Հոկտեմբեր 21 2013

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԵՐԸ ՉՈՌՈԳԵՆ ԱՅԼՈՑ ԱՐՏԵՐԸ

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԵՐԸ ՉՈՌՈԳԵՆ ԱՅԼՈՑ ԱՐՏԵՐԸ

 

Georgi_Gevorgyan

 

Armef news-ի խնդրանքով` Հայաստանի ջրային ոլորտի այսօրվա իրավիճակն է
ներկայացնում հանրապետությունում այս ոլորտի գիտակներից մեկը`
ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական
զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման
ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից
հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանը:

 

Օգտագործում ենք մեր մակերեսային ջրային պաշարների ընդամենը 27-28%-ը

 

Հանրապետությունում տարեկան գոյանում է ջրի 7.3 մլրդ խմ մակերեսային հոսք: Դրանից այսօր մենք կարողանում ենք օգտագործել 1.5, առավելագույնը 2 մլրդ խմ-ի ջուր` ամեն ինչի համար` ոռոգման, խմելու, կենցաղում, արդյունաբերության մեջ և այլ նպատակներով: Միջին հաշվով` տարեկան 5-5.5 մլրդ խմ-ն հանրապետությունից դուրս է հոսում: Մինչդեռ 25-30 տարի առաջ մեր տնտեսությունը սպառել է այդ ջրի շուրջ 4 մլրդ խմ-ն: 

 

Այսօր էլ մենք իրական հնարավորություն ունենք մինչև 4 մլրդ խմ-ն պահել հանրապետության տարածքում և օգտագործել տնտեսության մեջ: Աստված մի արասցե, բայց եթե երբևէ համաշխարհային պատերազմ սկսվի` լինելու է քաղցրահամ ջրի համար: Այսօր ողջ աշխարհը և հատկապես մեր հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքը խմելու ջրի մեծ պակաս ունեն: Մինչդեռ գիտությունը այդպես էլ չկարողացավ համաշխարհային օվկիանոսի ջրերը օգտագործել մարդու կարիքների, նաև խմելու համար: 

 

Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ լուրջ քանակությամբ ջուր է հավաքվում մեզ մոտ, բայց պայմանավորված նույն աշխարհագրական դիրքով` դրանք հոսում են ավելի ներքև, գնում` հարևանների հողերը ոռոգելու: Մինչդեռ մեր հանրապետությունում անապատացման վտանգ կա: Դրա համար էլ մեզ պետք է ամեն գնով այդ ջրերը պահել տեղում: 

 

Կարող ենք ջուր վաճառել

 

Հայաստանն առայժմ խմելու ջրով բավական հարուստ է` այնքան, որ կարող ենք նաև հարևաններին վաճառել: Դեռևս բավական պաշարներ ունենք: Բայց աշխարհում դժվար թե գտնվի մեկ այլ երկիր, որտեղ այդչափ անփույթ վերաբերվի այս հարստությանը, որքան մեզանում: Ընդամենը 20 տարվա ընթացքում Արարատյան դաշտում եղած ստորերկրյա ջրերի վիճակը հասցրել ենք աղետալի մակարդակի: Արտեզյան ավազանը շուրջ 14-17 մետրով իջել է: Հրապուրվեցինք ինքնաբուխ արտեզյան հորերը կառուցելով, ձկնաբուծարաններ սարքելով, որոնց ջրերը չդրվեցին փականային ռեժիմի տակ, արդյունքում` աչքի լույսի մաքրությունն ունեցող, բոլոր պարամետրերով խմելու ջուր հանդիսացող մեր ինքնաբուխ ջրային հորիզոնը իջել է այն աստիճանի, որ արդեն գրեթե ինքնաբուխ արտեզյան չունենք: Իսկ դա վերականգնելու համար հարյուրավոր տարիները բավարար չեն: Արարատ լեռան այս և այն կողմերում այդ ջրերը հավաքվել են միլիոնավոր տարիների ընթացքում, իսկ մենք դրանք ոչնչացման հասցրեցինք ընդամենը երկու տասնամյակում: Դա կարող է մեր տնտեսության և կլիմայի համար աղետալի հետևանքներ ունենալ: 

 

Ջրային խնդիրները մեր գյուղատնտեսության մեջ

 

Սովետ Միության օրոք եղել են տարիներ, երբ շուրջ 2-2.3 մլրդ խմ օգտագործվել է միայն ոռոգման նպատակով: Այն ժամանակ ընդհանուր հաշվով մոտ 300 հազար հա հող ենք ոռոգել: Պաշտոնապես հայտարարվում էր, որ ոռոգվում է 273.4 հազար հա հողատարածք, բայց կային տարածքներ որոնք ոռոգվում էին փոքր աղբյուրներից, իսկ սրանք չէին մտնում պետական հատվածի հաշվառման մեջ: Այդուհանդերձ` գոնե 273 հազար հա-ն միանշանակ լիարժեք ոռոգվել է: Այսօր, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարության, ըստ հրապարակվող վիճակագրական տվյալների, ոռոգվում է 134 հազ. հա: Թիվը վիճելի է: Ոռոգվում է ավելին: Հիմա պաշտոնապես հաշվառվում են միայն այն տարածքները, որոնց համար ջրի վարձ է գանձվում: Իրականում ոչ թե ոռոգվող հեկտարն են ամրագրում, այլ գանձված գումարի չափով որոշում են, թե ինչքան ջուր է մատակարարվել, հաշվարկում, թե այդքան ջուրը որքան հող կոռոգեր, և որոշում, որ այդքան տարածք է ոռոգվում: Հայաստանում չկա որևէ պաշտոնական, իրավաբանական անձ կամ քաղաքացի, որ կպնդի, թե այս տարիների ընթացքում երբևիցե հանրապետությունում ոռոգելի հողերի հաշվառում է իրականացվել կամ իրականացվում: Մեզանում նման հաշվառում չի իրականացվում, հետևաբար` չգիտենք թե ինչ և ինչքան ենք ոռոգում: 

 

Իմ հաշվարկներով, որ բնականաբար` վերջնական չեն, հանրապետությունում ոռոգվում է մոտ 180 հազ. հա հող: Շուրջ 100-120 հազ. հա չի ոռոգվում, և դա պայմանավորված է առավելապես պոմպակայանների չաշխատելով, ինչպես նաև ոռոգման աշխատանքի վատ կազմակերպմամբ: Ինչ վերաբերում է սահմանաներձ գոտու չոռոգվող հողերին, նշեմ, որ այդտեղ շատ քիչ ոռոգելի հողեր ունենք: Դրանք կարող են կազմել առավելագույնը 10 հազ. հա:

 

Եղածին տիրություն չենք անում

 

Արդեն ունեցածը միայն անընդհատ վերակառուցելով` ապագա չենք ստեղծում: Ոլորտում զարգացում չկա: Իսկ եթե զարգացում չկա, եթե ոռոգելի հողատարածքները չավելանան, գյուղատնտեսության զարգացման մասին բոլոր խոսակցությունները դատարկ ճարտասանություն են: Եղած գումարը դրվում է միայն գոյություն ունեցողի վրա: Ընդամենը վերակառուցում է տեղի ունենում: Ստեղծվել են ընկերություններ, որ լավ թե վատ` աշխատում են, բայց սրանք միմիայն զբաղվում են ջրաբաշխությամբ: Ցանկացած ՋՕԸ-ի մասնագետի հարցնում ես` քանի հա ես ոռոգել, ինչքան նորոգում, կամ կապիտալ նորոգում ես արել, բոլոր տեղերում նույն պատասխանն է հնչում` «այսքան փող ենք հավաքել»: Իսկ դա նշանակում է, որ ոլորտը շահագործողը չի պատկերացնում իր աշխատանքը: Նա մտածում է, որ փականը բացելիս ոչ թե պետք է ջուրը հոսի, այլ փողը գա: Այսկերպ հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Դրա արդյունքում է, որ ավելի քան 1-1.5 մլրդ խմ ջուր պակաս ենք օգտագործում:

 

Ոռոգման մակերեսների նվազման հաջորդ հիմնական պատճառը ոռոգման ցանցերի շարքից դուրս գալն է, դրանց չգոյությունը, որի ուղղությամբ, ինչպես նշեցի, ոչինչ չի արվում: 

 

Ինչ վերաբերում է պոմպակայանների չգործելուն, միակ պատճառը էլեկտրական հոսանքի թանկ լինելն է: Բայց հասկանանք և ընդունենք, որ հոսանքը մեր ունեցած ջրից թանկ չէ: Մինչդեռ դրանց չաշխատելու հետևանքով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս, ոռոգում այլոց այգիները: Նոյեմբերյանի, Տավուշի, Լոռու հատվածներում, կարելի է ասել` Դեբեդի ավազանում շուրջ 45 մլն խմ ջուր պոմպակայանների չաշխատելու պատճառով գնում, լցվում է Կուր և ոռոգում վրացական ու ադրբեջանական հողերը: Իջևանի տարածաշրջանում Ջողազի ջրամբարը չշահագործելու և Իջևանի շուրջ 11 պամպակայանների չաշխատելու պատճառով չենք օգտագործում 30 մլն խմ ջուր` բաց ենք թողնում հարևան հանրապետություններ, իսկ մեր այդ տարածաշրջանի ժողովուրդն անգործության է մատնվել: 

 

Ջրամբարների կառուցումը` գերխնդիր

 

1995թ. սկսած` այս համակարգում ինչ կառուցվել է, դրանից հետո բարեկարգման, վերանորոգման և շահագործման առումով ոչինչ չի արվել: Համակարգի շահագործումը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Պոմպակայանները բարոյապես մաշված են, չեն վերանորոգվում, և արդյունքում` հոսանքը ծախսվում է, բայց ջուր չի մղվում: Դրա համար էլ ասում են` շատ հոսանք ենք ծախսում: Եթե ամեն տարի գոնե ընթացիկ նորոգումները նորմալ կատարվեն, ապա պամպակայանները նորմալ ռեժիմով և քիչ թե շատ արդյունավետ կաշխատեն: Դրա համար էլ մեզ համար գերխնդիր է ջուրը մեր տարածքում պահելը: Իսկ պահելու միակ տարբերակը ջրամբարների կառուցումն է:

 

Հանրապետությունում ունենք 76 արհեստական ջրամբարներ, որոնցից 5-ը էներգետիկ ջրամբարներ են, երկուսը (Երևանյան լիճը և Թոխմախի լիճը)` բնապահպանական: Գյուղատնտեսական ջրամբարներում շուրջ 1 մլրդ խմ ջուր է կուտակվում: 525 մլն ջուր կուտակվում է միայն Ախուրյանի ջրամբարում, բայց դրանից մեր բաժինն ընդամենը 219 մլն է: Սպանդարյանի ջրամբարի տարողությունը 279 մլն է, մնացածներում ավելի քիչ ջուր է կուտակվում: 

 

Դեռևս Սովետ Միության օրոք` 1984-ին ուսումնասիրել ենք հանրապետության տարածքում հիմնականում փոքր (5-8 մլն խմ տարողության) ջրամբարների կառուցման հնարավորությունները: Հնարավոր է կառուցել նման 108 ջրամբարներ, որոնցում կկուտակվի մոտ 610 մլն խմ ջուր: Ընդ որում` այդ ջրամբարների տեղերը ժամանակին ընտրվել են, ուսումնասիրվել, անհրաժեշտ հաշվարկները` կատարվել: Այն ժամանակ սրանց կառուցման ամբողջ արժեքը կազմում էր 284 մլն ռուբլի: Հավելած, որ այդ ջրամբարների ոռոգման տարածքում գտնվող գյուղատնտեսական հողերում ոռոգման ցանցերի կառուցման, մելիորատիվ վիճակի բարելավման համար նույնպես գումար էր պետք: Աշխատանքների համալիր իրականացման համար պետք է ծախսվեր 455 մլն ռուբլի: Բնականաբար` հիմա դա դոլլարային արտահայտությամբ ավելին կլինի: Այդ ջրամբարներում կուտակվելիք ջուրը հնարավորություն կտա լրացուցիչ ոռոգել ևս 60 հազ. հա հող: 

 

Աջ թե ձախ` ջուր ենք նվիրում

 

Ցավով պետք է նշեմ, որ ունենք ջրամբար, որի ջուրն ընդհանրապես չենք օգտագործում: Հերհերի ջրամբարի 27 մլն խմ ջուրը պոմպակայանների չաշխատելու պատճառով նվեր ենք տալիս Ադրբեջանին` Նախիջևանի տարածքը ոռոգելու համար: Հաշվարկել ենք ինքնահոս եղանակով այդ ջուրն օգտագործելու հնարավորությունը: Սակայն Համաշխարհային բանկի ծրագրով` Եղեգիս գետի ջրերն օգտագործելու նպատակով ինքնահոս 58 կմ-անոց ջրագծեր են կառուցվել, որը լավ է, բայց այդ 27 մլն խմ-ն օգտագործելով` 2700 հա կոռոգենք, և այդքան ջուր կխնայենք` կառուցելով ընդամենը 29 կմ-անոց մեկ ջրագիծ, որի արժեքը կկազմի առավելագույնը 25-30 մլն դոլլար: Դա հնարավորություն կտա Եղեգնաձորի տարածաշրջանի գյուղերի զգալի մասը, շուրջ 2700 հա ապահովել ինքնահոս ոռոգումով: Անընդհատ խոսում ենք ջուր խնայելու մասին, մինչդեռ թե´ հյուսիսում և թե´ հարավում ջուրը նվիրում ենք Ադրբեջանին: 

 

Սևանը մեր ամենամեծ ջրամբարն է

 

Շարունակ խոսում ենք Սևանի խնդրի մասին: Լճի մակարդակի յուրաքանչյուր սանտիմետր բարձրանալը 13 մլն խմ ջուր է: Այսօր լճի հորիզոնը բարձրացել է 3.5 մետրով` հասնելով ավելի քան 1900 մ 50 սմ-ի: Եթե լրացուցիչ 3 մետրն էլ բարձրանա, լճում կհավաքվի 5 մլրդ խմ ջուր: Դրանից հետո Արփա-Սևան թունելի ճիշտ աշխատանքի և Որոտանի ջրերի տեղափոխման ճիշտ ռեժիմի կիրառման դեպքում տարեկան 500 մլն խմ ջուր կարող ենք տեղափոխել Սևան և այնտեղից իջեցնել Արարատյան դաշտ` աշխատեցնելով կասկադը և ջուրն օգտագործելով ոռոգման համար: 

 

Մեր ապագան ինքնահոս ոռոգման համակարգերի ստեղծումն է

 

Վերջերս նոր սխեմա ենք առաջարկել` Իջևանի տարածաշրջանի 11 պոմպակայանները ինքնահոս եղանակի փոխարինելու համար: Աղստև գետից ջուրը վերցնում ենք` կառուցելով 41 կմ երկարությամբ ջրագիծ, և ավելի քան 4000 հա հող ինքնահոս ոռոգմամբ ջուր է ստանում: Հիմա այս ծրագիրը քննարկման ընթացքում է: Դա ներտնտեսային ցանցերի և ամբողջ համակարգի վերականգնման հետ միասին կարժենա 45-50 մլն դոլլար: Նույն համակարգը դրա արդյունքում ոռոգման սեզոնից դուրս կարող է աշխատեցնել հիդրոէլեկտրակայան և արտադրել մինչև 30 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Այդ դեպքում կառույցի ետգնման ժամկետը խիստ կփոքրանա: 

 

Մեծ ծրագիր կա` Ձորագեսից Լոռու և Նոյեմբերյանի տարածաշրջանի 18 պոմպակայանների աշխատանքը դադարեցնել և փոխարինել ինքնահոս ջրամատակարարմամբ, ինչը համեմատաբար թանկ հաճույք է` մոտ 80-90 մլն դոլլար, դրա համար էլ թողնված է երկրորդ հերթին: 

 

Մեր ապագան ինքնահոս ոռոգման համակարգերի ստեղծումն է: Եթե էլեկտրական հոսանքը թանկ է և այսուհետ չի օգտագործվելու ոռոգման նպատակներով, պետք է հնարավորինս արագ ստեղծենք ինքնահոս համակարգեր և կառուցենք ջրամբարներ: Հատկապես ջրամբարների կառուցումը մեր պետության համար գերխնդիր պետք է հռչակվի, որպեսզի կարողանանք մեր երկիրն ու գյուղատնտեսությունը փրկել ապագայի համար: Այլապես մեր հանրապետությունում եղած ջրերը ոռոգելու են այլոց արտերը: