Նոյեմբեր 24 2016

Մեզ համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիական մշակույթ ներկրելը

Մեզ համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիական մշակույթ ներկրելը

Հայկական մոդելն արտահանվում է աշխարհի շատ երկրներ՝ ուսուցանելու,

թե ինչպես է հնարավոր փոքր երկրում ինովացիոն միջավայր ձևավորել՝ 

նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար:


Վերջին տարիներին ՏՀՏ ոլորտի զարգացումներն է ներկայացնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF)

տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


Սկիզբը տեխնոլոգիական երկիր ձևավորելու ներուժի գնահատումն էր


2016թ. հոկտեմբերը տեխնոլոգիաների ոլորտում նշանավորվեց կարևոր իրադարձությամբ. Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում պաշտոնապես բացվեց գերժամանակակից և ինժեներական սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կենտրոն: Այս կենտրոնի ստեղծումը նախատեսված էր դեռևս 5 տարի առաջ: Իսկ գաղափարի արմատները գալիս են դեռևս 2002թ.-ից, երբ Հայաստանը առաջին անգամ քայլ արեց՝ հասկանալու, թե արդյոք կարող ենք ձևավորել տեխնոլոգիական երկիր, արդյոք մեր հանրապետությունում կարող է լինել ոլորտ կամ ոլորտներ, որոնցով հնարավոր կլինի ստեղծել նորարարական լուծումներ մշակող կազմակերպություններ, և զարգացումն ամբողջապես տանել դեպի գիտելիքահենք տնտեսություն: 


Այդ ժամանակ ստեղծվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ընտրվեց ՏՏ ոլորտը, և հաջորդ տասը տարվա ընթացքում հիմնադրամը կառավարության, դոնորների և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ հետևողական աշխատանք էր տանում՝ հասկանալու, թե Հայաստանում կարող է լինել ոչ թե տեղային, այլ գլոբալ նշանակության ՏՏ ոլորտ: 


Արդյունքը հետևյալն է. ՏՏ աճը վերջին տարիներին առնվազն 25% է, այստեղ գործում են մեծ, ոչ միայն տարածաշրջանային այլև համաշխարհային մասշտաբի կազմակերպություններ: 


Հաջորդը խնդիրը՝ ընդգրկուն արդյունք ապահովելը


Երբ ունենք կայացած ու արագ զարգացող ոլորտ, ունենք շատ մեծ հաջողություններ, հաջորդը խնդիրը ընդգրկուն արդյունք ապահովելն է: Երկար քննարկումներից հետո հանգեցինք հետևյալ լուծման. պետք է առաջին հերթին փորձել օգտագործել ոչ միայն Երևանի ներուժը, այլև անհրաժեշտ է տարածվել ՏՏ-ից դեպի այլ բնագավառներ. ճարտարագիտություն, մաքուր տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական այլ ոլորտներ: Որոշում կայացվեց ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ մարզերում: 


Ներկայում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որոնցից 2-ը՝ ամերիկյան, 1-ը՝ ֆրանսիական, 1-ը՝ թայվանական և 18-ը՝ Երևանից: Պետք էր ապացուցել, որ դա ոչ թե տարածք է, որտեղ ընդամենը տեղափոխում ենք գործող կազմակերպություններին, այլ կարողանում ենք տեխնոլոգիական ներդրումներ բերել, իսկ դա նշանակում է ոչ միայն աշխատատեղեր, ոչ միայն գումար այլև մշակութային տեխնոլոգիական աճ: Քաղաքը բարձրացվեց նոր մակարդակի, որտեղ զարգացումները մեծ թափով շարունակվում են: Կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:


Հայաստանը՝ մոդել


Երևանով, հետո արդեն Գյումրիով՝ Հայաստանը ոչ միայն կարողացավ ապացուցել, որ ստացվում է, այլև դարձավ մոդել, ու այսօր հայկական մոդելն արտահանվում է աշխարհի շատ երկրներ՝ ուսուցանելու, թե ինչպես է հնարավոր փոքր երկրում ինովացիոն միջավայր ձևավորել նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար: 


Նոր սկիզբ՝ Վանաձորով


Գյումրիից հետո մյուս մեծ ընդգրկուն քայլը Վանաձորն էր: Դրանով կփորձենք դուրս գալ ՏՏ դաշտից: Առաջին անգամ փորձ կարվի մտնել ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների բնագավառ: Նախատեսվում է 2-3 տարվա ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում վերապատրաստել առնվազն 4000 մասնագետ: Կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր: 


Ինտեգրացված լուծումներից անցնում արտադրության


Փորձելու ենք առաձին ճարտարագիտական կազմակերպություններ ունենալ նաև մարզերում: Դա բավական բարդ խնդիր է. եթե ՏՏ ոլորտում համակարգիչ է պետք, ծրագրային փաթեթ և աշխատողներ, ապա այս ոլորտներում լուրջ ներդրումների կարիք կա՝ նյութերից, մասնագետներից մինչև հաստոցներ: 


Սրան կհետևի ինժեներական քաղաքի կառուցումը, որը կլինի ճարտարագիտության ամբողջ նկարի մի կարևոր մասը: Այստեղ կկարողանանք բերել զարգացած ճարտարագիտական կազմակերպություններին, բուհը՝ ի դեմս Պոլիտեխնիկի, որտեղ կունենանք որոշակի մասնագիտացումներ, որով և կկարողանանք ցույց տալ, որ Հայաստանը ինտեգրացված լուծումներից անցնում է դեպի արտադրություն: Որոշակի ուղղություններով երկրում կհիմնվի արտադրություն, ինչը տեխնոլոգիաների ամբողջ ոլորտի զարգացման հնարավորություն կտա: 


Կարծում ենք՝ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կարող է հինված լինել տեխնոլոգիական զարգացման վրա: 10 տարի առաջ անհավանական էր թվում, որ 10-20 ՏՏ կազմակերպություններ կարող են երկիր զարգացնել, այսօր արդեն 500 ՏՏ կազմակերպություններ և 100-200 ինժեներական կազմակերպություններ կարող են լինել ամբողջ տնտեսության շարժիչ ուժը: 


Մեզ համար շատ կարևոր է նոր տեխնոլոգիական մշակույթ ներկրելը երկիր: Մյուս կողմից՝ եթե մենք կարողանում ենք մեր մարզերում ապահովել նմանատիպ միջավայր, ապա պետք է մասնագետներ տեղափոխվեն այնտեղ, ինչպես ասենք՝ Գերմանիայից կամ ՌԴ-ից մասնագետներ են տեղափոխվել Վանաձոր, որպեսզի աշխատեն այնտեղի հաստոցների վրա: Դրանով, տնտեսական զարացումից զատ, կարող ենք երկրի համար լուծել հայեցակարգային մեծ խնդիր՝ ներգաղթը:

 

Տեխնոկենտրոնները՝ ներգաղթի խթանիչ


Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն: նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի տնտեսական կարևոր բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին՝ կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ: 


Առհասարակ՝ տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում ուղղորդիչ դեր և, ամենակարևորը, իրենց շուրջ ձևավորում են երիտասարդության համար գրավիչ և ուրույն միջավայր:


Երևանում ՁԻՀ նախաձեռնությամբ ստեղծվել են ուսումնական, ինովացիոն կենտրոններ


Կարևորելով շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կադրերի վերապատրաստումը, երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացումը և սկսնակ թիմերին ու ընկերություններին աջակցությունը՝ 2002թ. ի վեր Երևանում ՁԻՀ նախաձեռնությամբ ստեղծվել են ուսումնական, նորարարական մի շարք կենտրոններ: 


Այս համատեքստում պետք է նշել արդեն կայացած՝ ԵՊՀ-ում գործող հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և ANEL-ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ), որը լիարժեք ընդգրկված է համալսարանի կրթական գործընթացում՝ որպես պրակտիկ փորձարկումների ու հետազոտական աշխատանքների ժամանակակից հարթակ: 


Նոյեմբերի 10-ին կրկին ԵՊՀ տարածքում պաշտոնապես բացվեց նաև ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: Վերազգային կազմակերպությունների հետ համատեղ ստեղծվող համանման կենտրոնները, հատկապես տեղակայված լինելով բուհական միջավայրերում, նորարարական մշակույթ են ներմուծում Հայաստան: 


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցության շնորհիվ տարեկան պատրաստվում և վերապատրաստվում են ավելի քանի 3000 մասնագետներ, 50-ից ավելի կազմակերպություններ ստանում են աջակցություն, ներգրավում են ներդրումներ, այդ թվում՝ վենչուրային:


Տեխնոլոգիական մեծ շղթան եզրափակում են Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը. հայաստանյան տեխնոապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանը ավելի կամրապնդի իր դիրքը՝ որպես նորարարական երկիր: