Դեկտեմբեր 07 2016

Պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել

Պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել

Ակնկալում եմ գաղափարների մեծ հոսք, որոնցից առավել հետաքրքիր և արդյունավետ առաջարկները կիրառական արդյունք կդառնան. ՀՀ վարչապետ:


Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: 



Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ է ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունը նրանցից սպասում է գլոբալ առաջարկի՝ ՏՏ ոլորտի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ: 


«Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես՝ մտածելակերպը, աշխարհայացքը բավական առաջադեմ է և վարակիչ, ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա»,- ասել է վարչապետը՝ ուսանողներին առաջարկելով նույնպես ակտիվ լինել և առաջարկներ ներկայացնել:


Կառավարության ղեկավարը ՀԱՊՀ ուսանողների հետ քննարկել է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը և Գյումրուն նոր շունչ հաղորդելուն վերաբերող հարցեր: «Մենք հատուկ եկել ենք դեկտեմբերի 7-ին, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք, և միաժամանակ այսօր կազմակերպում ենք աշխատանքային հանդիպումներ, որպեսզի ցույց տանք, որ չնայած բոլորս մեծ ցավ ենք ապրել, որովհետև յուրաքանչյուրն ունի կորուստ՝ բարեկամի, ընկերոջ, հարազատի, համաքաղաքացու, հայրենակցի, բայց պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել»,- ասել է Կարեն Կարապետյանը: 


Վարչապետը, մասնավորապես տեղեկացրել է, որ մոտ օրերս առաջին չվերթն է կատարելու «Պոբեդա» ավիաընկերությունը, և հաշվի առնելով Գյումրու զբոսաշրջային գրավչության մեծ ներուժը՝ ուսանողներին առաջարկել է ներգրավվել քաղաքը զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ դարձնելու գործընթացում: 


«Չինովնիկները, ծառայողները կարող են ամեն ինչին մի ձև նայել, դուք՝ երիտասարդներդ, լրիվ ուրիշ ձև կարող եք նայել: Դրա համար առաջարկում եմ ձեզ, որ ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ինչպես Գյումրին մի քիչ հարմարավետ դարձնել, ինչպես բիզնեսն այդ գործընթացի մեջ ներգրավել, որ և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել: Մենք ակնկալում ենք կամայական գաղափար, որը նաև ֆինանսական կարողություն է պահանջում, բայց տրամաբանական»,- ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ակնկալում է գաղափարների մեծ հոսք, որոնցից առավել հետաքրքիր և արդյունավետ առաջարկները կիրառական արդյունք կդառնան: 



Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին: