Սեպտեմբեր 20 2016

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՔՍԵԼԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՔՍԵԼԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է

2016թ. սեպտեմբերի 30-ը:


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր:


Կարող են մասնակցել բոլոր նորարարները, սկսնակ թիմերը (start-ups), գիտնականները և գործող կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, հետևյալ ոլորտներում՝ էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգետիկա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ:


Ընտրված լավագույն 20 գաղափարների հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակներում կազմակերպվող աքսելերացիոն ծրագրին, ներառյալ՝ 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին, թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինգ, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում), մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներին, բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին, բիզնես մոդելների նախնական ներկայացմանը և հանձնաժողովի գնահատմանը:


Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները, որոնցից լավագույն 3-ին կտրամադրվի օժանդակություն՝ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար:


Գյումրու հայտատուների համար աքսելերացիոն ծրագիրը կանցկացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Վանաձորի հայտատուների համար՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այլ մարզերի հայտատուները կարող են սեփական հայեցողությամբ ընտրել՝ մասնակցել Վանաձորի կամ Գյումրիի ծրագրին:


Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. սեպտեմբերի 30-ը: Հետաքրքրվածները կարող են լրացնել հետևյալ Դիմումի ձևը: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել +37410 219797 հեռախոսահամարով:


Կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերը կազմելու գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան.

Երևան՝ 23 սեպտեմբերի, 2016թ., Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ,

Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, 2016թ., Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:


Հավելենք, որ Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիրն իրականացնում է UNIDO-ն՝ Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման նպատակով: Ծրագիրը ֆինանսավորում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF): Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, գլոբալ գործընկերը՝ Cleantech Open-ը (ԱՄՆ ամենամեծ աքսելերատորը):