Հոկտեմբեր 24 2015

«ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

«ԵՎՐՈՊԱ ՆՈՍՏՐԱ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Այսօր` հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության մրցանակի հանձնման արարողությունն էր, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 



Նշենք, որ «Եվրոպա Նոստրան» ընդգրկում է 42 երկիր: Այն ներկայացնում է քաղաքացիական հասարակության կոչը` պահպանել ու խթանել Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը: Մրցանակաբաշխության միջոցով ընդգծվում է մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, ինչպես նաև ժառանգության պահպանության բնագավառում եվրոպական ռազմավարությունն ու քաղաքականությունը: 1963թ. հիմնված այս կառույցը համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական և ազդեցիկ ցանցը: Հայաստանը «Եվրոպա Նոստրային» անդամակցում է 2012-ից:


«Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ մշակույթի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև 2011թ. ապրիլի 6-ին ստորագրված` «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողն էր Միլանի պոլիտեխնիկի դասախոս Գայանե Կազնատին: Մրցանակը հանձնել է «Եվրոպա Նոստրայի» փոխնախագահ  Իրինա Սուբոտիչը:



«Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին: «Հանրության ընտրություն» մրցանակի երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին արժանացել են` համապատասխանաբար Դիարբեքիրի Սբ Կիրակոս և Նիկոսիայի հայկական եկեղեցիները:



«Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության հիմնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին, Օսլոյի (Նորվեգիա) քաղաքապետարանում: Այն կազմակերպել էին Օսլոյի քաղաքապետ Ֆաբիան Ստանգը, Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի եվրոպական հանձնակատար Տիբոր Նավրաչիչը, ինչպես նաև հռչակավոր օպերային երգիչ և «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլասիդո Դոմինգոն: Արարողությանը ներկա է եղել նաև Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոն:


Նախկինում ՀՀ մշակույթի նախարարությունը «Եվրոպա Նոստրայի»` «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու (2012թ.), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտերը (2013թ.), որոնք այդ տարիներին ընդգրկվել են նախնական ցանկերում:


2012թ. Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արժանացել է «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխության ժյուրիի հատուկ գնահատականին և պատվոգրի՝ «Կազմակերպության կողմից օրինակելի ներդրում ժառանգության բնագավառում» անվանակարգում:


Ի թիվս Եվրոպայում գործող այլ կազմակերպությունների՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունն արժանացել է ժյուրիի շնորհակալությանը՝ «Եվրոպա Նոստրա-2013» մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված հայտերի անկախ մասնագիտական փորձաքննությունն իրականացնելու համար: