Դեկտեմբեր 07 2016

1% գնաճ

1% գնաճ

Այն ուղեկցվել է ԱՄՆ դոլլարի նկատմամբ հայկական դրամի

հաշվարկային փոխարժեքի 0.7% աճով:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսօր՝ դեկտեմբերի 7-ին հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2016թ. հունվար-նոյեմբերին: 


ԱՎԾ գնահատմամբ՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1% գնաճ, որը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 2.8% գնաճով (ոգելից խմիչքն ու ծխախոտը ներառյալ՝ 2.5%): Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% նվազում:


2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 2.2%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 2.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.7%-ով, ծառայությունների սակագները՝ 0.9%-ով: 2015թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների նվազումը կազմել է 0.6%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 0.4%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 1.1%-ով:


Այս տարվա 11 ամսում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%՝ կրկնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: 2015թ. հունվար-նոյեմբերի համեմատ` սպառողական գները նվազել են 1.4%-ով: Ընդ որում՝ պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) նվազել են 3.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.4%-ով, ծառայությունների սակագները՝ աճել 2%-ով: 


Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 0.7-1.3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1%-ով: 


Նշենք, որ գործող մեթոդաբանության համաձայն` ԱՎԾ-ն հանրապետությունում գների դիտարկումն իրականացրել է նոյեմբերի 1-ին, 10-ին, 21-ին և դրանց մոտակա օրերին Երևան քաղաքում և հանրապետության մարզերի 10 բնակավայրերում՝ 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով:


Պարենային ապրանքների գներ


2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրված պարենային ապրանքների 2.8% գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի 28.5% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.2-28.5% գնաճ, 4-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 1-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 


Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 28.5% գնաճ: Հոկտեմբերի համեմատ աճել են սնկի՝ 2.7%, կարտոֆիլի՝ 3.6%, գլուխ սոխի՝ 5.4%, կանաչ սոխի՝ 9%, սխտորի՝ 9.8%, խառը կանաչեղենի` 23.9%, կանաչ պղպեղի՝ 37%, կանաչ լոբու՝ 37.7%, ծաղկակաղամբի՝ 38.9%, լոլիկի՝ 1.9 անգամ, վարունգի՝ 1.9 անգամ, սմբուկի 2.6 անգամ, գները: Միաժամանակ՝ կաղամբի գինը նվազել է 8.1%-ով, ճակնդեղինը՝ 8%-ով, գազարինը՝ 1.4%-ով: 


Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 16.8-37.4%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում այս ապրանքախմբի գներն աճել են 29.9%-ով: 


Միրգ ապրանքախմբում 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 17.7%, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ` 2.1% գնաճ: Հոկտեմբերի համեմատ արձանագրվել է տանձի՝ 8.8%, դեղձի՝ 18.2%, խնձորի՝ 20.9%, խաղողի 36.1% գնաճ: Դրան զուգընթաց՝ մանդարինի գինը նվազել է 27.8%-ով, կիտրոնինը՝ 15.4%-ով, նռանը՝ 12.2%-ով, նարնջինը՝ 11.5%-ով, արքայանարնջինը՝ 10.3%-ով, ընկույզի միջուկինը՝ 4.4%-ով, ադամաթզինը՝ 2.5%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-12.3%-ով, և ամենաբարձր գնաճը եղել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.9%-ով: 


Շաքարավազի հանրապետական միջին գինը նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.8%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 1.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում  նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է շաքարավազի 0.3-6.5% գնաճ: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.9%-ով: 


Կաթնամթերքի գինը 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.6%-ով: Վերջինը մեծապես պայմանավորվել է «Չանախ», «Չեդեր», տնական պանրատեսակների՝ համապատասխանաբար 2.%, 2.4% և 4.9% հավելաճով: 


Ձկնամթերք ապրանքախմբում 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի նկատմամբ՝ 1.4% գնաճ: Վերջինը հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2% գնաճով: 


Կենդանական և բուսական յուղեր ապրանքախմբում նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում, նախորդ ամսվա նկատմամբ՝  1.3% գնաճ: Վերջինը մեծապես պայմանավորվել է կարագի 3.4% գնաճով: 


Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2%, այլ մթերքի՝ 0.4% գնաճ: 


Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերի համեմատ աճել է 10.2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ նվազել 0.7%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում հոկտեմբերի համեմատ ձվի գինը նվազել է 3.4-0.4%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան և Եղեգնաձոր քաղաքներում), իսկ 3-ում եղել է 0.5-1.8% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 0.7%-ով: 


2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 1.5%, հացամթերքի՝ 0.2%, մսամթերքի 0.1% գնանկում, իսկ սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 


Ոչ պարենային ապրանքների գներ


2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրված 0.2% գնանկումը հիմնականում պայմանավորվել է լվացող միջոցների՝ 2.4%, անձնապիտո ապրանքների՝ 1.7%, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գեղահարդարման, այգեգործական ապրանքների՝ 1%, կահույքի՝ 0.6%, շինանյութերի՝ 0.4%, դեղամիջոցների 0.2% գնանկումով: Միաժամանակ՝ հանրապետությունում արձանագրվել է տեքստիլեղենի՝ 0.1%, գորգեղենի՝ 0.3%, խոհանոցային սպասքի՝ 0.4%, վառելիքի` 0.5%, ոսկերչական ապրանքների՝ 0.8%, հագուստի և գործվածքի, գրենական պիտույքի՝ 0.9%, մշակույթի ապրանքների 2.6% գնաճ: 


Բենզինի և դիզելային վառելիքի գները 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, նվազել են՝ համապատասխանաբար 3.5%-ով և 2.9%-ով, 2015թ. նոյեմբերի համեմատ՝ 15.8%-ով և 21.8%-ով, 015թ. դեկտեմբերի համեմատ` 15.2%-ով և 21.4%-ով:


Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշը՝ ք. Վանաձորում), 3-ում արձանագրվել է 0.2-0.4% գնաճ, իսկ մյուս 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով: 


Ծառայությունների սակագներ


Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սակագների 0.2% նվազումը մեծապես պայմանավորվել է տրանսպորտի՝ 2.5% (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 8.4% նվազման հետ), մշակույթի ոլորտի՝ 0.9%, ծառայությունների սակագների նվազմամբ: Բուժսպասարկման և հանրային սննդի ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով: Միաժամանակ՝ աճել են կենցաղային բնույթի և հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.2%-ով և 1.3%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 


Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 0.4-0.1% նվազում, իսկ 1-ում՝ 0.1% հավելաճ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով: 


Արտարժույթի շուկա


2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1% և 0.7% հավելաճ (ԱՄՆ դոլլարն արժեվորվել է): 


2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի նվազումը կազմել է՝ համապատասխանաբար 2.2% և 0.9%: 2015թ. նոյեմբերին սպառողական գների ընդհանուր մակարդակի 1.8% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 3.6% հավելաճով: 


2016թ. նոյեմբերին ԱՄՆ դոլլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.5 դրամ, ինչը 2015թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (480.1 դրամ) ցածր է 0.3%-ով: