Դեկտեմբեր 14 2016

Ամփոփվել են StartUp Challenge for Artsakh մրցույթի արդյունքները

Ամփոփվել են StartUp Challenge for Artsakh մրցույթի արդյունքները

«Մերգելյան ակումբի աշխատանքն Արցախում տվեց առաջին պտուղները».

Վահան Շաքարյան:


Ամիսներ առաջ «Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի էդուքեյշն ֆոնդ» բարեգործական հիմանդրամը, համագործակցելով Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի հետ համագործակցությամբ, հայտարարել էին նորարարական բիզնես գաղափարների՝ «Ստարտափ չելենջ Արցախ» մրցույթը: 18-35 տարեկան երիտասարդները հրավիրվել էին բիզնես գաղափարներ ներկայացնել` դրանք կենսագործելու հնարավորություն խոստանալով: 


Մրցույթին մասնակցելու համար ոլորտային սահմանափակումներ չեն եղել. կարող էր ներկայացվել ցանկացած գաղափար, որը պարտադիր պետք է նպաստի Արցախի զարգացմանը (բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, կրթություն, առողջապահություն և այլն): 





Դեկտեմբերի 10-ին կայացել է StartUp Challenge for Artsakh նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառումը Ստեփանակերտում: 



Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում ևս մեկ անգամ շեշտել է նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը Արցախի զարգացման, երիտասարդության կրթության և խրախուսման հարցում։


 


«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վահան Շաքարյանի խոսքով՝ Արցախի երեք հիմնական հատկություններն են ստիպել նմանատիպ նախաձեռնություն կազմակերպել հենց այստեղ, այն է՝ Արցախի համառությունը, հաստատակամությունը և հումորը։


Միջոցառումը սկսվել է շնորհակալական խոսքով՝ ուղղված Արցախում «Մերգելյան ակումբի» հաջող իրականացմանը։ «Մերգելյան ակումբի» ակտիվ մասնակիցները, ինչպես նաև թիվ 1 և 11 դպրոցի տնօրենները նվեր ստացան «Արմֆոն» հեռախոսներ, իսկ ամենաակտիվ անդամն ուներ անակնկալ՝ TSD FLEX հայկական առաջին խելացի ժամացույց։


 


Միջոցառման հաջորդ փուլը բիզնես գաղափարների ներկայացումն էր։ Մրցույթի արդյունքները որոշելու համար կազմվել էր պրոֆեսիոնալ ժյուրի, որի անդամներն էին ՀՀ և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներ, թիմերին դասավանդող մենթորներ և անկախ մասնագետներ։ Մասնակից 12 ստարտափ-թիմերը ներկայացրել են իրենց բիզնես գաղափարների (տեխնոլոգիաների) մոդելները: Արդյունքում՝ պրոֆեսիոնալ ժյուրիի հանձնաժողովն ընտրել է 4 հաղթող թիմերը, որոնք խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն կստանան ծրագրի հովանավոր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և ԼՂՀ կառավարության կոմից:


Մրցույթի հաղթող թիմերն են՝ Recycle Bin, «Ինքնաշխատ ծորակ», BrainBit և Bus Traffic Online: Այս ստարտափների հետ զարգացման և խորհրդատվական աշխատանքները կվերսկսվեն 2017թ․հունվարից։