Բորսաներում խառնաշփոթ է
Թրամփի անսպասելի հաղթանակից հետո աշխարհի ֆոնդային շուկաների ինդեքսները փլուզվել են:
Համաշխարհային շուկաները հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրերից հետո հայտնվել են խառնաշփոթ վիճակում, գրում է Bloomberg-ը:
S&P 500 ինդեքսն անկում է ապրել 5%-ով: Ինչպես նկատում են գործակալության փորձագետները`նման անակնկալ ցուցանիշներ արձանագրվել են նաև Brexit-ի ժամանակ: Միաժամանակ` զգալի նվազել են նավթի համաշխարհային գները, թանկացել է ոսկին, իսկ դոլլարը` արժեզրկվել:
Վերլուծաբանների մեկնաբանմամբ` թրեյդերների գերակշիռ մասը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի հետ կապված մեծ հույսեր ուներ և բնավ չէր ակնկալում նման շրջադարձ: Թրամփի հաղթանակի մասին անսպասելի հայտարարությունից հետո ֆոնդային շուկաների ինդեքսները սկսեցին կտրուկ անկում արձանագրել:
«Նման հաղթանակը, ինչպես կանխատեսվում է, էապես կվնասի համաշխարհային առևտրին: Թրեյդերներն արդեն իրենց մտահոգություններն են արտահայտել դոլլարի փոխարժեքի անկման վերաբերյալ, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ եվրոպական ընկերությունների վրա»,- Bloomberg-ին հայտնել է ETF Securities-ի հետազոտությունների և ներդրումային ռազմավարության բաժնի ղեկավար Ջեյմս Բաթերֆիլը: