Նոյեմբեր 23 2016

Եկել է հեղափոխական փոփոխությունների ժամանակը

Եկել է հեղափոխական փոփոխությունների ժամանակը

Մենք պետք է պատրաստենք ինտելեկտուալ և բարձր հավելյալ արժեք ստեղծող, հետևաբար՝ բարձր վարձատրվող մասնագետներ:


Armef News-ի խնդրանքով՝

իր ղեկավարած ընկերության գործունեությունն ու

ՏՏ ոլորտն է ներկայացնում հանրապետության այս ոլորտի

ամենահին ու հեղինակավոր ընկերություններից մեկի`

Unicomp-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը:


Սկիզբը


Unicomp-ը ստեղծվել է 1988թ.: Հիմնել են ընկերներս: Ինձ էլ հրավիրեցին աշխատելու: Սկզբում այն կոչվում էր «Նաիրի» կոոպերատիվ: Հետո վերակազմավորվեց «Նաիրի 91» ՍՊԸ-ի: Որոշ ժամանակ անց ընկերներս հեռացան Հայաստանից, և արդեն 1992-ից ընկերությունը մնաց «իմ ուսերին»: 1996թ. դարձանք «Յունիքոմփ»: 


Դեռևս ԽՍՀՄ օրերին, երբ բանկերը պետական էին, ընկերությունը զբաղվում էր բանկային համակարգի համար ծրագրեր գրելով: Ավելի ուշ արդեն գրում էինք մասնավոր բանկերի համար: Այն ժամանակ 8-10 հոգուց կազմված ծրագրավորողների թիմ էինք: 1996-ին ընդլայնվեցինք և սկսեցինք խնդիրներին համալիր լուծումներ տալ` ծրագրավորումից զատ, ընդգրկելով ՏՀՏ ենթակառուցվածքները, սարքավորումը` ամբողջական սպասարկմամբ, այդ թվում և ծրագրերի: 


1996-ից հետո սկսեցինք հավաքել համակարգիչներ, սերվերներ: 2000-ականներից Intel ընկերության հետ միասին Հայաստանում կազմակերպեցինք նոութբուքերի արտադրություն: Ավելի ուշ` նաև պլանշետների: Դարձյալ Intel-ի հետ: Հետո շուկայի փոքրության պատճառով դադարեցրինք այդ գործընթացը: 



Այսօր


Հիմա զբաղվում ենք միայն սերվերների արտադրությամբ: Ավելի մասնագիտացել ենք բիզնեսները սպասարկելու ոլորտում: Մեր հիմնական հաճախորդներից են «Տելեկոմ» կազմակերպությունը, ֆինանսաբանկային համակարգը, կառավարական հիմնարկները: Ամբողջ աշխատանքն իրականացվում է շուրջ 50 աշխատակցի միջոցով: Բայցև ունենք բավական թափուր աշխատատեղեր: Ցավոք, շուկայում ՏՀՏ մասնագետների հետ կապված լուրջ բաց կա: Այդ պատճառով էլ մենք շատ ենք կարևորում ՏՀՏ կրթությունը` սկսած դեռևս դպրոցից: 


ՏՀՏ գործատուների միությունով դպրոցական ծրագրեր ենք իրականացնում: Աշխատում ենք բարձրացնել հիմնարար կրթության մակարդակ հանրապետությունում: Ինչի համար էլ «Սինոփսիս Արմենիա» և «Վիվա Սել» ընկերությունների հետ համատեղ 10 ավագ դպրոցներում ծրագիր ենք իրականացնում: Այդ դպրոցներում ՏՀՏ առարկաներն անցնում են խորացված: Նպատակն այն է, որ բնագիտական մտածելակերպ ունեցող երեխաներն ընտրեն բնագիտական, տեխնիկական ուղղությունները: Անցած տարի աջակցել ենք հինգ նման դպրոցի, այս տարի դրանք 10-ն են, եկող տարի կներառենք ևս 10 դպրոց: Մեր աջակցությունը վայելող յուրաքանչյուր ավագ դպրոցում առնվազն մեկ դասարան, որոշներում՝ նույնիսկ երեք դասարան, այս ուղվածությունն ունեն: Երեխաների մոտ մեծ ոգևորություն կա: Այդ դասարաններն ընդունվելու համար արդեն որոշակի մրցակցություն կա: Շատ դեպքերում երեխաներն ընտրում են այդ դպրոցները՝ հատկապես այդ դասարններում սովորելու համար: Շատ կարևոր է, որ այս ծրագրում ընդգրկվեն նաև հանրապետության մարզերը: 


Գաղափարները


Անցյալ տարի կառավարություն ենք ներկայացրել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հինքի վրա տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը: Խնդիրն այն է, որ բուհի համար այսօր շատ դժվար է ինքնուրույն կադրեր պատրաստելը: Ողջ աշխարհում բուհերը ակտիվ համագործակցում են մասնավոր կազմակերպությունների հետ: Շատ կարևոր է պետություն - մասնավոր հատված - բուհ համագործակցությունը: Մեր պատկերացրած տեխնոլոգիական համալսարանի գործունեության հիմքում պետք է հենց այդ մոտեցումը դրված լինի: Դա ծրագրերի և ուսանողների ընտրության առումով կարող է բեկումնային փոփոխությունների բերել կրթության ոլորտում: Հիմա բազմաթիվ կազմակերպություններ ոլորտային ուսուցման ուղղությամբ ինքնուրույն ինչ-որ ծրագրեր անում են, և արդյունքում՝ ուժերը փոշիանում են, արդյունավետությունը շատ ցածր է լինում: Դրա համար էլ մենք փորձում ենք ծրագիր մշակել, որ բոլորս միասին նույն ուղղությամբ աշխատենք: Եթե Հայաստանը լիներ Հնդկաստան՝ միլիարդանոց բնակչությամբ, կարելի էր սևեռվել տարբեր ուղղություններում: Բայց մենք մարդկային սահմանափակ ռեսուրսներ ունենք և իրավունք չունենք ցածր աշխատավարձով կադրեր պատրաստել: Մենք պետք է պատրաստենք ինտելեկտուալ և բարձր հավելյալ արժեք ստեղծող, հետևաբար՝  բարձր վարձատրվող մասնագետներ: 



Ծրագրերը


Մենք պետք է ուշադրություն դարձնենք հիմնարար կրթությանը, պետք է սկսենք դպրոցից, որպեսզի ներուժն ավելացնենք: Մենք պետք է կարողանանք օգնել բոլոր այն համալսարաններին, որոնք այս ոլորտում կադրեր են պատրաստում, որպեսզի իրենց ծրագրերը զարգացնեն, բարելավեն: Հակառակ դեպքում գործընթացն ավելի դանդաղ կընթանա: Շատ կարևոր է նաև մասնագիտական արագ վերապատրաստման դասընթացները՝ ՏՏ տարբեր ուղղություններով, ներառյալ՝ նախագծային կառավարումը, ծրագրավորումը, համակարգային ադմինիստրացիան: Դրանց մշտական կազմակերպումը պետք է լինի ոլորտի առաջնային անելիքներից մեկը: 


Իհարկե՝ հիմա դա հաջողությամբ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Բայց միայն մեր ու մի քանի կազմակերպության իրականացնելը քիչ է: Պետությունը այստեղ մեծ դերակատարություն ունի և պետք է ունենա: Մինչև հիմա պետությունը լուրջ ուշադրություն հատկացրել է ոլորտին, բայց եկել է հեղափոխական փոփոխությունների ժամանակը: Համոզված եմ՝ նոր կառավարությունը կիրագործի այդ մոտեցումները: Շատ կարևոր է, որ վերջապես կապի ու ՏՏ ոլորտները ներառվեցին նույն նախարարությունում: Դա միանշանակ ճիշտ մոտեցում է, քանի որ միշտ բախում կար դրանց միջև: 


Հնարավորությունները


Հիմա Հայաստանում բիզնեսի հնարավորություններ, ընդլայնվել են, և շատ կարևոր է ավելացնել արտահանումը, նոր ծառայություններով, նոր ապրանքներով գրավել ԵԱՏՄ շուկան, անշուշտ՝ շատ կարևոր է նաև ԵՄ և ԱՄՆ շուկաներում ներկայությունը: Այս առումով Հայաստանը շատ մեծ անելիք ունի: Վերջին տարիների հաջողությունները վկայում են, որ կարելի է այստեղ զբաղվել բիզնեսով և գրավել միջազգային շուկաներ ու դառնալ միջազգային նշանակության ընկերություն: 


Հայաստանը միջազգային խաղացող դառնալու հավակնություններ ու ներուժ ունի: Բարձրացնելով կրթական մակարդակը, կատարելով ավելի շատ նախագծեր ՏՀՏ ոլորտում՝ մենք կարող ենք դառնալ միջազգային խաղացող: ՏՀՏ ոլորտն արագ փոփոխվում է, իսկ դա նշանակում է, որ միշտ նոր շուկաներ են առաջանում: Եթե Հայաստանը կարողանա արագ կողմնորոշվել, կկարողանա հայտնվել այդ շուկաներում, գրավել առաջացած ազատ նիշաները: 


Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա ստարտափների, սկսանակ ընկերությունների համար կա շատ լավ օրենսդրական դաշտ: Գործում է արտոնությունների մեխանիզմը, և ստարտափները, ազավելով հարկերից, մուծում են ընդամենը 10% եկամտահարկ: Դա նոր ընկերությունների ստեղծման շատ լավ դաշտ է: Այստեղ օրենսդրության մշակման մեջ մեծ էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի դերը: 


Եթե ոլորտում հավակնություններ ունենք և ուզում ենք հաջողությունների հասնել, պետք է լինենք շատ ճկուն: Պետք է հնարավորություն ունենանք արագ ներգրավել ֆինանսական ռեսուրսներ ու մասնագետներ, այդ թվում նաև արտասահմանյան: Այս պարագայում օրենսդրությունը պետք է նպաստող լինի: 


Եթե Unicomp-ից հեռանում են մասնագետներ, ապա հիմնականում գնում են հայկական կազմակերպություններ: Մեր կազմակերպությունը, լինելով հանրապետությունում առաջատարներից մեկը, ունի կադրերի պաստրաստման դարբնոց: Բիզնեսի տեսանկյունից՝ դա մեզ համար վատ է, քանի որ միջոցներ ենք ծախսում ու ներդրումներ անում, բայց Հայաստանի տնտեսության համար լավ է, քանի որ կադրերի հոսքը, նոր արյունը խթանում է տնտեսության զարգացումը: Իհարկե՝ երկրից դուրս գնացողներ էլ կան, բայց չեմ կարծում, որ ՏՏ մասնագետներն ավելի շատ են դուրս գնում, քանի որ այս ոլորտում ստանում են, կարելի է ասել, բավարար աշխատավարձ, հետևաբար՝ շատերը ոգևորությամբ են մոտենում իրենց աշխատանքին: Այս ոլորտում երիտասարդները շատ հայրենասեր են: Նրանք առաջին հերթին փորձում են աշխատանք գտնել, կարիերա անել Հայաստանում: 


Խնդիրները


Ողջ աշխարհում այս ոլորտը տնտեսության տանող ուժն է արդեն շատ տարիներ: Բնականաբար՝ Հայաստանում էլ պետք է այդպես լինի: Պարզապես մենք մի լուրջ խնդիր ունենք. ցավոք, առայժմ այլ բիզնեսներում տեխնոլոգիաները քիչ են օգտագործվում: Տարածաշրջանում լինելով առաջատարներից մեկը ծրագրավորման, ՏՏ-ի և միկրոէլեկտրոնիկայի բնագավառում, Հայաստանը ետին տեղերից մեկում է՝ դրանց կիրառման ուղղությամբ: Մենք ավելի շատ արտահանում ենք, քան ինքներս կիրառում ենք: Այստեղ շատ կարևոր է պետության ներգրավվածությունը՝ նոր տեխնոլոգիաները ներդնելու, արտադրողականությունն ավելացնելու, հետևաբար և տնտեսության զարգացման ուղղությամբ: 


«Օգնականները»


Սովորաբար՝ ամեն ոլորտում լինում է մի կազմակերպություն, ուժ, որն ունենում է որոշիչ դերակատարություն: Երբ 2000թ. ՏՏ ոլորտն ընդունվեց որպես գերակա ճյուղ, անհրաժեշտություն առաջացավ մի կառույցի, որը կիրականացնի պետության և մասնավորի պատվերով անհրաժեշտ գործառույթները: Դա դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), որն այս տարիների ընթացքում իրականացրել է ուղղակի հեղափոխական ծրագրեր: Մարզային քաղաքներում հիմնվել են տեխնոլոգիական կենտրոններ, ինչը բերեց որակական կտրուկ փոփոխությունների մարզերում: Եվ դա՝ EIF-ի շնորհիվ: 


EIF-ի լավ նախաձեռնությունն էր բանակի համար կադրերի պատրաստումը՝ սկսած դպրոցական տարիներից: Ունենալով մարդկային ու ֆինանսական փոքր ռեսուրսներ՝ մենք պետք է կարողանանք անել նույնը, ինչ կարողանում են անել հզոր երկրները:


Հավակնությունները


Unicomp-ն ունի հավակնոտ ծրագրեր: Մեր ընկերությունը բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու արտահանող և միջազգային շուկաներում ծառայություններ մատուցող: Մեր ապագան դա է. չբավարարվել հայկական շուկայով ու գնալ դարտասահմանյան շուկաներ: Շատ նրբորեն պետք է ընտրվեն այն նիշաները, այն պրոդուկտները, որտեղ մենք ավելի մրցունակ ենք: