Դեկտեմբեր 12 2016

Կրթվել՝ աշխատանքի հեռանկարով

Կրթվել՝ աշխատանքի հեռանկարով

«Սինոփսիս Արմենիայի» մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է

աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր՝ դեկտեմբերի 12-ին ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատանքային ու կրթական գործընթացներին:



«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության ուսումնական դեպարտամենտում: Այստեղ տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնը, որտեղ ներկայում սովորում է 200 ուսանող: 



«Ընդհանուր առմամբ՝ «Սինոփսիս Արմենիայում» սովորող ուսանողների թիվը 300 է, ծրագիրը ներառում է 2 տարի բակալավրի և 2 տարի մագիստրոսական կրթության հնարավորություն, որից հետո մեր ընկերությունը աշխատանք է առաջարկում լավագույններին: Սակայն շրջանավարտը ազատ է՝ աշխատելու ցանկացած այլ ընկերությունում, որևէ պարտադրանք չկա»,- ասել է Հովիկ Մուսայելյանը: 


Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45%-ը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում: 



Ուսանողները նախարարին ներկայացրել են վիրտուալ ստարտափների գաղափարը: Այսպոս, կուրսը բաժանվում է խմբերի, յուրաքանչյուրն առաջարկում է նորարարական գաղափար ու զբաղվում այդ գաղափարի իրագործմամբ: Այսինքն՝ ուսումնական գործընթացում ուսանողը ձեռք է բերում ստարտափ հիմնելու փորձառություն: 



Նախարարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացման լուրջ հեռանկարներ կան մեր երկրում, ու դրա ապացույցն է նաև «Սինոփսիսի» նման միջազգային խոշոր կազմակերպության ներկայացուցչությունը: «Ապացույցը նաև այն ուսանողներն են, ում մենք այսօր տեսանք, ովքեր ձգտում են ոչ միայն մասնագիտական գիտելիք ձեռք բերել, այլև նորարարական նախագծեր մշակել ու կյանքի կոչել»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:



Նախարարը շրջել է նաև ընկերության արտադրական կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին: 


ՏՏ ոլորտում աշխատատեղերի համալրման գործում պետության դերակատարությունը, ըստ Վահան Մարտիրոսյանի, մասնավոր հատվածի համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Այդ նպատակով ՏՀՏ ընկերությունների հետ ամենշաբաթյա հանդիպում-քննարկումներ են տեղի ունենում:



Շրջայցից հետո նախարարը հանդիպել է նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներին: Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները: Խորհրդի անդամները ներկայացրել են կրթական ծրագրերի արդիականացմանը վերաբերող հարցեր: 


Միության անդամ ընկերությունների նախաձեռնությամբ՝ հինգ ավագ դպրոցներում 2015թ. իրականացվել է փորձնական ծրագիր. միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցության հիմունքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկաներ: 2016թ. սեպտեմբերից ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն 10 ավագ դպրոցներում: 


Նախարարը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը, ընդգծել է, որ արդիականացումը պետք է շարունակվի նաև բուհերում, որպեսզի որակյալ կրթական գործընթացը չընդհատվի, և բուհն ավարտելուց հետո շրջանավարտն առանց դժվարության իր տեղը գտնի աշխատաշուկայում: