Նոյեմբեր 11 2016

Smarter Armenia’16-ը կայացավ

Smarter Armenia’16-ը կայացավ

Հեքեթոնի ընթացքում մշակվեցին առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում նորարար լուծումներ:


Armef News-ը տեղեկացրել է, որ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) պաշտոնական բացման արարողության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Smarter Armenia’16-ը: Հեքեթոնը երիտասարդներին հնարավորություն է ընձեռել լուծումներ մշակել առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում: Երկօրյա մրցույթը մեծ հնարավորություն էր ստարտափների ու ծրագրավորողների համար` ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նորարարական լուծումներ կամ բարելավելու իրենց մշակած լուծումները` IBM տեխնոլոգիաների միջոցով: 


Հիշեցնենք, որ Smarter Armenia’16-ը կազմակերպել են ISTC-ը, IBM-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Միջոցառման գործընկերներն են «Ջի Էն Սի - Ալֆա» ընկերությունը (Ռոստելեկոմ Արմենիա), «Արդշինբանկը» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը:







Նախքան հեքեթոնի պաշտոնական մեկնարկը թիմերը մասնակցել են մի շարք սեմինարների՝ նվիրված IBM BlueMix-ի ամպային ծառայություններին, աջակցություն ստացել` ծառայություններին հասանելիություն ունենալու համար, ինչպես նաև մասնակցել են տեղեկատվական հատուկ հանդիպման, որտեղ գործընկերներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում առկա խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեին հեքեթոնի ընթացքում:





«Ավելի խելացի Հայաստան» հեքեթոնին մասնակցել են 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել են ֆիթնես chatbot-երից մինչև աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված լուծումներ: 



Այսօր` նոյեմբերի 11-ին ժյուրիի գնահատման արդյունքում որոշվել են Smarter Armenia’16-ի հաղթողները: Ժյուրիի անդամներն էին IBM-ի, «Ջի Էն Սի - Ալֆայի» «Արդշինբանկի», «Ինգո Արմենիայի» և «Գրանատուս Վենչուրսի» ներկայացուցիչները։ 



Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում անվանակարգում հաղթող է ճանաչվել Triple-E թիմը՝ «Ռոստելեկոմի» կողմից արժանանալով 1000 դոլլար մրցանակի:



Լավագույն լուծում ֆինանսների ոլորտում՝ անվանակարգի հաղթողն է Finely թիմը, որը Արդշինբանկից ստացավ 1000 դոլլար մրցանակ:



Լավագույն լուծում առողջապահության ոլորտում անվանակարգում հաղթողին` Yamaka թիմին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը հանձնեցին 1000 դոլլար մրցանակ: 



Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC-ից 500 դոլլար մրցանակ ստացավ ArmSol թիմը:



IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի արժանացավ 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն ընձեռվեց միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120 000 դոլլար վարկ` ամպային ծառայությունից օգտվելու համար։