Նոյեմբեր 22 2016

ՀՀ բանկային համակարգը կիբեռհարձակման չի ենթարկվել

ՀՀ բանկային համակարգը կիբեռհարձակման չի ենթարկվել

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԿԲ-ն ևս մեկ անգամ ծանոթացնում է բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու անվտանգության կանոնները:


Այսօր՝ նոյեմբերի 22-ի առավոտյան մի շարք տեղեկատվամիջոցներում տարածվել է լուր, թե խոշոր կիբեռհարձակման են ենթարկվել մի շարք երկրների բանկային համակարգեր, մասնավորապես՝ կանխիկ տրամադրող սարքեր՝ բանկոմատներ:


Այս առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ իր ենթակաության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերն ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ:

 

Այս պահի դրությամբ՝ ՀՀ բանկային համակարգում նմանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում:


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կենտրոնական բանկը քարտապաններին առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից և POS տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին:



Վճարային քարտերի օգտագործման երկու հիմնական միջոց են բանկոմատները և POS տերմինալները:  


Բանկոմատներն անվանվում են նաև ավտոմատ գանձման մեքենաներ, որոնք ինքնասպասարկման տերմինալներ են և հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնել գումարներ, կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալ քարտային հաշվի մնացորդը, ստանալ քարտային հաշվի քաղվածք, կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։ Բանկոմատից օգտվելու համար Ձեզ հետ պետք է ունենաք Ձեր քարտը և հիշեք քարտի PIN կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար:

 

Այժմ բանկոմատները համարվում են փողի կանխիկացման և գործարքների իրականացման առավել հասանելի, արագ և ապահով միջոց: Միաժամանակ՝ արդի բոլոր տեխնոլոգիաներով գործարք կատարելիս հարկավոր է հետևել անվտանգության որոշ կանոնների.


Ստուգեք՝ արդյո՞ք բանկոմատի կողքին նշված է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):


Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վեր, այնուհետ հավաքեք քարտի PIN կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել Ձեր գործողությունները:


Արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ բանկոմատը կարող է քարտը «կուլ տալ»:


Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը և, ցանկության դեպքում, անդորրագիրը:


Հիշե՛ք բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (նվազագույն կանխիկացման գումար` 1000 դրամ):  

Միաժամանակ՝ բանկոմատից օգտվելիս կարևոր է պահպանել տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները` հնարավոր խարդախություններից զերծ մնալու, ինչպես նաև հավելյալ ծախսերից ու ժամանակի կորստից խուսափելու համար (օրինակ՝ քարտը կուլ տալու դեպքում, այլ բանկի բանկոմատից կանխիկացնելու դեպքում տոկոսագումարների գանձում):


Պահպանեք Ձեր PIN կոդը ապահով վայրում, քանի որ այն անձնական է և գաղտնի: PIN կոդը և վճարային քարտը պահեք իրարից զատ:


Ուշադիր հավաքեք PIN կոդը, քանի որ երեք անգամ այն սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել այն, այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր (կամ բանկոմատը սպասարկող) բանկ կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով:


Զգուշացեք օտար հայացքներից՝ քարտը մուտք անելիս և PIN կոդը հավաքելիս:


Մի՛ օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի ու էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի լոգոները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ:


Հիշե՛ք՝ ոչ Ձեր բանկի բանկոմատով գումարի կանխիկացման համար բանկը գանձում է միջնորդավճար։  

 

POS տերմինալները սարքավորումներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս վճարային քարտերի միջոցով առևտրի ու սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնել: Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ սպասարկման այլ կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (լոգոտիպը) oրինակ` Visa կամ MasterCard: Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ սպասարկման այլ կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:


POS տերմինալը քարտով վճարումներ կատարելու արագ, ապահով և հասանելի միջոց է` առանց գումարի կանխիկացման: Միաժամանակ, ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս, այստեղ նույնպես պետք է հետևել անվտանգության որոշ կանոնների.


Քարտով վճարում կատարելիս քարտը միշտ պահեք Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով:


Նախքան աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի PIN կոդը հավաքելը, հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:


Վճարում կատարելուց հետո անպայման վերցրե՛ք Ձեր անդորրագիրը և ստուգե՛ք՝ արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:


Չմոռանա՛ք ստորագրել անդորրագիրը և պահպանել այն:


Համեմատե՛ք անդորրագիրը ամսական քաղվածքում նշված գործարքների հետ:


Հիշե՛ք, որ անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է: Նաև հիշե՛ք, որ Դուք կարող եք բանկի դեմ բողոք-պահանջ ներկայացնել քաղվածքը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում: Այդ դեպքում նույնպես Ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը: 


Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն ու Ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:


ՀՀ բանկերը թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ողջ տարածքում ունեն բանկոմատների մեծ և POS տերմինալների օրեցօր ընդլայնվող ցանց։ Ցանկացած վայրում մոտակա բանկոմատ կամ POS տերմինալ գտնելու համար այցելե՛ք Ձեր բանկի համացանցային կայք, զանգահարե՛ք Ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներով։