Դեկտեմբեր 07 2016

Երկրաշարժի հետևանքով անօթևան 104 ընտանիքների բնակարանը՝ տարեվերջին

Երկրաշարժի հետևանքով անօթևան 104 ընտանիքների բնակարանը՝ տարեվերջին

Գյումրիից 101, գ. Ախուրյանից 36 ընտանիքի էլ տրամադրվել են

բնակարանի գնման վկայագրեր, որոնցով ձեռք են բերել բնակարաններ:


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը: 



Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: 


Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք. Գյումրի՝ 101, գ. Ախուրյան՝ 36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:



Ախուրյանից ուղևորվելով մարզկենտրոն Գյումրի՝ վարչապետն առավոտյան ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղադրված՝ 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին: