Նոյեմբեր 12 2016

Զինվորի կողքին` ազգովի

Զինվորի կողքին` ազգովի

Զինծառայողներին ապահովագրավճար սահմանող օրենսդրական փաթեթը կընդգրկվի նոյեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:


Armef News-ը տեղեկացրել է, որ մշակվել է զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողներին (նրանց ընտանիքներին) ապահովագրավճարների ծրագիր՝ «ազգ-բանակ» տրամաբանությամբ: 


Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստին հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին և դրանից բխող` «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: 


Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ: Դրա հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կմիավորի թե՛ պետությունից, թե՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:


Բանն այն է, որ մարտական գործողությունների ընթացքում մահացած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին (նրանց ընտանիքի անդամներին) փոխհատուցում վճարելու և սոցիալական այլ աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները ներկայում կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով: Այս իրավական ակտերի ներքո ստեղծված հատուցման համակարգը, էական աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին և իրենց ընտանիքի անդամներին, ունի նաև թույլ կողմեր, որոնք առավել ակնհայտ են դառնում սթրեսային իրավիճակներում: Մասնավորապես` 1994թ. հայտարարված հրադադարից մինչև 2016թ. մարտական լայնընդգրկուն գործողություններ ՀՀ կամ ԼՂՀ սահմաններում չեն ծավալվել: Սակայն 2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ մարտական ծավալուն գործողություններ սկսվելու պարագայում դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:


Միաժամանակ` ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների ու նվիրաբերությունների հաշվին: Սա ցույց է տալիս մեր հասարակության պատրաստակամությունը` աջակցելու Հայրենիքը պաշտպանող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, և որ պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը հնարավոր է հավաքագրել`  հասարակության լայն շերտերից:


Ներկայում գործող համակարգը հիմնականում ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, և չկա ինստիտուցիոնալ որևէ կառույց, որը պետական մակարդակով հավաքագրի հասարակությունից նվիրաբերվող միջոցները, կառավարի դրանք ու ստացված միջոցներով հատուցումներ վճարի զինծառայողներին:



Ներդրվելիք հատուցման հատուկ համակարգը գործելու է հետևյալ կարևոր սկզբունքների ներքո,

համակարգը, մասնավորապես՝ հավաքագրող վճարումներն ու ապահովագրական հատուցումները ՀՀ միջին քաղաքացուն և նվիրատուին պարզ ու հասկանալի պետք է լինեն,

հավաքագրվող միջոցները պետք է կառավարվեն՝ ելնելով ակտիվների կառավարման մասնագիտական հաշվարկներից, որպեսզի շահառուների (զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ) համար ապահովվի առավելագույն եկամտաբերություն,

համակարգի կառավարման հետ կապված վերադիր ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցների առավելագույնը հասնի շահառուներին,

համակարգը պետք է լինի առավելագույնս թափանցիկ (թե՛ հավաքագրման, թե՛ կառավարման և թե՛ վճարումների մասով), որպեսզի այն ձեռք բերի հեղինակություն և հասարակության վստահությունը,

համակարգը կունենա թե՛ իրավական, և թե՛ տնտեսագիտական հնարավորություն` շուկաներից,արժեթղթերի թողարկման միջոցով, ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ հավաքագրելու համար:


Օրինագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք` անաշխատունակ տատ, պապ և մինչև 21 տարեկան քույր, եղբայր): 


Ըստ օրինագծի` զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում նրա զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը, զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատունակության կորուստը: Զինծառայող է համարվում ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում  ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրաված անձը, զինծառայության մեջ չգտնվող և մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված ու մարտական գործողություններին մասնակցած անձը:  


Հատուցման գումարները կվճարվեն 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար` հետևյալ չափերով.


Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա ի լրումն սահմանված գումարների` զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: 


Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Այն կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումն ու առաջացած միջոցների հաշվին զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: 


Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից.

աշխատող յուրաքանչյուր ֆիզիկական անձի` ամսական 1000 դրամ գումարի չափով դրոշմանիշային վճարներից,

պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվող անձանց վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար համապատասխանաբար 500 և 200 դրամ,

հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից,

հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից,

վերոնշյալ աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

     

Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ` ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթն է լինելու հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարման ապահովումը, եթե այդ միջոցները Հիմնադրամը կառավարելու է ինքնուրույն: Հիմնադրամի միջոցների կառավարումը կարող է հանձնվել կառավարման Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընտրած մասնագիտացված կառավարչին:


Անկախ այն հանգամանքից, թե ով է կառավարելու Հիմնադրամի միջոցները, այդ միջոցները կարող են ներդրվել միայն.

ՀՀ պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում,

Կենտրոնական բանկում և (կամ) բարձր վարկանիշ ունեցող` օտարերկրյա առաջնակարգ բանկերում, 

բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,

հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված` հիմնադրամի ներդրումային պորտֆելի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում: 


Ինչպես կառավարության նիստին հարցը քննարկելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 5 տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները և իրականացնելու է վարչական գործառույթներ: 


Նշենք, որ նվազագույն աշխատավարձ ստացողները դրոշմանիշային վճարներ (1000 դրամ) չեն վճարելու: Օրինագծերի ընդունման դեպքում պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 294 մլն 480 հազ. դրամ լրացուցիչ ֆինանսավորում` համաձայն պետական մարմիններում աշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող անձանց փոխարեն պետբյուջեից դրոշմանիշային վճարների համար անհրաժեշտ գումարի հետևյալ հաշվարկի.

 


Հավելենք, որ օրենքների նախագծերի այս փաթեթը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 11-ին կայացած արտահերթ նիստին: Քննարկումների արդյունքում հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն, և այն կընդգրկվի նոյեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: