Դեկտեմբեր 07 2016

Դեկտեմբերի 7. 28 տարի անց

Դեկտեմբերի 7. 28 տարի անց

Սպիտակի երկրաշարժի դասերը. ՀՀ բնակչության

պաշտպանության համակարգը 25 տարեկան է:


«Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին աղետներ կարող են պատուհասել նաև այսօր: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը խորհրդային տարիներին սխալ էին գնահատված: Հաշվարկված էր, որ Հայաստանում առավելագույնը կարող էր լինել մինչև 7 բալ երկրաշարժ: Փորձը ցույց տվեց, որ կարող է լինել 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Շատ-շատ այսօրինակ խնդիրներ Հայաստանում արդեն լուծված են մեր նախարարության աշխատանքների շնորհիվ: Այսօր ունենք 911 ծառայություն, ունենք Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և կենտրոններ բոլոր մարզերում: Լուրջ ձեռքբերումներ ունենք սեյսմիկ, հիդրոմետ ծառայությունների բնագավառում, մեծ աշխատանք է կատարված հակակարկտային ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Հիդրոմետ ծառայության կանխատեսումները հասցվել են 98% ճշտության, որը նաև տեխնիկական հագեցման արդյունք է»,- ասել է ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին:


Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի դասերն ուսանելի էին ոչ միայն մեզ համար այլև ողջ աշխարհի: Զարգացած երկրները և միջազգային կառույցները սկսել են մշակել տարբեր մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հայաստանում 1991թ. ստեղծվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, այնուհետ՝ ԱԻ վարչությունը: Այսօր Հայաստանում գործում է ԱԻ նախարարություն: Ըստ Նիկոլայ Գրիգորյանի՝ սա մի համակարգ է, որը ներառում է կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման բոլոր ծառայությունները:


«Այսօր մեր երկրում ստեղծված է բնակչության պաշտպանության համակարգ, և այս ամենը Սպիտակի երկրաշաժի դասերի հիմքի վրա եղավ: Այսօր ունենք ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլան: Յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքը, իր ներգրավվածության աստիճանը և իր գործառույթները: Հստակ պլանների շնորհիվ իրենց տեղն ու դերը գիտեն նաև միջազգային կազմակերպությունները՝ յուրաքանչյուրն իր ոլորտում և գործունեության դաշտում: Մեծ աշխատանք է տարվել սեյսմիկ ոլորտում տեխնիկական զինվածության բարձրացման ուղղությամբ: Գառնիի դիտակայանում տեղադրված է աշխարհում եզակի թեքաչափ, հողաչափ և հողի շարժումն արձանագրող սարք, որը եզակի է իր խորությամբ և երկարությամբ»,- ասել է Նիկոլայ Գրիգորյանը:


ՓԾ տնօրենի տեղակալն ընդգծել է, որ ի տարբերություն խորհրդային տարիների՝ այսօր Հայաստանն ունի համաշխարհային չափանիշներով բարձր դիրքեր զբաղեցնող փրկարար ծառայություն՝ համալրված շուրջ 3000 կրթված, վերապատրաստված, կատարելագործված, գրագետ գործող և տեխնիկապես զինված հրշեջ-փրկարար:


2015թ. սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը, հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության փորձագիտական ու տեխնիկական և Լեհաստանի ՆԳՆ հրշեջ ծառայության մասնագիտական օժանդակությամբ, պատվով հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը, ստացավ միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:


«ԱԻՆ-ն այսօր ունի փրկարարական ստորաբաժանումներ, որոնք աշխարհում ճանաչված են, որոնք INSARAG միջազգային կազմակերպության անդամ են: Այդ կառույցին անդամակցում են աշխարհի 33 հզոր երկրներ, և 34-րդը Հայաստանն է: Նրանք այն փրկարարներն են, ովքեր զինված են տեխնիկայի վերջին խոսքով»,- ասել է Նիկոլայ Գրիգորյանը:


Որպես մեծ ձեռքբերում՝ ՓԾ տնօրենի տեղակալը նշել է ԱԻ նախարարության բարձր համագործակցությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների և կազմակերպությունների հետ: Այս համագործակցության շրջանակը ձգվում է ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Բրազիլիայից մինչև Հարավային Կորեա:


ԱԻ նախարարությունը մեծ աշխատանք է տանում հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ՝ ուսումնասիրելով և ներդնելով միջազգային փորձը: Մասնավորապես՝ ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի, Չիլիի փորձերը: ՀՀ կարևորագույն գործընկերներից են Շվեյցարիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ՌԴ-ն:


«Մենք ողջ աշխարհից վերցրել ենք լավագույնը և ցանկանում ենք ներդնել Հայաստանում: Տարածաշրջանում առաջինը ստեղծելով Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՝ կարողացանք համակարգել ոլորտի բոլոր խնդիրները և կյանքի կոչել մեր ռազմավարությունը: Միջազգային համագործակցության շրջանակներում մենք առաջնորդվում ենք երեք կարևոր ծրագրերի համաձայն՝ Սենդայի գործողությունների ծրագիրը, Փարիզի՝ Կլիմայի փոփոխության և փոփոխականության ծրագիրը և Կայուն զարգացման ծրագիրը», - ասել է Նիկոլայ Գրիգորյանը:


Հանրային իրազեկման ոլորտում կատարվող քայլերի շարքում ԱԻՆ-ի ջանքերով 3 խոշոր համաժողով է կազմակերպվել, որոնց մասնակցել են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կապված էր Սենդայի գործողությունների ծրագրի հետ: «ԱԻՆ-ն իր աշխատանքներում մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին՝ ճգնաժամային կառավարման, կապի ու հաղորդակցության, մշտադիտարկման, կանխատեսման, վտանգների գնահատման և ռիսկերի բացահայտման ու նվազեցման, ազդարարման, իրազեկման, ուսուցման և այլ ոլորտներում: Եվ պատահական չէ, որ դեկտեմբերի 13-14-ը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայանալիք «Հանրային իրազեկումը՝ որպես ԱՌՆ-ի և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային 4-րդ համաժողովի խորագիրն է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները»,- հավելել է Փրկարար ծառայության փոխտնօրենը:


ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով տվել է ավելի քան 1000 շրջանավարտ, որոնց մեծ մասն աշխատում է ՀՀ ԱԻՆ համակարգում: Ակադեմիայում ճգնաժամային կառավարման ոլորտում վերապատրաստվում են մարզպետները, թաղապետները, ուսուցիչները և տարբեր մասնագետներ: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքում ստեղծված է տեխնիկական ժամանակակից միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիք ու հմտություններ են ստանում և՛ տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների մասնագետներ, և՛ ակադեմիայի ուսանողներ:


Ամփոփելով ԱԻՆ անցած ճանապարհը՝ ՓԾ տնօրենի տեղակալն առանձնացրել է այս տարիների կարևորագույն ձեռքբերումներից մեկը ևս. ԱԻ նախարարությունում աշխատում են երեք տասնյակից ավելի սայլակավոր հաշմանդամներ, ովքեր մեծ ներգրավվածություն ունեն կյանքի տարբեր բնագավառներում և դարձել են ԱԻՆ թիմի լիարժեք անդամ:


Ասուլիսի ավարտին Նիկոլայ Գրիգորյանն ընդգծել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահ և հաստատուն քայլերով այսօր էլ շարունակում է առաջ գնալ: Նրա խոսքով՝ բնակչության շրջանում ԱԻ նախարարության ձեռք բերած բարձր վստահությունը վստահություն է նաև պետության նկատմամբ. «ՀՀ ԱԻՆ-ը նվաճել է իր հայրենակիցների վստահությունն ու հարգանքը: Բոլորն էլ վստահ են, որ 911 զանգահարելիս իրենց օգնության կհասնեն անշահախնդիր ու պրոֆեսիոնալ մարդիկ՝ ցուցաբերելով հոգեբանական, բարոյական և ֆիզիկական օգնություն: Մարդիկ զգում են, որ դժվար պահին իրենց կողքին կանգնող կա, որ կա ծառայություն, որի կոչումը մարդկանց օգնության ձեռք մեկնելն է»: