Հոկտեմբեր 26 2016

Կես հազարամյակում` 47 մլրդ եվրոյի պարտք

Կես հազարամյակում` 47 մլրդ եվրոյի պարտք

Աշխարհի հնագույն դրամատունը Եվրոպայի ամենախնդրահարույց բանկն է:


Աշխարհի հնագույն` Monte dei Paschi di Siena իտալական բանկը հայտարարել է 2.6 հազար աշխատատեղ կրճատելու և ողջ աշխարհում հարյուրավոր մասնաճյուղեր փակելու մասին: Բանկը սրանով հույս ունի վերականգնել երբեմնի շահութաբերությունը: Սթրես թեստը ցույց է տվել, որ բանկի այդ գործողությունները թույլ կտան 10%-ով կրճատել անձնակազմի ծախսերն ու նվազեցնել մասնաճյուղերի քանակը` դրանք երեք տարում 2 հազարից հասցնելով 1.5 հազարի։


Monte Paschi-ի՝ եկամուտ հետապնդող ծրագիրը նոր գլխավոր գործադիր տնօրեն Մարկո Մորելիի` բանկի վերակազմավորմանն ուղղված առաջին քայլն է։ Զարգացման նոր ծրագրի համաձայն՝ դրամատունն ակնկալում է 1.1 մլրդ եվրոյի չափով զուտ շահույթ ստանալ։


Շուրջ կես հազարամյակի պատմություն ունեցող (1472թ.) Monte dei Paschi di Siena-ն Եվրոպայի ամենախնդրահարույց բանկն է։ 2015-ին խնդրահարույց պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է 46.9 մլրդ եվրո: Եվրոպական կենտրոնական բանկը պահանջում է առաջիկա մեկ տարում ցուցանիշը նվազեցնել մինչև 38.9 մլրդ եվրո, իսկ մինչև 2018-ի ավարտը` արդեն 32.6 մլրդ եվրո: