Նոյեմբեր 08 2016

Զինապահովագրական ծրագիր՝ «ազգ-բանակ» տրամաբանությամբ

Զինապահովագրական ծրագիր՝ «ազգ-բանակ» տրամաբանությամբ

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին 

աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ,

 նաև հավաքագրվելու են կամավոր նվիրաբերություններ:


Ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (և՛ միանվագ, և՛ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագիրը:


Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահի մոտ ամեն շաբաթ անցկացվող աշխատանքային հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է ծրագրի մանրամասները:


Նախարարի ներկայացմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալի ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար: 


Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն. 300 հազ. դրամ սպայական անձնակազմի, 250 հազ. դրամ՝ ենթասպաների, 200 հազ. դրամ՝ շարքայինների պարագայում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները կկազմեն՝ համապատասխանաբար 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն դրամ:


Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել՝ այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: 


Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է 1000 դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրավճարների համար: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը: 


Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է իրականացված աշխատանքը և նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:


«Դա չափազանց կարևոր ծրագիր է: Դեռևս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների և հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, և որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթևացնել, պարտավոր ենք անել: Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս՝ այն հանգամանքը, որ զոհվածների և առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության և պետության պատրաստակամության արդյունքն է, և ձևը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Այսինքն՝ եթե մենք ասում ենք «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, դա պետք է դրսևորվի ոչ միայն բարոյական խոսքով, այլ նաև, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ: Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաև նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. Այսինքն՝ ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք կարող է վատթարացնել որևէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, և հիմնադրամը իր կանոնադրության մեջ, գուցե նաև օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, և հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարևոր է, որ այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է նախագահը:


Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ հասարակական տարբեր կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաև այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, և այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է գործառնական քիչ ծախսեր կատարի:


Նախարար Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ ծրագիրը նախագծվել է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, այն է՝ ողջ հասարակությունն է ստանձնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ, Աստված մի արասցե, զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:


Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետևեն, որպեսզի որևէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական 1000 դրամ վճարը չանդրադառնա: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում և ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ: