Նոյեմբեր 14 2016

Կոռուպցիան վերածվել է գլոբալ հիմնախնդրի

Կոռուպցիան վերածվել է գլոբալ հիմնախնդրի

Այն ոչ միայն առանձին պետությունների անվտանգության սպառնալիք է,

այլև միջազգային իրական վտանգ:


Գլոբալացման ներկա պայմաններում կոռուպցիան ընդլայնել է ազդեցության սահմանները և միջազգային բնույթի այլ երևույթների նման վերածվել գլոբալ հիմնախնդրի: Սա է պատճառը, որ միջազգային հանրության համար մեծագույն խնդիր է դարձել կոռուպցիայի դեմ պայքարը: Այս երևույթը ոչ միայն առանձին պետությունների անվտանգության սպառնալիք է, այլև վերածվել է միջազգային իրական վտանգի, որը զգալի խոչընդոտում է հասարակության բնականոն զարգացումը, առաջընթացն ու բարեկեցությանը: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի միջոցների որոնումը դարձել է թե՛ առանձին երկրների, թե՛ միջազգային կառույցների ու կազմակերպությունների առաջնահերթ հարցերից մեկը: 


Իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն էր բացահայտել կոռուպցիոն դրսևորումներն ու դրանց կանխման մեխանիզմները: Հետազոտությունները ցույց են տվել, որ և՛ շուկայական հարաբերությունների տարածումը, և՛ իշխանության ու կառավարման բյուրոկրատացումը քայքայում են ղեկավարման ժառանգական կապերը, ինչպես նաև նախարդյունաբերական հասարակություններին բնորոշ ավանդական խմբային համերաշխությունը: Սակայն զարգացած երկրներում դա առավել շարունակական գործընթաց է, և որ ավելի կարևոր է՝ արևմտյան երկրներում անհատների միջև անձնական կախվածության փոխարեն հաստատվել են հասարակական պայմանավորվածության տեսքով առավելապես օրենքով կարգավորվող հարաբերություններ: 


Այն հասարակություններում, որոնք վերափոխումների փուլում են, անցումային շրջանն ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերում «կախյալ» բնույթ, ակնհայտ են պետական միջամտության անհրաժեշտությունն ու կարևորությունը: Բայց սա դեռ ամենը չէ. սրան զուգահեռ՝ դժվարացված է զարգացած հասարակություններին բնորոշ ինստիտուտների գոյացումը: Հովանավոր-հովանավորյալ հարաբերությունների ձևը, որն ավանդական հասարակություններում անհատի պաշտպանության բնական ձև է, բոլոր հնարավորություններն ունի պահպանվել նաև արդիականացման ընթացքում: Դա կարող է արտահայտվել տարբեր ձևերով և հաճախակի ընկալվել որպես կոռուպցիա: 


Մասնագետները փաստում են, որ հակակոռուպցիոն ծրագրերը կարելի է բաժանել բավական ընդհանրական երկու խմբի: Առաջին խմբի մեջ են մտնում կոռուպցիայի արտաքին դրսևորումը: Դրանք են՝ բուն կոռուպցիոներների և արդեն իսկ գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցները: Երկրորդը ձևավորվում է կոռուպցիայի գոյացման ինստիտուցիոնալ նախադրյալների դեմ պայքարի միջոցներով:


Philippe Aghion, Ufuk Akcigit, Julia Cagé, William Kerr. “The impact 

of corruption on taxation and growth: Evidence from the US”