Նոյեմբեր 21 2016

Արգելվել է ձկան և խեցգետնի որսը

Արգելվել է ձկան և խեցգետնի որսը

Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում`

2016թ. դեկտեմբերի 1-25-ը և 2017թ. հունվարի 6-20-ը:


Այսօր` նոյեմբերի 21-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (Բնապահպանության նախարարություն, Ոստիկանություն, Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: Խորհրդակցությանը մասնակցել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, գերատեսչությունների համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների, Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները:


Նշենք, որ բնապահպանության նախարարի նոյեմբերի 15-ին հրամանով` Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 1-25-ը և 2017թ. հունվարի 6-20-ը ժամանակավորապես դադարեցում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 30-ը ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում ու գետաբերաններում, ինչպես նաև ստուգայցեր կազմակերպել Սևանա լճի վրա` համագործակցելով ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Գեղարքունիքի մարզային ոստիկանության, մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: Բնապահպանական պետական տեսչության պետին էլ հանձնարարվել է մասնակցել վերոնշյալ աշխատանքներին ու ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտեվորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա:


Նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ` երեք գերատեսչությունների ղեկավարների ստորագրած համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված է փակել Սևանը գոտեվորող անտառային բոլոր ճանապարհները և տեղակայել հսկիչ կետեր, սահմանել շուրջօրյա հերթապահություն` մշտական կապ պահպանելով իրավապահ մարմինների հետ, արգելել բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: 


Նախատեսվում է նաև Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող` Լիճք, Վարդենիկ, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Սոթք, Կարճաղբյուր, Ներքին Շորժա, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ակունք, Պատվան, Խաչաղբյուր, Լուսակունք, Տորֆավան համայնքների բնակչության հետ տանել համապատասխան բացատրական աշխատանք` միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն այդ համայնքների հարակից տարածքներով հոսող գետերի հունի երկայնքով: 


Շարունակվելու են Սևանա լճի Սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, կազմակերպվելու են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի տարածքում:


«Սևանա լիճը պարզապես ջրային տարածք չէ, և մեր նպատակը ոչնչացմանը տանող գործողությունները կանխելն է, դրա համար շատ ենք կարևորում այն բացատրական աշխատանքները, որ պետք է իրականացնենք համայնքային բնակչության շրջանում: Համայնքի ղեկավարներին ուղղակի խնդրում եմ՝ լինենք ըմբռնող և մեր բնակիչներին բացատրենք, որ սա իսկապես այն ժամանակահատվածն է, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք պահենք, պահպանենք մեր հիմնական հարստությունը: Մենք ոչ միայն պետք է օգտագործենք վարչական լծակները, այլ նաև փորձենք լայն բացատրական աշխատանքի միջոցով կանխել ձկնորսների մուտքը դեպի լիճ ու այնտեղ թափվող գետեր: Ավելին` ձկների ձվադրության շրջանում սահմանված արգելքի իրականացումը Սևանա լճում բնական ճանապարհով վերարտադրության և պաշարների ավելացման հնարավորություն կտա, ինչն էլ կավելացնի ձկնորսների եկամուտը: Կարծում եմ` մենք կկարողանանք համատեղ ուժերով իրականացնել միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը»,- նշել է բնապահպանության նախարարը: