Դեկտեմբեր 15 2016

Տեխնոլոգիական startup-ների խթանում

Տեխնոլոգիական startup-ների խթանում

Փոփոխություններ են նախատեսվում

«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում:


2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Դրա գործարկման արդյունքում` 2015թ. սկսած ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Մասնավորապես՝ օրենքի կիրարկման արդյունքում առայսօր հավաստագրվել է ոլորտի 133 տնտեսավարող սուբյեկտ, որոնք ստեղծել են ավելի քան 630 նոր աշխատատեղ: (Համեմատության համար նշենք, որ 2014թ. ՏՏ ոլորտում ստեղծվել է ընդամենը 16 ընկերություն:) 2016թ. հունվարի 1- հունիսի 1 ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 59 893 861 դրամի եկամտահարկ:


Միաժամանակ՝ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների՝ հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված վերլուծության և գնահատման արդյունքում ևս նկատվել է ոլորտի դրական աճ:


Այնուամենայնիվ՝ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ օրենքի արդյունավետ կիրառումն ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեությունն ավելի բարելավելու նպատակով: Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ բացառելով ոչ առևտրային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, այլ տնտեսավարող սուբյեկտի դուստր ընկերությունները, տնտեսական ընկերակցությունները, որոնց համար օրենսդրությամբ սահմանված գործունեության նպատակները և մասնակիցների շրջանակը չեն բխում «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման նպատակներից:


Խնդիրները կարգավորելու նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությանն աջակցող՝ ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի հետ համագործակցությամբ, մշակել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որին ՀՀ կառավարության հավանություն է տվել այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի նիստին:


Նախագծով առաջարկվում է սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանափակել հավաստագրման համար դիմելու իրավունքը՝ տնտեսավարող այն սուբյեկտների համար, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից է, ինչը պայմանավորված է հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ի հայտ եկող նման նախադեպերով:


Այդ նպատակով օրենքը նախատեսվում է լրացնել հետևյալ դրույթով. «Հավաստագրման համար կարող են դիմել հետևյալ տնտեսավարող սուբյեկտները՝ 1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցություններից, դուստր ընկերություններից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից և ներկայացուցչություններից, 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը»:


Միաժամանակ՝ առաջարկվում է վերախմբագրել հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները, այն է՝ ա) ստեղծվել են բացառապես սույն օրենքով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով, բ) չեն ստեղծվել տնտեսավարող այլ սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում, գ) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՏՏ ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից, կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր, դ) բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության ընթացքում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից, ե) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը:


Օրինագծով նաև սահմանվել են հավաստագրի տրամադրումը մերժելու հիմք չհանդիսացող դեպքերը, որոնց բացակայությունը օրենքի կիրարկման ընթացքում տարբեր մեկնաբանությունների և մոտեցումների տեղիք է տվել, մասնավորապես՝ նույն ֆիզիկական անձը, միաժամանակ լինելով այլ ընկերության տնօրեն, բաժնետեր, ընկերության հաստիքացուցակում ներգրավված և աշխատանքային լրիվ ժամանակով աշխատող աշխատակից, իր մասնակցությամբ կարող է կանխորոշել մյուս ընկերության որոշումները, այսինքն՝ փաստացի առկա է ընկերության կանոնադրական կապիտալում տնտեսավարող այլ սուբյեկտի անուղղակի մասնակցություն և միևնույն անձի միջոցով ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն, ինչը մեկնաբանվել է, որ բնորոշ է դուստր ընկերություններին և հակասում է օրենքի պահանջներին: Այդ նպատակով նախագծով սահմանվել են համապատասխան դրույթներ՝ վերոնշյալ հանգամանքը հավաստագրի տրամադրման մերժման հիմք չդիտելու համար:


Բացի այդ, Հավաստագրման հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջարկվում է հանձնաժողովի անդամների թիվը (5) ավելացնել ևս 2-ով՝ ներգրավելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչին և մասնավոր հատվածի ևս մեկ ներկայացուցիչ:


Միաժամանակ՝ առաջարկվում է օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի, ինչպես նաև համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար: Ըստ դրա` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով, ինչը կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումն ու ոլորտի հետագա զարգացումը՝ նպաստելով նաև ընդհանուր տնտեսության զարգացմանը:


Այսպիսով՝ «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել և օգտվել օրենքով սահմանված հարկային արտոնություններից` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը և տարածաշրջանում մրցունակության բարձրացմանը: