Հոկտեմբեր 22 2013

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2013թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունը, որը պատրաստվում է կիսամյա պարբերականությամբ և ներկայացնում է ֆինանսական համակարգի կայունության վրա ազդող հիմնական ռիսկերի, ինչպես նաև ֆինանսական համակարգի` այդ ռիսկերը դիմակայելու ունակության ընդհանուր գնահատականը: 

 

Հայտնի է, որ ՀՀ ֆինանսական կայունության վրա ազդող ռիսկերը կարող են ծագել ներքին տնտեսության մեջ, երկրից դուրս` արտաքին տնտեսության մեջ, և բուն ֆինանսական համակարգում: Այս առումով ֆինանսական կայունության ապահովման կարևորագույն նախապայմաններն են` կայուն զարգացող ներքին և արտաքին մակրոտնտեսական միջավայր` բավականաչափ վարկունակ տնային տնտեսություններով և ձեռնարկություններով, արդյունավետ գործող ֆինանսական համակարգ` խելամիտ ու կառավարելի սահմաններում գտնվող ռիսկերով, ֆինանսական համակարգի գործառույթների իրականացմանը նպաստող և անխափան գործող ֆինանսական ենթակառուցվածքներ: Ելնելով վերոնշյալից` ՀՀ ֆինանսական կայունությունը խոչընդոտող հավանական ռիսկերը ԿԲ-ն ներկայացրել է 5 հիմնական ուղղություններով. համաշխարհային տնտեսության, ՀՀ մակրոտնտեսական միջավայրի, ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումներից, ՀՀ ֆինանսական հաստատություններից, ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներից ածանցվող ռիսկեր:  

 

Ըստ ԿԲ-ի` ներքին տնտեսության և, համապատասխանաբար, ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին հիմնական ռիսկերն ու հետագա զարգացման հետ կապված անորոշությունները ընթացիկ տարում պահպանվել են, իսկ միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների նվազումը, արդյունաբերության ոլորտի ցածր աճը և եղանակային վատ պայմանները որոշակիորեն նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղմանը: Բացասական զարգացումներին զուգընթաց, ներքին տնտեսության մեջ դրսևորվել են դրական մի շարք միտումներ: Մասնավորապես` արտահանման ծավալների աճը դրական է անդրադարձել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է տրանսֆերտներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը: 

 

ՀՀ ԿԲ գնահատմամբ` համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը շարունակվել է նաև ընթացիկ կիսամյակում, թեև գերակշռել են նվազման ուղղությամբ ռիսկերը: Զարգացած երկրներում պարտքային հիմնախնդիրները վերջնական լուծում դարձյալ չեն ստացել, և մի շարք երկրների պարտքային դժվարությունները միջազգային ֆինանսական շուկաներում տատանումների պատճառ են դարձել: Զարգացող երկրներում կարծես ամրապնդվել է տնտեսական աճի դանդաղման միտումը, ինչն էլ իր հերթին նպաստել է բորսայական մի շարք ապրանքատեսակների գների նվազմանը: Բորսայական ապրանքների գների աճ արձանագրվել է հիմնականում տարեսկզբին, այնուհետ, պայմանավորված զարգացող երկրների տնտեսական աճի դանդաղմամբ և համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշություններով, աճի միտումը փոխվել է նվազման: 

 

Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են որպես կիրառվող քաղաքական առաջնային խնդիր դիտարկել տնտեսական աճի խթանումն ու ամրապնդումը: Վերջիններս կիսամյակի ընթացքում շարունակել են իրականացնել դրամավարկային մեղմ քաղաքականություն և երաշխավորել տոկոսադրույքների նույն մակարդակի պահպանումը` հավանական փոփոխումը կապելով մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների որոշակի մակարդակների հետ:

 

ՀՀ առևտրային հիմնական գործընկեր Եվրամիության որոշ երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումները սպասվածից ավելի բացասական են եղել, թեև դրանց ազդեցությունը ներքին տնտեսության վրա չի զգացվել, մասնավորապես` կիսամյակի ընթացքում արձանագրվել է և´ արտահանման, և´ մասնավոր դրամական փոխանցումների ծավալների աճ:

 

Ըստ 2013թ. առաջին վեց ամիսների տվյալների` ՀՀ տնտեսական աճը կազմել է 3.5% (2012թ. առաջին կիսամյակում` 6.5%): Աճի տեմպի նվազումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի ցածր աճով և շինարարության նվազմամբ:

 

Չնայած համաշխարհային տնտեսության խնդրահարույց զարգացումներին` ՀՀ-ում արձանագրվել է մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի և արտաքին առևտրաշրջանառության աճ: Նշված միտումները նպաստել են տնտեսության մեջ եկամուտների աճին, հետևաբար` ամրապնդել ձեռնարկությունների և տնային տնտեսությունների ֆինանսական կայունությունը: 

 

Կիսամյակի ընթացքում, վարկային պորտֆելի աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց, դիտարկվել է կապիտալի համարժեքության նվազման տեմպի դանդաղում: ՀՀ բանկային համակարգը ամբողջ կիսամյակում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր: 

 

Նվազել է զուտ տոկոսային մարժան (զուտ տոկոսային եկամտին և եկամտաբեր ակտիվների միջին մեծության հարաբերություն), ինչը մասամբ պայմանավորել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազումը:

 

Ֆինանսական համակարգում առկա ռիսկերը թեև որոշ դեպքերում ցուցաբերել են աճի միտում, սակայն, ԿԲ գնահատականով, շարունակում են մնալ կառավարելի շրջանակներում` չառաջացնելով ֆինանսական կայունության ռիսկեր:

 

Ընդհանուր այս պատկերի «բաղադրիչները» Armef news-ը շարունակաբար կներկայացնի: