Հոկտեմբեր 09 2013

ՏՏ ԳԼՈԲԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

ՏՏ ԳԼՈԲԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԳԼՈԲԱԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ

Հանրահայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի կարևորագույն առանձնահատկությունը դինամիկությունն է: Եթե 2002թ. այս շուկայի ֆիզիկական ծավալները կազմել են մոտ 950 մլրդ ԱՄՆ դոլլար, ապա արդեն 2012-ին` 2 տրլն ԱՄՆ դոլլար: Մեկ այլ մեթոդաբանությամբ (որով հաշվարկվում են ՏՏ ոլորտի գործունեության բոլոր ուղղությունների ցուցանիշները` ներառյալ հեռահաղորդակցությունները) ՏՏ գլոբալ շուկայի ծավալները 2002-ի 1.6 տրիլիոնից 2012թ. հասել են 3.7 տրլն ԱՄՆ դոլլարի:  

 

Ոլորտի աճի միջին տարեկան տեմպը, առանց 2009թ. անկման, կազմում է 8.5%, ինչը մոտ 2.6%-ով գերազանցում է նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը (5.9%): Ավելին` 2009-11թթ. ՏՏ ոլորտի վերականգնողական աճը համաշխարհային տնտեսության վերականգնողական աճի նկատմամբ ունեցել է առաջանցիկ տեմպեր: Զարգացման անգամ ամենավատատեսական սցենարով (ըստ Gartner հետազոտական կենտրոնի)` ոլորտը 2013-15թթ. նույնպես համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի համեմատ կարձանագրի առաջանցիկ տեմպեր: Սրա հիմնական պատճառն այն է, որ ոլորտի առաջատար ընկերություններին հաջողվել է արագ գտնել ոլորտի ռազմավարական զարգացման նոր ուղղություններ` թե´ նոր շուկաների ձևավորման (պլանշետների արտադրություն, սոցիալական ցանցերի արտադրություն և այլն), թե´ համաշխարհային տնտեսության նոր ոլորտներ ներթափանցելու միջոցով (հանքահումքային ռեսուրսների արդյունահանում, գյուղատնտեսություն և այլն):



Եվրամիությունն է մեղավոր

 

ՏՏ գլոբալ ոլորտում աճի տեմպերով առաջատար են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրները, որտեղ նախաճգնաժամային ժամանակահատվածում աճի տեմպը կազմել է միջինը 10-16%` ԱՄՆ 6% և Եվրամիության մոտ 4.5% աճի դիմաց: Վերականգնողական աճի տեմպերով առաջատարը Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրներն են, որտեղ 2009թ. հետո կրկին արձանագրվել է միջինը 14-17% աճ, որը 2011թ. կայունացել է, արձանագրել որոշակի դանդաղում: Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների և ԱՄՆ վերականգնողական աճի տեմպերը միանման են եղել` համապատասխանաբար 6.9% և 9.2%: Բայց եթե առաջինի աճը 2011թ. կայունացել է, իսկ 2012-ին շարունակել դանդաղ վերելք արձանագրել, ապա ԱՄՆ-ում 2010թ. երկրորդ եռամսյակից սկսած` կրկին նկատվել է անկման դինամիկա:

 

Աճի դանդաղ տեմպերի հիմնական պատճառը Եվրամիությունն է (կապված հիմնականում եվրոգոտու հիմնախնդիրներով), որի ՏՏ ոլորտը վերականգնողական աճից հետո կրկին գահավիժել է` պայմանավորելով մյուս տարածաշրջանների աճի դանդաղումը կամ անկումը: Սակայն, Forester-ի փորձագետների վերլուծությունների համաձայն, Եվրամիության ՏՏ ոլորտը 2012թ. հասել է անկման «հատակին», և արդեն 2013թ. սկսած` կանխատեսվում է միջին տարեկան 5% աճ:



Զարգացածներում չեն ուզում, զարգացողներում չեն կարող

 

Զարգացած և զարգացող երկրներում ՏՏ ոլորտի աճի ցուցանիշների մեծ շեղումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով. Մասնավորապես.

 

Զարգացած երկրների ՏՏ ոլորտը «գերտաքացած է», և ռազմավարական զարգացման ավելի քիչ հնարավոր ուղղություններ են մնում:

Զարգացած երկրների պետական և մասնավոր հատվածներն աչքի են ընկնում տեխնոլոգիական հագեցման ծայրահեղ բարձր ցուցանիշներով, ինչի հետևանքով այդ երկրների ՏՏ ընկերությունների` ներքին շուկայի պահանջարկի բավարարմամբ աճ արձանագրելու հնարավորությունները նվազում են:

Եվրոգոտու երկրների հիմնախնդիրները, կապված Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Կիպրոսի պարտքային ճգնաժամի հետ, ընդհանրապես զրոյականի են հասցրել վերջիններում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա կատարվող ծախսերը, իսկ եվրոգոտու մյուս երկրներում սահմանափակել են նմանատիպ ծախսերը` կապված ֆինանսական միջոցները եվրոգոտու «փրկության» համար ձևավորված` «Եվրոգոտու կայունացման  հիմնադրամ» նպատակաուղղելու հետ (2010-12թթ. այդ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 900 մլրդ եվրո):

Զարգացող երկրներում նմանատիպ արտադրանքի իրացումը դեռևս բարդ է` պայմանավորված վերջինների ֆինանսական սահմանափակ ռեսուրսների ու ֆինանսատնտեսական ճգնաժամով սկսված փողի դեֆիցիտի պայմաններում սուղ միջոցները խնայելու անհրաժեշտությամբ:

ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ծախսերի կրճատման մրցավազքի հետևանքով անընդհատ մեծանում են զարգացող երկրներում արտապատվիրման ծավալներն ու ձեռնարկությունների հիմնումը (վերջինը` հատկապես Չինաստանում, Հնդկաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Հվ. Կորեայում, Թայվանում և Ֆիլիպիններում), ինչը նպաստում է ենթակառուցվածքների ձևավորմանն ու թարմացմանը` գեներացնելով ՏՏ արտադրանքի նկատմամբ ներքին մեծ պահանջարկ, որը բնականաբար բավարարում են հենց տեղական ընկերությունները:

Զարգացող երկրներում գնալով մեծանում է այն ընկերությունների թիվը, որոնք գլոբալ շուկայում դիրքավորում են սեփական արտադրանքը (հիմնականում` համակարգեր, համակարգիչներ, հեռախոսներ, օպտիկական մալուխներ և քիչ թվով օպերացիոն համակարգեր ու ծրագրային ապահովման միջոցներ) և հիմնականում էժան գնի շնորհիվ կարողանում են արձանագրել վաճառքների պատկառելի աճ:

 

2012թ. Forbes ընկերության հրապարակած` ՏՏ գլոբալ ոլորտի 100 առաջատար ընկերությունների մոտ 30%-ը զարգացող երկրների` սեփական ապրանքանիշով գլոբալ շուկայում հանդես եկող ընկերություններն են: Ավելին` բիզնեսի աճի տեմպերով առաջատար 15 ընկերություններից 5-ը, ամենամեծ զուտ եկամուտ արձանագրած 15 ընկերություններից 5-ը, ամենամեծ շահութաբերություն (ROS) ունեցող 15 ընկերություններից 5-ը չինական, հնդկական, հարավկորեական կամ թայվանական ընկերություններ են: Համակարգիչների արտադրության հատվածի 20 առաջատար ընկերություններից 9-ը, հեռահաղորդակցական սարքավորումների և դրանց լուծումների հատվածի 10 խոշոր ընկերություններից 3-ը (վարկանիշի առաջատարը հարավկորեական Samsung ընկերությունն է), կիսահաղորդիչների և ինտեգրալ համակարգերի արտադրության հատվածի 10 առաջատար ընկերություններից 3-ը և Ինտերնետ ծառայությունների մատուցման հատվածի 20 առաջատար ընկերություններից 8-ը ներկայացնում են Չինաստանը, Հվ. Կորեան, Թայվանը, Սինգապուրը կամ Հոնկոնգը:

 

Հարկ է նշել, սակայն, որ չնայած զարգացման տեմպերի տարբերություններին և զարգացող երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա կատարվող ծախսերի հետևողական աճին, տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ ոլորտում և շուկայում զարգացած ու զարգացող երկրների ուժերի հարաբերակցությունը 2012թ. դրությամբ կազմել է 67/33` թողարկած արտադրանքի հաշվարկով և 68/32` ՏՏ արտադրանքի գնման հաշվարկով:

 

Միաժամանակ, ըստ ոլորտի վերլուծական բոլոր ընկերությունների, ուժերի հավասարակշռում հնարավոր է արդեն 2015թ., քանի որ ՏՏ գլոբալ ծախսերում կգերակայեն հենց զարգացող երկրների և հատկապես` Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու Բրազիլիայի ծախսերը, որոնք էլ կդառնան ՏՏ ոլորտի հավանական աճի աղբյուրները: Ըստ կանխատեսումների` 2013-15թթ. միայն BRIC-ի երկրների ծախսերը տարեկան կաճեն 10.9%-ով (կամ 740 մլրդ դոլլարով), իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներինը 6-7%-ով` ԱՄՆ ծախսերի 5.9%,  Եվրամիության 1.2%, Ճապոնիայի ծախսերի 2% աճի և համաշխարհային համախառն ծախսերի 3.8-4.2% աճի (նվազագույն կանխատեսումը` JP Morgan-ի, առավելագույնը` Gartner-ի և IDC-ի) դիմաց: Արդյունքում` արդեն 2014թ. BRIC-ի չորս զարգացող երկրներին բաժին կընկնի ՏՏ ոլորտի համաշխարհային ծախսերի 35%-ը և համաշխարհային ծախսերի հավելաճի ուղիղ կեսը: 

 

Հեռախոսային սարքավորումները` լոկոմոտիվ

 

Տեղեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայի ամենամեծ մասնաբաժինն ունեն հեռահաղորդակցական և ՏՏ ծառայությունները, որոնց բաժին է ընկնում շուկայի 69%-ը, ու եթե դրան գումարենք նաև ծրագրային ապահովման միջոցների 7% մասնաբաժինը, կարող ենք նշել, որ ֆիզիկական տեսք ունեցող ՏՏ ապրանքները կազմում են շուկայի ընդամենը 24%-ը:

 

Հատկանշական է, սակայն, որ ՏՏ շուկայի տարբեր հատվածների զարգացման հնարավորությունները և, բնականաբար, դրանց զարգացման միջինաժամկետ (2013-16թթ.) կանխատեսումները միանգամայն տարբեր են:

 

Մասնավորապես` ծրագրային ապահովման միջոցների արտադրության աճը կանխատեսվում է 2.5-5.1%, ՏՏ ծառայություններինը` 3.1-7.2% «Երկաթների» (միկրոպրոցեսորներ և միկրոսխեմաներ) արտադրությանը` 4.1-9.1%, հեռահաղորդակցական սարքավորումներինն ու ծառայություններինը` համապատասխանաբար 5.2-11.7%  և 4.2-7.4%: 

 

Ըստ ամերիկյան IDC ընկերության փորձագետների` 2013-16թթ. ՏՏ շուկայում կանխատեսվող աճի 90%-ը կապահովի հեռախոսային, սոցիալական ու big data (տեղեկատվական բազաներ) տեխնոլոգիաների և այսպես կոչված «ամպերի» արտադրությունը: Ոլորտի աճի մյուս կարևոր շարժիչ ուժը կդառնա հեռախոսային սարքավորումների հետագա «ինտելեկտուալացումը», ինչի արդյունքում ՏՏ շուկայի սմարթֆոնների, պլանշետների և ռիդերների կամ այլ կերպ ասած` էլեկտրոնային գրադարանների հատվածի ֆիզիկական ծավալները կմեծանան շուրջ 20%-ով: Ոլորտի աճի կանխատեսման մեջ այս ճյուղի ազդեցությունը հասկանալու համար նշենք, որ ՏՏ ոլորտի կանխատեսվող աճը 2013-16թթ. առանց հեռախոսային սարքավորումների հատվածի տարեկան միջինը 3.9% է, այդ հատվածը ներառյալ` 8.5% (աղբյուրը` JP Morgan): 

 

Առաջարկ-պահանջարկ 

 

Հանրահայտ է, որ ցանկացած ոլորտի ռազմավարական զարգացման վրա էական ազդեցություն ունեն սպառողական ծախսերը և դրանց փոփոխությունները, որոնցով պայմանավորված են ընկերությունների վաճառքի հնարավորությունները: Նմանատիպ կանխատեսումներ 2013-14թթ. համար կատարել է ամերիկյան Gartner հետազոտական ընկերությունը, որը, հետազոտելով ՏՏ շուկայի վերջնական սպառողների, կազմակերպությունների և պետական հատվածի պահանջմունքները, 2013թ. համար կանխատեսել է ՏՏ համախառն ծախսերի 4.2% աճ, 2014-ին` 3.8%:  

 

Ծախսերի ամենամեծ աճը կանխատեսվում է գործարար շուկայում, որտեղ պահանջարկը մեծ կլինի հատկապես կորպորատիվ կառավարման ծրագրային ապահովման միջոցների, ՏՏ ծառայությունների և տվյալների բազաների մշակման ծրագրերի նկատմամբ (համապատասխանաբար` 6.6%, 4.3%, 5.15%), փոխարենը` հեռահաղորդակցական ծառայությունների նկատմամբ պահանջարկը կկազմի ընդամենը 2.4%, սակայն մեծ կլինի նաև տարաբնույթ սարքավորումների նկատմամբ պահանջարկը` միջինը 5.25%:  

 

Ըստ, նույն խնդրի վերաբերյալ, Gartner, JP Morgan, IDC, Forester և PAC ընկերությունների կատարած կանխատեսումների վերլուծության` կարելի է նշել, որ 2013-16թթ. ՏՏ ոլորտի աճի հնարավորությունները պայմանավորված կլինեն տարբեր ճյուղերի կազմակերպությունների` տեղեկատվական տեխնոլոգիաներին հատկացվող ծախսերի հետևյալ ուղղություններով. ծրագրային ապահովման միջոցների ձեռքբերում, մարդկային ռեսուրսների կառավարման և տվյալների պահուստարանների կառավարման ծրագրային ապահովման միջոցների ձեռքբերում, տեղեկատվական մենեջմենթի տեխնոլոգիաների և տվյալների բազաների (big data), կորպորատիվ կոնտենտի կառավարման և տվյալների ինտեգրման համակարգերի ձեռքբերում: 

 

Մյուս կարևոր ուղղությունը հենց ՏՏ ոլորտի ընկերությունների պահանջարկով է պայմանավորված: Այսպես, սմարթֆոնների, պլանշետների և ռիդերների գլոբալ պահանջարկի հետևողական աճը դրանք արտադրող ընկերություններում կմեծացնի հեռահաղորդակցական ծառայությունների և հատկապես հեռախոսային տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկը, որը 2013-16թթ. կպահպանի աճի  28%-38% ցուցանիշ: 



Մրցակցության նրբերանգները

 

Հայտնի է, որ արտապատվիրման շուկայի ապրանքային կազմի վրա էականորեն ազդում են նաև ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների բիզնես առաջնահերթությունները: Այդ առումով ոլորտի շուրջ 200 առաջատար ընկերությունների կառավարման մասնագետների հարցումները ցույց են տվել, որ ընկերությունների բիզնեսի և ապրանքային առաջնահերթությունների տասնյակը ավանդական ՏՏ արտադրանքից անցում է կատարում ավելի բարդ լուծումներ պահանջող արտադրանքի թողարկում: Սա իր հերթին ենթադրում է, որ արտապատվիրման շուկայում մոտ ապագայում մրցակցային առավելություններ կունենան այն ընկերությունները, որոնք մասնագիտացած են ավելի բարձր հավելյալ արժեք ապահովող տեխնոլոգիաների թողարկման մեջ:

 

Ընկերությունների առաջնահերթություններում (աճի ինտենսիվացում, նոր հաճախորդների ներգրավում և պահպանում, ծախսերի կրճատում, նոր ապրանքների ու ծառայությունների մշակում, օգտագործման արդյունքների բարելավում, արդյունավետության բարելավում, շահութաբերության բարձրացում, աշխատուժի ներգրավում և պահպանում) քիչ կարևորվողներից մեկը անձնակազմի ներգրավման խնդիրն է, ինչը արտապատվիրման շուկայի աճի կարևոր ինդիկատորներից է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ խոշոր ընկերությունների ՏՏ արտապատվիրման ծավալները 2013-16թթ. կշարունակեն աճել և ըստ կարևորության աստիճանի կբաշխվեն հետևյալ 10 ապրանքային ուղղություններում. 1) վերլուծական և բիզնես վերլուծության ծրագրերի արտադրություն, 2) հեռախոսային տեխնոլոգիաների արտադրություն, 3) ամպերի արտադրություն (SaaS, IaaS, PaaS), 4) համատեղ աշխատանքի և փաստաթղթաշրջանառության ապահովման համակարգերի արտադրություն, 5) վիրտուալ համակարգերի արտադրություն, 6) կորպորատիվ կառավարման ծրագրային միջոցների արտադրություն, 7) ՏՏ կառավարման ծրագրային միջոցների արտադրություն, 8) հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման ավտոմատացված համակարգերի արտադրություն, 9) ERP հավելվածների արտադրություն, 10) ցանցային անվտանգության համակարգերի արտադրություն:

 

Կանխատեսվում է, որ 2013-16թթ. ՏՏ ոլորտի արտադրանքի հիմնական սպառողները կլինեն ֆինանսական հաստատությունները, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, մեդիայի և սպասարկման ոլորտի ընկերությունները, ինչպես նաև արտադրական ձեռնարկություններն ու այս ուղղությամբ նորեկները` հումք արդյունահանող ընկերությունները: Ըստ կանխատեսումների` ՏՏ ծախսերի մեծությամբ առաջատար դիրքեր դուրս կգան հենց արտադրական և հումքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, որոնց ծախսերի մեծ մասը կուղղվի վաճառքների գործընթացի օպտիմալացմանն ու ավտոմատացմանը, «ամպային», սոցիալական և big data տեխոլոգիաների ձեռքբերմանը: 

 

Ընդհանրապես` նշված երկու ոլորտների ընկերությունները, տնտեսության մյուս ոլորտների ընկերություների համեմատ, իրենց շահույթից տոկոսային հարաբերակցությամբ մոտ եռակի մեծ ծախսեր կկատարեն: Այստեղ առավել հեռանկարային ներդրումների ուղղություն է վճարումների, փոխառությունների ու առևտրային գործողությունների ավտոմատացման և ռիսկերի կառավարման ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման միջոցների արտադրությունը: Համաշխարհային տնտեսության մյուս ոլորտների համեմատ, ՏՏ արտադրանքի նկատմամբ պահանջարկի կայուն աճ կարձանագրվի նաև ապահովագրության և տրանսպորտավորման ոլորտներում:  



Գերզգայունությունը` զարգացման ուղեցույց

 

ՏՏ ոլորտի կարևոր մյուս առանձնահատկությունը գերզգայունությունն է` թե´ համաշխարհային տնտեսության մեջ ու դրա առանձին տարածաշրջաններում ընթացող մակրոտնտեսական գործընթացների, թե´ առանձին ոլորտներում ընթացող վերափոխումների և դրանց առաջադրած խնդիրների նկատմամբ: Այդ առումով 2013-2016թթ. ՏՏ ոլորտի հնարավոր զարգացման ռազմավարական ուղղությունների բացահայտման հիմք կարող են դառնալ համաշխարհային տնտեսության մյուս ոլորտներում ակնկալվող կարևոր իրադարձությունների կանխատեսումները: Մասնավորապես, ըստ Gartner, JP Morgan, IDC ընկերությունների, ՏՏ ոլորտի զարգացման վրա առանցքային նշանակություն կունենան համաշխարհային տնտեսության մեջ ընթացող հետևյալ գործընթացները.

 

Ավտոարդյունաբերողների` ինքնավար կառավարվող ավտոմեքենաների արտադրության ծրագրերը, որոնց սերիական արտադրությունը առաջատար ավտոկոնցեռններում նախատեսված է 2016 թվականից, ինչը մեծապես կնպաստի ՏՏ ոլորտում ճանաչման, կողմնորոշման և կառավարման ավտոմատացված համակարգերի նոր ուղղությունների զարգացմանը:

Աշխատանքի և դրամաշրջանառության ոչ ավանդական ձևերի զարգացումը կնպաստի հաղորդակցությունների և ֆինանսական հատվածներում նոր լուծումների նկատմամբ պահանջարկի մեծացմանը:

Բժշկական բարդ տեխնոլոգիաների կյանքի կարճ պարբերաշրջանը արդեն 2016թ. գլոբալ ընդգրկմամբ կսրի բժշկական սարքավորումներում ՏՏ նոր լուծումների առաջարկման խնդիրները:

Կրթական շուկայում կրթական ծրագրերի տևողության հետևողական կրճատումը կհանգեցնի «մեծ տեղեկատվության» պահպանման ասպարեզում նոր լուծումների որոնման:

2015թ. սկսած` ընկերությունների մրցակցային ամենաառանցքային առավելությունը կդիտարկվի տեղեկատվության ինտեգրացիան, ինչը կնպաստի այս ուղղությամբ նոր լուծումների որոնմանը:

Ավտոապահովագրության բնագավառում pay-as-you-drive մոդելի կիրառման աճը կհանգեցնի ապահովագրական շուկայում նոր լուծումների որոնման:

Մեդիագովազդի արդյունավետության գնահատման գործում մասնագիտացած կազմակերպությունների թվի և դրանց բիզնեսի աճը կմեծացնի համացանցում մեդիայի ավտոմատ գնահատման համակարգերի մշակման խնդիրը:

Հեռախոսներով վճարումների համակարգերի ներթափանցումը զարգացող երկրներ և դրանց հաջող ծավալումը կսրեն mobypay համակարգերի մշակման խնդիրներն ու տվյալների ավտոմատ ինտեգրման լուծումների անհրաժեշտությունը:

Ինտերնետի BtoC հատվածի արագ զարգացման հետևանքով գնալով կմեծանա սպառողական ապրանքներ արտադրող այն ընկերություների թիվը, որոնք ներդրումներ կիրականացնեն տեխնոլոգիական start up-երում:

Բիզնես գործընթացների միասնականացման և ֆինանսական մենեջմենթի սկզբունքների միասնականացման արդյունքում, սկսած 2014թ., գործարար հատվածում կորպորատիվ ծրագրային ապահովման միջոցների նկատմամբ պահանջարկում կսկսի մեծանալ ինտելեկտուալ օպերացիոն տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկը:

Դիսկրետ դետալաշինության բնագավառում 3D տեխնոլոգիաների ներդրման արագ տեմպերը 2016թ. սկսած` կսրեն նշյալ տեխնոլոգիայով ինքնաշխատ հոսքագծերի արտադրության և դրանց ծրագրային ապահովման խնդիրները:  



Ապագան  բարդ տեխնոլոգիաներ մշակողներինն է


Այսպիսով` տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ շուկայի զարգացման միտումների կանխատեսումների վերլուծությունից ակնհայտ է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ՏՏ ոլորտի որդեգրած ռազմավարական ընդլայնման քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ գնալով ավելի է ընդգծվում առավել առաջատար տեխնոլոգիաների պահանջարկի աճը ավանդականների նկատմամբ: Սա նշանակում է, որ արտապատվիրման ավանդական շուկան մոտ ժամանակահատվածում կենթարկվի լուրջ վերաձևումների` ավելի բարձր հավելյալ արժեք ունեցող, բայցև ավելի բարդ լուծումներ ենթադրող տեխնոլոգիաների հատվածի սրընթաց ընդլայնման հետևանքով: 

 

Մյուս կողմից` ակնհայտ է, որ ցածր հավելյալ արժեքի հատվածում մասնագիտացած երկրները (նաև ՀՀ-ն) հետզհետե կկորցնեն իրացման հնարավորությունները` կապված ավանդական տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկը առավել զարգացող երկրներ տեղափոխվելու հետ: Սա պայմանավորված է այն բանով, որ ապագայում ավանդական տեխնոլոգիաներում ծախսերն իրենց վրա վերցնող երկրների կազմակերպությունները արտապատվիրման շուկայի առաջատարներ են և ծախսեր-որակ-պատվերներ տիրույթում ունեն անհամեմատ ծանրակշիռ մրցակցային առավելություներ: 

 

Սա ենթադրում է, որ ոլորտի զարգացման նկատառումներից ելնելով` ՀՀ ՏՏ ոլորտը կարճ ժամանակահատվածում պետք է կարողանա համապատասխան փորձ կուտակել ավելի բարդ տեխնոլոգիաների մշակման բնագավառում:

 

Աշխեն Գրիգորյան

«Ֆինանսներ և Էկոնոմիկա»