Նոյեմբեր 03 2016

Առաջին անգամ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում

Հեքեթոնին լուծումների ստեղծման համար մասնակիցները

չունեն տեխնոլոգիական որևէ սահմանափակում։


Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), IBM-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է Smarter Armenia’16 հեքեթոնը: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 10-11-ը՝ ISTC-ի պաշտոնական բացման արարողության շրջանակներում:


Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Լուծումների ստեղծման համար մասնակիցները չունեն տեխնոլոգիական որևէ սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, որոնք կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներից և IBM Watson-ից։ 


Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 18։00-20։00, ISTC կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ) թիմերը հնարավորություն կունենան մասնակցել տեղեկատվական հատուկ հանդիպման, որտեղ կներկայացվեն խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեն հեքեթոնի ընթացքում: 


Հեքեթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով այստեղ։ Նշենք, որ տեղերը սահմանափակ են, այնպես որ՝ շտապեք դիմել: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք այստեղ: Հեքեթոնի պաշտոնական հեշթեգն է՝ #smarterarmenia16: 


Smarter Armenia’16 հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են.

Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ 1000 ԱՄՆ դոլլար մրցանակ «Ռոստելեկոմի» կողմից,

Լավագույն լուծում ֆինանսների ոլորտում՝ 1000 դոլլար մրցանակ «Արդշինբանկի» կողմից,

Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ 1000 դոլլար մրցանակ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության և EIF-ի կողմից,

Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար՝ 500 դոլլար մրցանակ ISTC-ի կողմից,

Հատուկ մրցանակ IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողմից:


Հիշեցնենք, որ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, USAID-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի մշակած նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լինելով բազմաթիվ ուսանողների, դասախոսների և սկսնակ ընկերությունների ուշադրության շրջանակում՝ կենտրոնը սերտ համագործակցում է մասնավոր ու պետական սեկտորների հետ՝ նորարարական միջավայր ստեղծելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: 


ISTC-ի գերնպատակներն են՝ զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով կայուն բիզնեսի ձևավորման նպաստավոր միջավայր՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: Կենտրոնի հիմնական նախագծերն են ISTC Academy-ն, ISTC Research-ը և ISTC Accelerator-ը:


Թեև ISTC-ն տեղակայված է ԵՊՀ տարածքում, սակայն Հայաստանի բոլոր բուհերը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում՝ Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ ISTC անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: