Դեկտեմբեր 08 2015

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆԻՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ


Այսօր` դեկտեմբերի 8-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին է հանձնվել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) ու Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականը: 


«Դեռևս 2013թ., երբ Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և հետազոտության գնահատման գործակալության (AERES) փորձագետները ժամանեցին Հայաստան, դժվար էր պատկերացնել, որ հայաստանյան բոլոր բուհերից հենց մեր համալսարանը կստանա գնահատման եվրոպական ամենակարևոր կառույցի հավաստագիրը … Այսօր արդեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Հայաստանում եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման միակ կրողն է»,- նշված է ՃՇՀԱՀ պաշտոնական կայքում:


5 տարվա վավերականությամբ հավատարմագրման վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, HCERES նախագահ Միշել Կոսնարին, եվրոպական ու միջազգային հարցերով պատասխանատու Ֆրանսուա Պերնոին, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանների ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:



Շնորհավորելով բոլոր ներկաներին` նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես նշել է. «ՃՇՀԱՀ-ին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է, որին երկար ենք սպասել: Սակայն նախ այն Հայաստանի կրթության համակարգի միջազգայնացման հերթական հանգրվանն է: Այս իրադարձությունն ապացույցն է այն իրողության, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի ու կարևոր հատվածներից մեկն է, ապացույցն այն հաջողության, որ արձանագրում ենք` բարձրագույն կրթության ոլորտում որակի հետևողական աճի և ապահովման տեսակետից: Հատկապես հաճելի է, որ եվրոպական առաջին հավատարմագիրը տրվում է ֆրանսիական գործակալության կողմից: Այս փաստը կարող ենք դիտարկել որպես հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր նվաճումներից մեկը: Կարևոր է, որ ՀՀ բոլոր բուհերն անցնեն այս կարևորը ճանապարհը` դառնալով եվրոպական հավատարմագրում ունեցող հերթական ուսումնական հաստատությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը` HCERES-ին առաջարկելով քննարկել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին արտահերթ եվրոպական հավատարմագրում տալու հարցը: 



«Համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը մշտապես եղել է նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում։ Որակյալ կադրեր արտադրելու առաքինությունը համալսարաններինն է, և շատ կարևոր է, որ շրջանավարտների գիտելիքը համապատասխան է եվրոպական չափանիշներին, ինչը հնարավոր է համապատասխան կրթական որակ ապահովելու դեպքում»,- նշել է ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը` առանձնակի ընդգծելով HCERES-ի, ANECA-ի և AERES-ի կատարած աշխատանքները:


Համալսարանի ռեկտորը շեշտել է հատկապես Ֆրանսիայի Սենտ Էտիենի, Կլերմոն Ֆերանի և Լիոնի համալսարանների հետ սերտ համագործակցությունը, որոնք հիմք են հանդիսացել եվրոպական կրթության առանձնահատկությունները յուրացնելու գործում: