Նոյեմբեր 17 2016

911 ՍՕՍ զանգերին արձագանքման նոր համակարգ

911 ՍՕՍ զանգերին արձագանքման նոր համակարգ

Հավելվածն անվճար է և նախատեսված է Android ու IOS համակարգերով աշխատող խելախոսների համար:


Սմարթֆոնների համար նախատեսված «911 ՍՕՍ» հավելվածը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցության արդյունքում՝ արտակարգ իրավիճակներում, դեպք ու պատահարում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն, բժշկական, հոգեբանական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու, արագ ու թիրախային արձագանքում կազմակերպելու նպատակով:


Այն շատ դյուրին միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու. ներդրվող համակարգը մեծապես կարող է օգնել շարժական խնդիրներ ունեցող օգտատերերին, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:


«Հավելվածը ներառում է ետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը 911 օպերատորներին թույլ է տալիս ավելի ճշգրիտ և ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքելու նպատակով: Մյուս կարևոր գործոնը թիրախային իրազեկման գործառույթն է, որի շնորհիվ՝ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում պատահարի և անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ: Հավելվածի առավելությունն այն է, որ արտակարգ իրավիճակում հայտնված և տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացին կարող է ահազանգել «911» և ստանալ պատահարին համապատասխան արձագանքում: Ընդ որում՝ այդ ընթացքում «911» ծառայության համապատասխան մասնագետները կարող են հեռախոսով ցուցաբերել նաև բժշկական ու հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն»,- ասում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:


Նրա խոսքով՝ ԱԻՆ-ի և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության համագործակցության արդյունքում ներդրված մյուս համակարգի շնորհիվ դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիները կարող են «911» համարին SMS հաղորդագրությամբ ահազանգ կատարել:


«ՍՕՍ Սիսթեմսի» գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի տեղեկացմամբ՝ հավելվածն անվճար է և նախատեսված է Android և IOS համակարգերով աշխատող խելախոսների համար:


«Հավելվածի Android տարբերակը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, IOS տարբերակը՝ դեռևս երկլեզու՝ հայերեն և անգլերեն, ռուսերեն տարբերակը պատրաստ կլինի մոտ ապագայում, իսկ հավելվածը դեռևս զարգանալու և հարստանալու մեծ հնարավորություն ունի. ԱԻՆ-ը բնակչության համար անհրաժեշտ ու օգտաշատ դեռևս շատ տեղեկատվություն և ծառայություններ ունի, իսկ մենք պատրաստ ենք թիկունք կանգնել այդ նախաձեռնություններին»,- ասում է Վահագն Ծատուրյանը:


Հավելվածից օգտվողների համար նախատեսված են տեղեկատվության զետեղման տիրույթներ, ուր կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը և այլն: Սա լավ գործիք է նրանց համար, ովքեր ցանկանում են հոգալ իրենց ծեր կամ հիվանդ հարազատների մասին: Հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին հայտնվում է «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգ է հասցեագրվում «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում, ուր ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (երբ խելախոսը միացված է համացանցին) և նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը:


«Համակարգը գործում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Այլ երկրում գտնվող և հավելվածից օգտվող բաժանորդների ահազանգեր նույնպես գրանցվում են ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ում»,- տեղեկացնում է «ՍՕՍ Սիսթեմսի» գլխավոր տնօրենը:


Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները:


Հավելվածի օգտագործման ցուցումները հասանելի են այստեղ:


Նշենք, որ ԱԻՆ-ը և «ՍՕՍ Սիսթեմսը» ունեն համագործակցության երկար և արդյունավետ պատմություն՝ այսպիսի արդյունքներով. ԱԻՆ 911 ՃԿԿ-ում հրդեհի տագնապի մոնիթորինգային համակարգի և հեռուստապատի տեղադրում, ԱԻՆ հրշեջ մեքենաների վրա GPS Tracker համակարգի տեղադրում` ավտոմեքենաների երթուղին և կարգավիճակը հսկելու համար, պայթունավտանգ բեռներ տեղափոխող գնացքների վրա GPS Tracker համակարգի տեղադրում` երթուղին և կարգավիճակը հսկելու համար, 911 ՃԿԿ-ի հեռախոսային համակարգի (call center) տեղադրում՝ իր ձայնագրման սարքերով: