Հոկտեմբեր 25 2016

Ռուս ուղղափառ եկեղեցու բանկը` փլուզման եզրին

Ռուս ուղղափառ եկեղեցու բանկը` փլուզման եզրին

Բանկի սնանկացման արդյունքում էապես կտուժեն ՌԴ էներգետիկ ընկերությունները:


Ռուսական «Պերեսվետ» բանկը, որի բաժնետոմսերի շուրջ 50 տոկոսը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն, սնանկացման եզրին է։ Դրանից առավելապես կտուժեն ՌԴ էներգետիկ ընկերությունները, որոնք «Պերեսվետում» ավելի քան 16 միլիարդ ռուբլի են պահում։ Բանկի հաճախորդներից են այնպիսի էներգետիկ հսկաներ, ինչպիսիք են «Ռուսհիդրոն», «Արևելքի էներգետիկ համակարգերը», «Մոսէներգոսբիտը», «Ինտեր ՌԱՕ»-ն և այլ ընկերություններ։


Շուկայի փորձագետների մեկնաբանությամբ`  բանկի դժվարությունները կարող էին առաջանալ մի շարք պատճառներով, այդ թվում` ներդրողների շրջանում խուճապի (որը մասամբ պայմանավորված է բանկի` բացասական տեղեկատվությանն արձագանքելու անկարողությամբ), ֆինանսական հաշվետվություններում արդյունքների հնարավոր աղճատման և կասկածելի հաճախորդների պատճառով:


«Պերեսվետը» Ռուսաստանի 50 խոշորագույն բանկերից է: Այն գործում է 1992 թվականի հոկտեմբերից: Բաժնետոմսերի ավելի քան 49 տոկոսը պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն, ևս 24 տոկոսը` Առևտրաարդյունաբերական պալատին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքերով` բանկն ակտիվների ծավալով զբաղեցնում է 41-րդ տեղը: