Նոյեմբեր 08 2016

Մրցունակ լինելը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է

Մրցունակ լինելը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի

6-րդ մրցանակը հանձնվեց համացանցի նախահայրերից մեկը համարվող`

ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար Լուի Պուզենին:


Այսօր` նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2016թ. մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի` տրվել է ընդունելություն:





Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչև այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց: Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում: 



ՀՀ նախագահը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և հանդես եկել ելույթով: Ընդգծելով, որ մեծ գոհունակությամբ է հանձնում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մրցանակը համացանցի նախահայրերից մեկին` Սերժ Սարգսյանը նշել է. «Մի օր կատակով մեկն ասաց, որ Ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած` հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետևյալը. Դուք այն մարդկանցից եք, ովքեր իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել և շարունակում է փոխել աշխարհը»:


Նախագահի խոսքով` Ինտերնետ համաշխարհային ցանցի ստեղծման շուրջ առաջին մշակումները սկսվել են սառը պատերազմի ժամանակ: Այդ ուղղությամբ տարվող սկզբնական աշխատանքների հիմնական նպատակն էր ստեղծել այլընտրանքային կապի միջոցներ` հրամանատարական վերահսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ ահավոր ու աներևակայելի միջուկային պատերազմի ժամանակաշրջանի համար: «Փառք Աստծո, սառը պատերազմի ծանր դիմակայությունը դարձել է պատմություն, և ջանքեր գործադրենք, աղոթենք, որպեսզի այդ ժամանակաշրջանը ետ չվերադառնա, իսկ համացանցն այսօր ծառայում է միլիոնավոր մարդկանց՝ խաղաղության պայմաններում: Այս մրցանակով պարոն Պուզենի հետ միասին ևս մեկ անգամ ընդգծում ենք այդ խաղաղության և համագործակցության կարևորությունը, որի իսկական և դրական արգասիքը և միջոցը պետք է լինի համացանցը»,- ասել է ՀՀ նախագահը:



Սերժ Սարգսյանը շեշտել է, որ արդեն վեցերորդ տարին շնորհվող այս մրցանակը, նպատակ ունի գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այն նվիրյալներին, ովքեր նպաստում են մարդկության առաջընթացին և համախմբմանը:


«Մենք ուզում ենք այս մրցանակով կրկին շեշտել Ձեր և այս ոլորտում Ձեզ նման ռահվիրաների կարևորությունը: Մեզ պետք են երախտավորներ, որոնց կցանկանան նմանվել մեր պատանիներն ու աղջիկները, մեր երիտասարդներն ընդհանրապես: Դուք հենց այդպիսին եք: Իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար ՏՏ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և ընդհանրապես` ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի և միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաև ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից»,- ասել է ՀՀ նախագահը` շնորհավորելով պարոն Պուզենին ու մաղթելով առողջություն, անսպառ եռանդ նրա շնորհակալ գործում: 


«Վստահ եղեք, որ Դուք Հայաստանում այսուհետ ունեք մեծաթիվ հավատարիմ և ջերմ բարեկամներ»,-խոսքը եզրափակել է Սերժ Սարգսյանը:



«Պարոն նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով` պետք է միասին նայենք ապագային, 20 տարի հետո ինչ կլինի Ինտերնետին` մենք չգիտենք: Ներկայում մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն` արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում ընդունելի հավասարակշռության հասնելու համար: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի` պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարվա ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,- շնորհակալական խոսքում ասել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 6-րդ մրցանակակիրը: