Microsoft-ն աշխատում է ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ
Այս ոլորտում ևս հայկական ՏՏ ընկերությունների հետ
հնարավոր է համագործակցություն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության՝ ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր տնօրեն Կոնստանտին Նազարովին և «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրեն Լիանա Կորկոտյանին։
Նախարարը բարձր է գնահատել Microsoft-ի հայաստանյան գրասենյակի դերը ՏՏ ոլորտի զարգացման գործում: Նա նշեց, որ ուրախ կլիներ առաջիկայում Հայաստանում տեսնել ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը, որը կզբաղվեր թե՛ հետազոտական աշխատանքով, թե՛ տեխնոլոգիական նոր լուծումների մշակմամբ` հայ մասնագետների մասնակցությամբ։
Կոնստանտին Նազարովը, խոսելով ընկերության որդեգրած քաղաքականության ընդհանուր միտումների մասին, հայտնել է, որ Microsoft-ը արդյունքներ ստեղծողից աստիճանաբար վերափոխվում է ընկերության, որը տեխնոլոգիաների միջոցով լուծում է յուրաքանչյուր ոլորտի վերաբերող խնդիր։ Նա տեղեկացրել է, որ Microsoft-ն այժմ աշխատում է ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, և այս ոլորտում ևս հայկական ՏՏ ընկերությունների հետ հնարավոր է համագործակցություն։
Կողմերը քննարկել են նաև մտավոր սեփականության պաշտպանությանն ու կիբեռանվտանգության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր։