Նոյեմբեր 15 2016

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

Լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը սահմանվել է  8%,

բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5%:


ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստին որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%: Հիշեցնենք, որ վերջին անգամ տոկոսադրույքն իջեցվել էր սեպտեմբերի 27-ին:


ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 0.5%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատմամբ՝ գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել:


Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ: Այդուհանդերձ, ըստ ԿԲ-ի, առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում:


Խորհուրդն արձանագրել է նաև, որ հանրապետությունում տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպես արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-16թթ. իրականացված՝ դրամավարկային և հարկաբյուջետային խթանող քաղաքականությունները: 


2017թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչն առաջարկի գործոն է և միայն կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման: Այնուամենայնիվ, ԿԲ խորհրդի գնահատմամբ, միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայում ավելացել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը: 


Այսպիսով՝ շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին: Միաժամանակ՝ լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեք կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:


Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները ԿԲ-ն սահմանել է՝ համապատասխանաբար 8% և 5%: