարաբերությունները հստակ ու պարզունակ չեն, կարող է կիրառվել այս մոտեցման մեկ այլ տարատեսակ՝ հաջորդական մոտեցումը: Այս մոտեցման ներքո համակարգի «մաքրումը» սկսվում է ավելի մեծ նշանակություն ունեցող մի քանի նախադեպից և տարածվում ամբողջ համակարգով մեկ: 

Հաջորդը փուլային մոտեցումն է: Հաշվի առնելով վերոնշյալ սահմանափակումները, մոտեցումներից մեկը կարող է լինել փուլային և դրա մասնավոր դեպքը` ոլորտ առ ոլորտ մոտեցումը, երբ խաղի նոր կանոնները հաստատվում են որոշակի մեկ ոլորտի մասնակիցների միջև, այսպես կոչված` մասնակիցների և կառավարության միջև ոչ ֆորմալ համաձայնագրերի հիման վրա: Ըստ էության` այդ համաձայնագրերի երաշխավորը հենց այդ մասնակիցներն են, որովհետև բոլորը շահագրգիռ են պահպանել խաղի կանոնները: Եթե մեկը խախտում է այդ կանոնները, խախտում է ինչ-որ մյուսի հաշվին: 

Չորրորդը այլընտրանքային ոլորտի ստեղծման մոտեցումն է: Սա ենթադրում է նոր, բայց ավելի թափանցիկ ոլորտների զուգահեռ ստեղծում և զարգացում, ինչը հիմնականում տեղի է ունենում առավելապես օտարերկրյա խոշոր անդրազգային կորպորացիաների ներգրավման միջոցով: Պետք է նշել, որ այս մոտեցումը առանձին դժվար թե մեծածավալ ազդեցություն ունենա: Այն հիմնականում կիրառվում է մնացած այլ մոտեցումներին զուգահեռ: 

Արդյունաբերական ավելի ընդգրկուն քաղաքականություն

Ըստ էության` տնտեսական հնարավորությունների բացահայտման տեսանկյունից կա երկու խնդիր` ապրանքների արտահանման ներկա ծավալների ավելացումը և նոր ապրանքային շուկաներ մուտքը: Այստեղ գործողությունները պետք է լինեն երեք ուղղությամբ. արտահանմանն ուղղված կլաստերների ձևավորում, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում և նորարարությունների խթանում: 

Շատ ոլորտներում մենք չունենք ունակություններ` հասկանալու շուկայի պահանջները, մուտք դեպի շուկա, արտադրելու կարողություններ: Նման ոլորտներում շատ ավելի կարճ ճանապարհ է օտարերկրյա ներդրումների ներգրավումը` որպես տեխնոլոգիաների փոխանցման կարևորագույն գործիք: Եվ այս ամենով հանդերձ՝ նորարարական կարողությունների զարգացում: Ի վերջո` տնտեսական նոր հնարավորությունների բացահայտումը կապված է նորարարությունների հետ: Նորարարությունն այստեղ հասկանում ենք լայն իմաստով, ոչ թե տեղայնացված ինչ-որ մեկ ոլորտում, որովհետև երբ այսօր խոսում ենք նորարարության մասին, ավելի շատ ՏՏ-ի, ճարտարագիտության ոլորտի մասին ենք խոսում: 

Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը ստանձնել է արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, և սա տնտեսական կարևորագույն որոշումներից մեկն է, որ կայացվել է վերջին տարիների ընթացքում: Որովհետև դա ենթադրում է տնտեսական քաղաքականության տրամաբանության հիմնովին վերափոխում: Ի վերջո` սա նաև ռիսկային քայլեր է ենթադրում: Այս քաղաքականության ռեսուրսներն ու ազդեցությունները պետք է ծավալայնացնել: 

Այստեղ մեր հիմնական խնդիրը համակարգված գործունեությունն է: Մասնավորապես` արդյունաբերական քաղաքականությունը պետք է իրապես համակցված լինի հարկային քաղաքականության հետ: Դա պետք է համակարգված լինի: Դրանք չեն կարող տարբեր տրամաբանությամբ մշակվել և իրագործվել: Երկրորդը` ռեսուրսների ծավալայնացումն է: Եթե մենք ուզում ենք էական ազդեցություն, ապա այդտեղ պետք է ծավալային ռեսուրսներ ներդրվեն: Երրորդը իրագործող կառույցների կարողությունների զարգացումն է: Սա, ըստ էության ամենաբարդ քաղաքականություններից մեկն է, որովհետև ենթադրում է մշտական կոորդինացում մասնավոր հատվածի ծրագրերի հետ և համատեղ գործողություններ: Այս քաղաքականությունը հիմնված է վստահության վրա: Այն ոլորտներում, որտեղ վստահության մակարդակը ավելի բարձր է, ունենք շատ ավելի լավ արդյունքներ: Մասնավորապես` դեղագործության ոլորտում ավելի լավ արդյունքներ են արձանագրվում, քան օրինակ` կոնյակագործության ոլորտում: Կարևոր է նաև մասնավոր հատվածի համարժեք քայլերը: Սա միակողմանի քաղաքականություն չէ, այլ երկկողմանի է, և ըստ էության` մասնավոր հատվածը նույնպես պետք է պատրաստ լինի այս քաղաքականության իրագործմանը: 

Կրթության մեջ ծավալային ներդրումներ

Հաջորդ խնդիրը մարդկային կապիտալի զարգացումն է: Այստեղ ունենք արատավոր շրջանակ. մարդկային կապիտալի ցածր որակ, տնտեսական ցածր աճ և մարդկային կապիտալը բարելավելու անբավարար ռեսուրսներ: Ինչ-որ հատվածից այս շղթան պետք է քանդել: Զեկույցում կենտրոնացել ենք բարձրագույն ու մասնագիտական կրթության և վերապատրաստման ու բարձր որակավորմամբ աշխատուժի միգրացիայի վրա: Այսօրվա միգրացիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ պրոֆեսիոնալ կադրերի մեծ հոսք կա: 

Կրթությունը պետք է դառնա ազգային առավելության գաղափար: Մեր բոլոր մրցակցային առավելությունների խորքում մենք պետք է դնենք մարդկային կապիտալը: Դա անելու համար պետք է հասկանալ, որ առանց մրցունակ կրթության կապիտալի որակը երբեք չի բարձրանա: Սա նշանակում է առաջնահերթություն տալ կրթությանը, իրականացնել ծավալային ներդրումներ և էապես բարձրացնել ուսուցչի կարգավիճակը հասարակության մեջ: Սա պետք է ունենա շատ որոշակի իրագործումներ: 

Ընդհանրապես` կրթության վերափոխման տրամաբանությունը ներկայացնում ենք բուրգի տեսքով, որի ստորին մասում տեղական հատվածն է, վերին մասում` միջազգային կրթական հատվածը, իսկ միջին մասում՝ առաջատար տեղական հատվածը: Անհնար է պատկերացնել կրթության մրցունակ համակարգ, որն ինտեգրված չէ աշխարհին: Եթե ուսանողները հնարավորություն ունեն, նույնիսկ երկրից չմեկնելով, օտարերկրյա համալսարանների կուրսեր անցնել, դա արդեն մրցակցություն է կրթության ներքին համակարգին: Շատ կարևոր է միջազգային կրթական հատվածը հնարավորինս ինտեգրել հայկական կրթական տարածք: Այդ առումով կարևոր է տեղական առաջատար հատվածի առկայությունը, որը կարող է շատ ավելի արդյունավետ շփվել միջազգային կրթական հատվածի հետ, նրան «թարգմանել» տեղական հատվածի համար: Սա կարող է դրված լինել կրթության վերափոխման ընհանուր տրամաբանության ներքո: 

Բարձրագույն կրթության վերափոխման մեջ կա երկու մոտեցում` տարբերակված և չտարբերակված: Տարբերակված մոտեցմամբ փոփոխությունը կատարվում է հիմնականում գերազանցության կենտրոններ ստեղծելով և դրանց ազդեցությունը տարածելով համակարգով մեկ: Չտարբերակվածը ավելի էգալիտար մոտեցում է, երբ փորձում ենք բարելավել կրթական տարածքի բոլոր հատվածները միաժամանակ: Սա սկզբունքային ընտրության խնդիր է: 

Մասնագիտական զարգացման նախաձեռնությունները շատ ուղղակիորեն կապված պետք է լինեն ոլորտային ռազմավարությունների, մասնավորապես` արդյունաբերական քաղաքականության հետ: Որովհետև դրվում է շատ նեղ մասնագիտական կարողությունների զարգացման խնդիր, և աշխատուժի զարգացման օրակարգը պետք է իրական դեր ունենա ոլորտային բոլոր նախաձեռնություններում: 

Մյուս կողմից, քանի որ մենք կորցնում ենք մարդկանց ավելի գրավիչ և մրցունակ հատվածին, պետք է փորձենք այս հոսքը հակադարձել: Սա կարող է անիրատեսական հնչել, այնուամենայնիվ` այսօր, թեպետև փոքր, բայց հայրենադարձության որոշակի հոսք կա: Այսօր կան բիզնեսներ, որոնք կարողանում են համապատասխան վարձատրություն ապահովել արտերկրից եկած բարձր որակավորմամբ մասնագետներին: Խնդիրը միայն վարձատրությունը չէ, խնդիրը նաև համապատախան սոցիալական, մշակութային, կրթական միջավայրի ապահովումն է: Այսօր որքան նմանատիպ միջավայրեր ստեղծվեն, այնքան հայրենադարձության հավանականությունը կմեծանա: Մենք չպետք է թերագնահատենք սրա հնարավորությունը և փորձենք «ուղեղների արտագաղթը» վերափոխել «ուղեղների շրջապտույտի»: 

Ֆինանսական համակարգի բազմաչափ զարգացում

Ֆինանսական համակարգի բարելավման մասով կա նախաձեռնությունների երեք հիմնական ուղղություն, որոնք պետք է նպատակ ունենան բազմազանեցնել տնտեսության տարբեր հատվածներին իրենց խնդիրներին համահունչ ֆինանսական գործիքների առաջարկը: 

Առաջին` վարկունակ միջին և խոշոր ընկերությունների պարտքային ծանրաբռնվածության թեթևացումը (այսպես ասած դիլեվրիջը) ոչ թե պետք է տեղի ունենա վարկերի նվազման, այլ ավելի շատ սեփական կապիտալի մեծացման ուղիով, որովհետև վարկերի նվազման ճանապարհը ավելի շուտ տնտեսական աճի սահմանափակման ճանապարհ է: 

Պարտքի մակարդակի կրճատման առումով, կարծում ենք, այլընտրանքներ կարող են լինել բաժնեմասային և քվազիբաժնեմասային ուղղակի ներդրումների տարածումը: Օրինակ` քանի որ ընկերությունների թափանցիկության խնդիրները խոչընդոտում են մասնավոր բաժնետիրական կապիտալի ներդրումային գործիքների կիրառումը Հայաստանում, կարող են կիրառվել այսպես կոչված քվազիբաժնեմասնակցային գործիքներ, որոնք լինելով ֆորմալ պարտքային գործիքներ` նմանակում են սեփական կապիտալի գործիքների կանխիկի հոսքերի ցիկլերը, այսինքն` դրանք ավելի երկարաժամկետ ֆինանսավորման գործիքներն են:

Երկրորդ, ռիսկային ընկերությունների ֆինանսավորման առումով այսօր բավական զարգացած սխեմաներ կան, ներառյալ` կառավարության կողմից իրականացվող սխեմաները: Փորձը ցույց է տալիս, որ դրանք իսկապես արդյունավետ գործում են, մասնավորապես` ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ՓՄՁ «Ինվեստ» ներդրումային հիմնադրամի միջոցով: Ըստ էության` այն, ինչ աշխատում է, պետք է ընդլայնել: Եվ վերջապես` պետք է հայտնվեն անհատ ռիսկային ներդրողներ (հրեշտակ ներդրողներ), որոնց միջոցով տեղի է ունենում կանխիկի ուղղորդում այն ոլորտներ, որտեղ դրանց կարիքն առավելապես կա։

Երրորդ, քանի որ ֆինանսավորման ընդլայնման խոչընդոտներից մեկը մասնավոր ընկերությունների մի ստվար զանգվածի կառավարման ցածր որակն է, ապա անհրաժեշտ է օժանդակել կառավարման համակարգերի բարելավման նախաձեռնություններին՝ որակի ստանդարտների ներդրման, վարկանիշավորման, վերապատրաստումների միջոցով:

Երեք ուղերձ

Ամփոփելով` ուզում եմ երեք ուղերձ հղել. 

Պետք է մերժվի զրոյական արդյունքով խաղի մտածելակերպը: Այսօր տնտեսական կարկանդակը փոքրանում է, և դա ոչ ոքի ձեռնտու չէ: Տնտեսական մեծացող կարկանդակի պարագայում եթե անգամ մասնաբաժինը փոքրանա, բացարձակ առումով` այն ավելի մեծ կլինի յուրաքանչյուրի համար։

Համախմբում երկարաժամկետ օրակարգի շուրջ, որովհետև մենք խոսում ենք երկարաժամկետ աճի մասին: 

Շատ կարևոր է երկարաժամկետ օգուտները կարճաժամկետների վերափոխելու ունակությունը, որովհետև փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ տնտեսական խաղորդները տեսնում են, որ այդ երկարաժամկետ օգուտները ինչ-որ ձևով թարգմանված են կարճաժամկետների: