Դեկտեմբեր 16 2016

Մեղրին ու Ագարակը շուտով գազ կստանան

Մեղրին ու Ագարակը շուտով գազ կստանան

Ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ 


Ավարտվել են Իրանին սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակներում ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Այս փուլում ընթանում է կառուցված գազի բաշխման ցանցի շահագործման թույլտվության ստացման և սպառողների՝ ցանցին միացման գործընթացը։


Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլլար՝ որպես դրամաշնորհ, Իրանին սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և պարտադիր այլ վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այն վերսկսվել է անցյալ տարեվերջին։