Դեկտեմբեր 07 2016

1988-ի դասերը շինարարության ոլորտում

1988-ի դասերը շինարարության ոլորտում

Ավերիչ երկրաշարժից հետո տարածաշրջանում փոխվեցին

շինարարության նորմատիվները:


Խորհրդային տարիներին կապիտալ շինարարության որակը չէր համապատասխանում սեյսմիկ գոտու պահանջներին: Հետխորհրդային տարիներին բոլոր շենք-շինությունները կառուցվում են սեյսմիկ անվտանգության կանոններին համապատասխան, որոնք դիմանում են մինչև 9 բալ երկրաշարժին:


«Շինարարության որակն այժմ պետության անմիջական հսկողության տակ է: Եթե այն չի համապատասխանում սեյսմակայունության նորմերին, ապա շինությունը  շահագործման չի հանձնվում, որովհետև ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական աղետներից»,- նշում է «ԼՂՀ քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ տնօրեն Վլադիմիր Պետրոսյանը:


Նրա խոսքով՝ 1988-ից հետո քաղաքաշինության ոլորտում շատ բան է փոխվել: Ցանկացած շինության նախագիծը կազմելուց հետո «ԼՂՀ քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ-ն փորձաքննության է ենթարկում կազմված նախագիծը և ըստ տարածքի` որոշում բալային համակարգը, ներկայացնում Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սեյսմիկ անվտանգությանը, ապա շինարարությունը սկսելու թույլտվություն ստանում: Շինարարության ընթացքում պարբերաբար ստուգողական և վերահսկողական աշխատանքներ են իրականացնում Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունն ու Կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժինը:


«Մենք ունենք շինարարության սեյսմիկ պաշտպանության մասին օրենք և առաջնորդվում ենք 2006թ. սեյսմակայունության նորմերի մասին ծրագրով: Ըստ այդ ծրագրի՝ հաշվի են առնվում տարածաշրջանի սեյսմիկ վտանգի գնահատումը, ռիսկի նվազեցումը, ԼՂՀ աշխարհագրական դիրքը և երկրաբանական պայմանները: 1988 թվականից բոլոր շենք շինությունները համապատասխանեցված են 8-9 բալ երկրաշարժին»,- հավաստիացնում է Վլադիմիր Պետրոսյանը: