Նոյեմբեր 10 2016

Լուսավոր սահման

Լուսավոր սահման

Բարեգործական այս ծրագրով՝ Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային (LED) լամպեր:


Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:


Նոյեմբերի 9-ին նախագծի մեկնարկին նվիրված միջոցառմանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել է, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են զանգվածային դարձնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում:


«Այս լամպերը ծախսում են 10 անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1.5-2 ամսվա ընթացքում: Ավելին՝ դրանց շնորհիվ ամսական սպառվող էլեկտրաէներգիայի վճարը կրճատվում է 30-60%-ով»,- ասել է Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ նմանատիպ ու բավական հաջող ծրագիր  իրականացվել է նաև 2015թ. Արցախի Աստղաշեն գյուղում:


Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:


«Նախագիծն իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբորատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- ասել է Հայկ Հարությունյանը և հավելել, որ 2 գյուղի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում:


«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ ծրագրի սկզբնական  փուլում  նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում. «Ընդհանուր առմամբ՝ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել թիրախային  33 գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»: