Նոյեմբեր 29 2016

ԼՂՀ տնտեսությունը 9 ամսում

ԼՂՀ տնտեսությունը 9 ամսում

Արդյունաբերական արտադրությունը

2015թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 4%-ով:


ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ` 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 39 մլրդ 563.1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104%:


Արդյունաբերական արտադրանքի ծավալի 37.3%-ն ապահովել է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառը, 34.5%-ը` մշակող արդյունաբերությունը: Հանքագործական արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործման բնագավառի ներդրումը 26.9% է, «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» բնագավառն էլ պահպանել է համեստ ներկայությունը` 1.3%:


Հունվար-սեպտեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 39 մլրդ 388.5 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի  99.7%-ը:


Այս տարվա 9 ամսում Արցախում իրացվել է 6 525.5 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 41 111.5 տոննա կաթ, 32 մլն 856.8 հազ. հատ ձու: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ մսի արտադրությունն աճել է 13.2%-ով, իսկ կաթի և ձվի արտադրության ծավալները նվազել են` համապատասխանաբար 5.2%-ով և 9.2%-ով:


Հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 26 մլրդ 379.9 մլն դրամի շինարարարություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4.2%-ով պակաս: