Նոյեմբեր 10 2016

ISTC-ն պաշտոնապես բացվեց

ISTC-ն պաշտոնապես բացվեց

Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը վաղուց առաջնահերթ ուղղություն է

ԱՄՆ համար. Ռիչարդ Միլս:


Այսօր` նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC): Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, IBM-ի` համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը, բարձրաստիճան հյուրեր ՀՀ կառավարությունից, IBM-ից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID), ինչպես նաև ավելի քան 100 ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիաների, կրթության և բիզնեսի ոլորտներից: 







ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթության զարգացմանը, հետազոտական աշխատանքների խթանմանը և ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքի զարգացմանը միտված այս կենտրոնը գործունեություն է ծավալում 2014 թվականից՝ հիմնական մասնաշենքի կառուցմանը զուգահեռ։ Այժմ Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում ISTC-ն զբաղեցնում է շուրջ 1000 քմ տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնը նորարարական միջավայր է առաջարկում սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն: 







ISTC-ն ուսանողներին և դասախոսական կազմին տրամադրում է նորագույն ծրագրային և տեխնիկական ապահովում, ինչպես նաև կրթական նյութեր` հետազոտական աշխատանքների և դասընթացների իրականացման համար։ Առայսօր հայաստանյան 9 բուհերի ավելի քան 100 դասախոս անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ իրենց կրթական ծրագրերի բարելավման համար։ Արդյունքում` ավելի քան 1500 ուսանող թարմացված 30 ծրագրերի հիման վրա դասընթացներ են անցել: Մագիստրոսական նոր ծրագրեր են մշակվել գերժամանակակից ուղղություններով, որոնք մյուս ուսումնական տարում կգործեն ՀՀ տարբեր բուհերում։



«Ես հպարտ եմ, որ այս յուրահատուկ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկի` հայ երիտասարդների կրթությանը: Մասնավոր հատվածի և համալսարանների միջև համագործակցությունը ստեղծում է տնտեսական հնարավորություններ` Հայաստանի երիտասարդների համար»,- նշել է ԱՄՆ դեսպանը: 


Ռիչարդ Միլսը շեշտել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը վաղուց առաջնահերթ ուղղություն է ԱՄՆ համար. «Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցությունը USAID-ն մեկնարկել է մեկ տասնամյակ առաջ: Այս ժամանակահատվածում կարևոր դեր է խաղացել ամուր և կենսունակ ՏՏ ոլորտի կայուն հիմնաքար ստեղծելու գործում: Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված մեր համատեղ ջանքերի կարևորագույն ձեռքբերումներից ենք մենք համարում: 



Դեսպանը նաև կարևորել է ISTC-ի դերակատարումը հայկական ու ամերիկյան բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությունը խթանելու հարցում: Նա տեղեկացրել է, որ ISTC-ն համագործակցության համաձայնագրեր է կնքել ԱՄՆ բարձրագույն կրթության մի շարք հաստատությունների հետ, ինչպես Դյուքի, Սթենֆորդի և Ֆորդհամի համալսարանները:



«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), հետամուտ լինելով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը, ինովացիոն միջավայրի ձևավորմանը, որակյալ կադրերի վերապատրաստմանը, հետևողականորեն նախաձեռնում և կյանքի է կոչում ռազմավարական մի շարք ծրագրեր: Մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ ISTC կենտրոնի հիմնումն է, որի շնորհիվ Հայաստանի համար մատչելի կդառնան միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, կվերապատարստվեն շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ ՏՏ մասնագետներն և տեղական ընկերությունների համար կստեղծվի գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն»,- ասել է EIF տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:



IBM-ի` համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովի խոսքով` ISTC-ի առաջարկած գիտակրթական մոդելը լավագույն փորձերից է, և մոտ ապագայում կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության հիմք: Նա ընդգծել է, որ Հայաստանում ամերիկյան համալսարանը և Երևանի պետական համալսարանն ընդգրկվել են IBM-ի հատուկ համագործակցության համալսարանների ցանկում, և վերջիններիս ընձեռվել է յուրահատուկ հնարավորություն օգտվել IBM կրթական ռեսուրսի իրենց անձնական ամպային հանգույցից՝ հասանելի միայն տվյալ համալսարանի ուսանողներին և դասախոսներին։







Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացմանը հայտարարվել է ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթության և գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առևտրայնացման ռազմավարության մշակմանն աջակցություն և ֆինանսական աջակցություն: Հայտարարվել է նաև ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում փորձի փոխանակման մի քանի շաբաթյա այցեր կատարել: 


ISTC-ի պաշտոնական բացման շրջանակներում, ինչպես Armef News-ը տեղեկացրել էր, մեկնարկել է «Ավելի խելացի Հայաստան 2016» հեքեթոնը, որի արդյունքները կամփոփվեն վաղը: