Նոյեմբեր 25 2016

Մեր մաքուր տեխնոլոգները հմտանում են

Մեր մաքուր տեխնոլոգները հմտանում են

Արդյունքում` կկարողանան ունենալ ներդրողներին ներկայացնելիք 

պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ 

հետագա ֆինանսավորում ձեռք բերելու համար:


Armef News-ը տեղեկացրել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր, որի նպատակը նորարարներին, սկսնակներին աջակցելն է, մաքուր տեխնոլոգիաների բնագավառում նորամուծությունները խթանելը: 


Ներկայում ծրագրին մասնակցում է 10 թիմ: Մասնակիցները, ինչպես նաև Երևանից, Գյումրիից ու Վանաձորից բոլոր հայտ ներկայացրածները հնարավորություն ունեն մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացվող թեմատիկ դասընթացների շարքին, ներառյալ՝ մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում: 



Ծրագրի շրջանակներում ընտրված 10 թիմին նաև խորհրդատվություն են տրամադրում մենթորները, անց են կացվում գործնական աշխատանքներ՝ ներկայացված բիզնես գաղափարները/տեխնոլոգիաները կենսունակ բիզնես մոդելների վերածելու նպատակով: Թիմերի հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ նրանք կկարողանան ունենալ ներդրողներին ներկայացնելիք պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ հետագա ֆինանսավորում ձեռք բերելու համար: 


Հիշեցնենք, որ մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիրը UNIDO-ն իրականացնում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման նպատակով: Ծրագիրը ֆինանսավորում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF): Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, գլոբալ գործընկերը՝ Cleantech Open-ը (ԱՄՆ ամենամեծ աքսելերատորը):