Դեկտեմբեր 19 2016

Պաշտպանված գրունտը՝ արդյունավետ ներդրումների դաշտ

Պաշտպանված գրունտը՝ արդյունավետ ներդրումների դաշտ

ՀՀ սահմանամերձ տարածքներում կլիմայական պայմանները

առավել նպաստավոր են՝ էներգետիկ ավելի քիչ պահանջով:



Armef News-ի խնդրանքով`

ծածկած գրունտի (ջերմատնային տնտեսության)

զարգացման վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում

գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հայկական ազգային ագրարային համալսարանի

բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ

Անդրեաս Մելիքյանը:


Հայաստանի գյուղատնտեսությունը միշտ եղել է բազմագործոնային խոցումների տակ: Աշխարհագրական առումով մենք այնպիսի գոտում ենք, որ մեր գյուղատնտեսությունը մշտապես զարգանում է կլիմայական որոշակի ծայրահեղ իրավիճակների պայմաններում: Հետևաբար՝ բաց գրունտի մշակությունը միշտ խոցելի է և ռիսկային: Այդ իմաստով պաշտպանված գրունտը բուսաբուծության մեջ այն ճյուղն է, որն արտադրանք ունենալու տեսանկյունից ապահովագրում է արտադրողին: Հավելած, որ Հայաստանը աշխարհագական ու բնակլիմայական առումներով բավական նպաստավոր դիրքերում է՝ պաշտպանված գրուտի զարգացման առումով: Մյուս կողմից էլ շատ են տարածքները,  որտեղ հողերը ոչ պիտանի են գյուղատնտեսության զարգացման համար: Հետևաբար՝ մեր հիմնական օգտագործվող տարածքները մնում են բաց դաշտի տակ, իսկ անմշակներում կարելի է ծածկած գրունտի արտադրություն կազմակերպել: 


Վերջին մի քանի տասնամյակում Հայաստանը փորձառու է դարձել՝ պաշտպանված գրունտի մշակության տեսակետից: Այս ոլորտի մարդիկ, հատկապես վերջին փուլում, գյուղատնտեսությունը դիտարկում են որպես ներդրումային դաշտ, որում դրված յուրաքանչյուր միավորը, ճիշտ օգտագործման դեպքում, բավական լուրջ տնտեսական արդյունավետություն է ապահովում: 


Վերջին 10 տարվա փորձը ցույց է տալիս, որ ֆինանսապես ապահովված ընկերությունները, անձինք կարողանում են ծածկած գրունտի շահագործմամբ բարձր արդյունավետ տնտեսություն ձևավորել: Այսօր այս ոլորտում, անտեսելով արտադրության նախկին տեխնոլոգիական հենքը, միանգամից բերում են ժամանակակիցը: Հասկանալի է, որ դա պայմանավորված է ֆինանսների առկայությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատուն կառուցելու դեպքում  1 քմ-ի համար, իհարկե՝ տարբեր կոնստրուկցիոն կառուցվածքներով, անհրաժեշտ է 130-190 եվրո: Տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ կախված մշակաբույսի տեսակից՝ ջերմատներում կատարված ներդրումները փոխհատուցվում են միայն 4-5 տարի հետո: Եվ դա այն դեպքում, եթե ջերմատունը նվազագույնը 4-5 հա է: Դա վկայում է, որ ջերմատնային արտադրություն կարող են կազմակերպել բավական լուրջ միջոցներ տիրապետող կազմակերպությունները կամ անհատները: 


Վերջին տարիներին հոլանդական, գերմանական, իսրայելական շատ ընկերություններ, որոնք մասնագիտացել են ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ստեղծման կամ կառույցների կազմակերպման արտադրության մեջ, սկսել են հետաքրքրվել Հայաստանով: Նրանց ներկայացուցիչները տարբեր առիթներով այցելում են Հայաստան, ներկայացնում իրենց տեխնոլոգիաները, կառույցները: Դա նշանակում է, որ հայկական շուկան հետաքրքրություն է ներկայացնում: 


Մեր պետության կողմից վարվող արտաքին քաղաքականությունն էլ (ԵԱՏՄ-ԵՄ տիրույթում) վկայում է, որ Հայաստանում արտադրվածը իրացման շուկաներ ունի: Չնայած շուկայում հաստատվելու առաջին նախապայմանը անընդհատ մատակարարում ապահովելն է: Այս առումով գովելի է, որ Հայաստանում, հիմնականում Երևանամերձ տարածքներում, ծածկած գրունտի զարգացման մեծ միտում կա: Կարևոր հանգամանք է նաև այն, որ պաշտպանված գրունտի ավանդական վարունգ-լոլիկի արտադրությունը աստիճանաբար փոխարինվում է բազմակուլտուրալ տարբերակի. ծաղիկների տարբեր տեսակներ, կանաչեղենի տարբեր տեսակների և այլնի մշակություն: Իսկ դա արտահանման լուրջ հնարավորություն է ստեղծում: Մյուս կողմից էլ ջերմատնային տնտեսություններում սկսել է զարգանալ հատապտղային մշակաբույսերի, հատկապես՝ ելակի մշակությունը, որը բավական արդյունավետ է:


Կան ոլորտի զարգացման բոլոր նախադրյալները, ենթակառուցվածքը նորմալ գործում է, այդուհանդերձ՝ դրական գործոնների հետ մեկտեղ, կան նաև լուրջ խնդիրներ: Մասնավորապես՝ էներգակիրների թանկությունը, լոգիստիկայի ոչ բարվոք վիճակը, ոլորտի համապատասխան նեղ մասնագետների սակավությունը: Դրանք պայմանավորված են և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններով: Մասնագետների ապահովվածության առումով առաջին քայլերն արված են: Ագրարային համալսարանը սկսել է ժամանակակից ծրագրերով, այսօրվա պահանջներին համապատասխան նոր՝ պաշտպանված գրունտի տեխնոլոգիայի գծով մասնագետ կադրեր պատրաստել: Մնացած հարցերի լուծման համար թերևս ժամանակ է պետք: 


Հայաստանը, որպես գյուղատնտեսական երկիր, իր զարգացումն ու արտադրական ներուժի առումով ամենամեծ շահաբաժինն ունի պաշտպանված գրունտի զարգացման մեջ: Պարզապես նոր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված առաջանում է նոր խնդիր՝ նախկին մանր, փոքր ջերմոցային տնտեսությունների հետագա վիճակը: Բնականաբար՝ խոշորների զարգացմանը, դրանց արտադրությունների ծավալների աճին զուգընթաց, ջերմատնային փոքր տնտեսություններն իրենց ներկա արտադրական ներուժով զիջելու են և դուրս մղվելու: Նոր ջերմատներում 1 քմ-ից հնարավոր է ստանալ ավելի քան 50-55 կգ բերք, հներից՝ առավելագույնը 15-20 կգ բերք: Կրկնակի-եռակի քիչ բերք, գրեթե նույնքան ավելի ծախսեր, հետևաբար՝ կստացվի, որ հները, փոքրերը չեն կարողանալու մրցակցել: Նմանները պետք է փոխեն իրենց մշակաբույսը՝ ընտրելով խիստ արժեքավոր մշակաբույսեր: Ելքը փոքրերի մասնագիտացումը փոխելն է, և հնարավորության դեպքում օրգանիկ արտադրություն զարգացնելը, ինչը բարդ է, բայց անհնարին չէ: 


Պաշտպանված գրունտի զարգացման առումով պետք է պետական հեռանկարային քաղաքականություն մշակվի՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ մեր սահմանամերձ տարածքներում կլիմայական պայմաններն առավել նպաստավոր են՝ էներգետիկ ավելի քիչ պահանջով: Ահավասիկ՝ Մեղրին, Տավուշը, որտեղ հնարավոր է ծածկած գրունտ զարգացնել նաև թաղանթապատ ջերմոցներում, հատկապես՝ կանաչեղենի արտադրության պարագայում: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացումը միտված է լինելու միայն արտահանմանը, ոլորտը պետք է զարգանա նաև Երևանից հեռու տարածքներում և դրանում մեծ դեր ունի պետությունը՝ իր մշակած ծրագրերով հասնելու այն բանին, որ խոշոր բիզնեսը կամ լուրջ միջոցներ տնօրինող կառույցներն իրենց ներդրումները կատարեն Երևանից ավելի հեռու գտնվող տարածքներում: