Դեկտեմբեր 01 2016

Թալիշը կներկայանա նոր շնչով, կլինի ապահով և անվտանգ

Թալիշը կներկայանա նոր շնչով, կլինի ապահով և անվտանգ

Հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգենք հինը, այլ կկառուցենք նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով. ԼՂՀ քաղաքաշինության նախարար։ 


ԼՂՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները կօգտագործի Թալիշի վերականգնման ուղղությամբ: Իրականացվող համալիր աշխատանքներին աջակցություն կցուցաբերի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Արդեն պատրաստ է Թալիշի հատակագծման նոր նախագիծը, ըստ որի` գյուղը կունենա առանձին մանկապարտեզ, հանդիսությունների տուն, կբարեկարգվի գյուղի ողջ տարածքը, և գեղեցիկ տեսք կստանա գյուղ մտնող հատվածը։ Գյուղապետարանի շենքը չափագրված է, այն կվերակառուցվի և կծառայի որպես կրթօջախ, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ. սեպտեմբերի 1-ից։


Արցախից, Հայաստանից և Ռուսաստանից հայ մի խումբ ճարտարապետների ներգրավմամբ, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և քաղաքաշինության նախարարի ներկայությամբ՝ երեկ Թալիշում քննարկվել են գյուղի նոր հատակագծի նախագիծն ու գյուղի վերակառուցման առաջին փուլի կազմակերպչական աշխատանքները: Համայնքը կարճ ժամանակահատվածում իր բնակիչներին կներկայանա լիովին նոր ու թարմ շնչով: Եվ ամենակարևորը, ինչպես վստահեցրել են քննարկման մասնակիցները, կունենանք ապահով ու անվտանգ Թալիշ:

 

«Պետք է ազատվենք գյուղում առկա ավերակներից և վերակառուցենք բոլոր բնակելի տներն ու ներհամայնքային ճանապարհները»,- ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարը` հավելելով, որ հարկ եղած դեպքում ոչ թե կվերանորոգեն հինը, այլ կկառուցեն նոր բնակելի տներ՝ բոլոր հարմարություններով։ Թալիշում առայժմ կապալառու «Եվրոստրոյ» ընկերությունը կաշխատի, սակայն, նախարարի փոխանցմամբ, անհրաժեշտության դեպքում կընդգրկվեն շինարարական այլ կազմակերպություններ: 


Թալիշում արդեն ենթակառուցվածքները վերականգնվել են: Գյուղը էլեկտրաֆիկացված է, ապահովված գիշերային լուսավորությամբ: Կառուցվել են տարանցիկ և փոս-ճանապարհներ, որոնք թշնամու կողմից անտեսանելի են: Ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ են տարվում: 

Թալիշում այժմ մի քանի ընտանիք է ապրում, հիմնականում` տղամարդիկ: Վերականգնման աշխատանքներն ավարտվելուց հետո ողջ գյուղը կվերադառնա: Առայժմ նրանք ժամանակավոր ապրում են Ալաշան տեղամասում: Թալիշի վերակառուցման որոշումը կայացվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով թալիշցիների կարծիքը:

 

Հիշեցնենք, որ օրերս Թալիշում էր նախագահ Բակո Սահակյանը, ով տեղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նշելով, որ անհրաժեշտ է բոլոր ուժերն ու միջոցները ներդնել՝ գյուղը վերականգնելու համար։