Նոյեմբեր 25 2016

Հեռուստամարաթոն 2016-ին` ավելի քան 5 մլն դոլլարի աճ

Հեռուստամարաթոն 2016-ին` ավելի քան 5 մլն դոլլարի աճ

Այս տարվա Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուները

հիմնականում Հայաստանից են:


Երեկ` նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվել է «Իմ Արցախը» խորագրի ներքո:


Հանգանակության գումարի 2 տարվա նվազումից հետո այս տարի արձանագրվել է ավելի քան 5 մլն դոլլարի աճ. ընդհանուր առմամբ` հավաքագրվել է 15 428 777 ԱՄՆ դոլլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:


Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2015-ի արդյունքը 10 378 465 ԱՄՆ դոլլար էր, 2014-ինը` 12 399 550, 2013-ինը` 22 661 372 դոլլար:



Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ը անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնը ևս հանգանակությունների աճ է (1%) արձանագրել: Այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաև շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել` ընդհանուր առմամբ հավաքագրելով 1 340 000 եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: 



Համաեվրոպական հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների և կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին:


Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերին և իրաքահայերին օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի ևս կուղղվեն Արցախի Քարինտակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:


Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը, Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված ռադիոթոնը և Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 11-ին կայանալիք հեռախոսամարաթոնն ու բարեգործական քայլարշավը: 



Հեռուստամարաթոն 2016-ի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Հայաստանում և Արցախում կշարունակվեն նպատակային ծրագրերը:



Այս տարվա Հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ և Սեդա Բաղդասարյանները (ԱՄՆ)՝ 5 մլն ԱՄՆ դոլլար, Սամվել Կարապետյանը (ՌԴ)՝ 1 մլն դոլլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ՀՀ)՝ 350 000 դոլլար, Ռեյ Հարթունյանը (ԱՄՆ)` 200 000 դոլլար, Սամվել Ալեքսանյանը (ՀՀ)՝ 200 000 ԱՄՆ դոլլար, Վարուժան Գրիգորյանը (ՀՀ)՝ 100 000 ԱՄՆ դոլլար, «Ֆլեշ» ՍՊԸ-ն (ՀՀ)՝ 100 000 ԱՄՆ դոլլար, Հակոբ Բաղդասարյանը (ԱՄՆ)՝ 100 000 ԱՄՆ դոլլար, Գագիկ Ծառուկյանը (ՀՀ)՝ 100 մլն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը (ՀՀ)՝ 60 մլն ՀՀ դրամ և Մաքուր երկաթի գործարանը (ՀՀ)՝ 20 մլն ՀՀ դրամ: 


Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:


Հավելենք, որ Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավորն է Հայբիզնեսբանկը, գործընկերը` Հայփոստը: